Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՀԱԿԻ» ԳՈՐԾԸ ՀԵՇՏԱՑՆՈՒՄ ԵՆ

Հոկտեմբեր 22,2003 00:00

«ՄԱՀԱԿԻ» ԳՈՐԾԸ ՀԵՇՏԱՑՆՈՒՄ ԵՆ ԱԺ-ն երեկ քննարկեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը փոփոխելու օրինագիծը: «Տպավորություն ունեմ, որ այս նախագծով փորձ է արվում սրբագրել այն անօրինականությունները, որոնք կատարել է ՀՌԱՀ-ը «Ա1+»-ի եւ «ՆՏ»-ի կապակցությամբ»,- ասաց Վիկտոր Դալլաքյանը: Շավարշ Քոչարյանը մատնանշեց այդ տպավորությունը հաստատող օրինակներ: Ասենք՝ ՀՌԱՀ-ը ոտնահարում էր բոլոր ազատ հաճախությունների միաժամանակյա մրցույթ անցկացնելու մասին օրենքի պահանջը, իսկ այս փոփոխությամբ սահմանվում է, թե պարտադիր չէ նման մրցույթը: Այս նախագծով նաեւ վերացվում են այնպիսի արգելքներ, որոնք ընդունված է համարել ազգային անվտանգության առումով կարեւոր: Հետեւելով ԵԽ փորձագետների առաջարկներին՝ կոալիցիան համաձայնել է, որ օտարերկրացիները կարող են հեռուստաընկերություններում 50%-ից ավելի բաժնեմաս ունենալ, եթե դա սահմանված է միջպետական պայմանագրով: Շավարշ Քոչարյանը ենթադրեց, որ Գաֆեսճյանը, որը մասնաբաժին ունի մի քանի հեռուստաընկերություններում՝ երեւի «հիմա ցանկանում է ունենալ ոչ թե 49%, այլ 55 կամ 70»: Բացի այդ՝ վերացվում է նաեւ այն արգելքը, թե կրոնական կազմակերպությունները չեն կարող լինել հեռուստառադիոընկերությունների հիմնադիր: Նշելով, թե այս արգելքի վերացումը կարող է հանգեցնել շատ անցանկալի զարգացումների՝ Արամ Գասպարի Սարգսյանը ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանին, որն այս օրինագիծը քննարկելիս հանդես եկավ հարակից զեկուցմամբ՝ հարցրեց, թե արդյոք դիտարկո՞ւմ են այն ալիքները, որոնցով ընթանում է բացարձակ հոգեորսություն. «Դուք նրանց նկատմամբ ավելի լիբերալ եք եւ շատ ավելի խիստ՝ «Ա1+»-ի եւ «ՆՏ»-ի նկատմամբ»: Ամալյանը պատասխանեց, թե ինքն ԱԺ-ում հանդես է գալիս որպես կառավարության ներկայացուցիչ՝ ոչ ՀՌԱՀ նախագահ, ուստի չի պատասխանի հարցին: Նշենք, որ վարչապետի գրության մեջ նշված չէր, թե Ամալյանը կառավարության լիազոր ներկայացուցիչն է: Եվ Արամ Սարգսյանն էլ տեղին նկատեց, թե ինչպե՞ս կարող է նա կառավարության ներկայացուցիչը լինել, եթե «անկախ հանձնաժողովի նախագահ է»: Օրինագծի առնչությամբ միայն մեկ ելույթ եղավ, եւ «Արդարության» անունից Շավարշ Քոչարյանն ասաց. «Ինչքա՞ն կարելի է տարիներ շարունակ եվրոպական բոլոր պատվիրակություններին ասել՝ հիմա՛ «Ա1+»-ը կապուղի կստանա, հիմա՛ կստանա եւ ամեն անգամ, համառորեն, ցանկացա՛ծ մրցույթի ժամանակ «Ա1+»-ը դուրս մղել: Տվյալ պարագայում՝ ավելի ենք հեշտացնում մահակի այդ գործառույթը, որ դրված է այս հանձնաժողովի վրա»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել