Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ն ՈՒԺԱՅԻՆ ՆՈ՞Ր ԿԱՌՈՒՅՑ Է ՈՒԶՈՒՄ

Հոկտեմբեր 22,2003 00:00

ՀՅԴ-Ն ՈՒԺԱՅԻՆ ՆՈ՞Ր ԿԱՌՈՒՅՑ Է ՈՒԶՈՒՄ Դաշնակցականները նախ ցանկանում էին գլխավորել ոստիկանությունը: Հետո նրանք սկսեցին խոսել կոռուպցիայի դեմ պայքարի առանձին մարմնի մասին: Իսկ այժմ էլ ՀՅԴ-ն փորձում է ստեղծել ուժային նոր մարմին՝ «Ահաբեկչության դեմ պայքարի հանրապետական շտաբ»: Այս մարմնի ստեղծումը նախատեսվում է «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքի նախագծով, որը երեկ քննարկվեց խորհրդարանում: Թեեւ օրենքի նախագծի ներքո կոալիցիայի մյուս ուժերի ներկայացուցիչ պատգամավորներն էլ էին ստորագրել, սակայն օրինագիծը ներկայացնում էր հատկապես ՀՅԴ խմբակցության քարտուղարը: Թերեւս այս միջոցով Դաշնակցությունը փորձում էր պատասխան տալ այն մեղադրանքներին, թե այս կուսակցությունն ահաբեկչությունն ընդունում է իբրեւ գործելակերպ: Իսկ նման մեղադրանքը հիմնվում է ՀՅԴ գործիչների իսկ հայտարարությունների վրա, թե Դաշնակցության համար հեղափոխական գործ է եղել եւ մնում ահաբեկչությունը: Նշենք նաեւ, որ «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրինագծի քննարկման ժամանակ նիստը վարում էր ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, որը ժամանակին մեղադրվում էր ահաբեկչական գործողության նախապատրաստման մեջ: Սակայն փորձենք փոխանցել, թե ինչ է նախատեսվում օրենքի այս նախագծով: Եթե այն գործեր սրանից ուղիղ 4 տարի առաջ՝ 1999-ի հոկտեմբերի 27-ին, Ռոբերտ Քոչարյանը չէր կարողանա Նաիրի Հունանյանին խոստանալ, թե կենդանի է մնալու, քանի որ այս օրինագծով սահմանվում է, թե ահաբեկչության դեմ պայքարի հիմնական սկզբունքներից է «ահաբեկչին նվազագույն զիջումներ կատարելը»: Ռոբերտ Քոչարյանն ընդհանրապես օրինական հիմք չէր ունենա բանակցելու ԱԺ-ն գրաված հանցախմբի հետ, քանի որ այս նախագծով նախատեսվում է. «Հակաահաբեկչական գործողության ղեկավարումն իրականացնում է ահաբեկչության դեմ պայքարի հանրապետական շտաբը», եւ բացի այդ՝ «Ահաբեկիչների հետ բանակցություններ կարող են վարել միայն ահաբեկչության դեմ պայքարի հանրապետական շտաբի ղեկավարի կողմից հատուկ լիազորված անձինք»: Ուժի մեջ լիներ «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքը 4 տարի առաջ՝ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի գործողությունները կլինեին օրենքի ուղղակի թելադրանքը, քանի որ հակաահաբեկչական գործողություններ իրականացնող անձինք իրավունք ունեն «անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել փողոցներում եւ ճանապարհներին տրանսպորտային միջոցների եւ հետիոտների երթեւեկությունը ժամանակավոր սահմանափակելու կամ արգելելու»: Զուգահեռները կարելի է շարունակել: Սակայն հեղինակներից մեկը՝ Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, թե օրենքի ստեղծմանը ձեռնամուխ են եղել ոչ թե «հոկտեմբերի 27»-ից, այլ «սեպտեմբերի 11»-ից հետո: Հենց միջազգային ահաբեկչության այդ դրսեւորումից հետո մեր խորհրդարանականները որոշեցին ստեղծել ահաբեկչության դեմ պայքարի մշտական գործող հանրապետական շտաբ, որը պետք է համակարգի «ահաբեկչության դեմ պայքարի իրականացման գործընթացում պետական մարմինների գործունեությունը» եւ նաեւ հանձնարարականներ տա «ահաբեկչությանը նպաստող պատճառների եւ պայմանների» բացահայտման եւ վերացման մասին: Բացի այդ՝ կարող են ստեղծվել «ահաբեկչության դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանումներ»: Նշենք, որ այդպես էլ սպառիչ պատասխան չստացավ մի շարք պատգամավորների հարցը, թե ի՞նչ անհրաժեշտություն կար նման առանձին մարմին ստեղծելու, մի՞թե բավական չեն ազգային անվտանգության մարմինները կամ ոստիկանությունը: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն անգամ պնդեց, թե աշխարհում գոյություն չունի նման հատուկ մարմին եւ ակնարկեց, թե Ազգային Անվտանգության ծառայությանը զուգահեռ նոր ուժային կառույց են ստեղծում, քանի որ մեր երկրում բոլորն այդ կառույցներում են ցանկանում աշխատել, եւ ոչ՝ ասենք, մշակույթի ոլորտում: Ենթադրություններ եղան, թե այս շտաբը պարապ է մնալու եւ գուցե զբաղվի «Արդարության» հանրահավաքի մասնակիցների նկատմամբ հակաահաբեկչական գործողություններ իրականացնելով: Ենթադրությունը հայտնեց Աղասի Արշակյանը, որը նաեւ նշեց, թե մեր երկրում կարծես ահաբեկչության ալիք չի սպասվում՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի կամ Իսրայելի պես չի վիճակը՝ ավելի հանգիստ է, եւ այս օրինագիծը միայն տուրք է ահաբեկչության դեմ պայքարի «միջազգային մոդային»: ԱԱԾ պետի տեղակալ Գրիգորի Գրիգորյանն, ըստ էության, ակամա հաստատեց այս ենթադրությունը, նշելով, թե վերջին շրջանում բոլոր երկրներում էլ մեծ քանակությամբ ուժեր եւ միջոցներ են տրամադրվում հակաահաբեկչական պայքարին եւ չարժե, որ Հայաստանը լինի այդ «գործընթացի պոչում»: Կոչեր եղան ավելի հստակ սահմանել, թե ովքեր են ահաբեկիչները եւ որոնք են ահաբեկչական գործողությունները, այլապես այս օրենքով սահմանվող հասկացություններից հետեւում է, թե Սողոմոն Թեհլերյանն էլ է ահաբեկիչ: Վահան Հովհաննիսյանն այս կապակցությամբ մեջբերեց կոնգրեսական Շինկուսի սահմանումը, թե ահաբեկչությունն այն գործողությունն է, որի թիրախը քաղաքացիական խաղաղ դեմքերն են: Ըստ նրա՝ այս ձեւակերպումն օրենքում փոխառելու պարագայում Թեհլերյանը չի համարվի ահաբեկիչ, քանի որ Թալեաթը քաղաքացիական անձ չէր: Ներկա լրագրողներից մեկն անմիջապես նկատեց, թե նման ձեւակերպմամբ գուցե Նաիրի Հունանյանն էլ ահաբեկիչ չհամարվի, քանի որ Վազգեն Սարգսյանն էլ պաշտպանության նախկին նախարարն էր: Սակայն հնարավոր չեղավ այս հարցի առնչությամբ մեկնաբանություններ ստանալ պրն Հովհաննիսյանից: Իսկ նրա ելույթում այլ դրույթներ էլ կային, որ կարոտ են մեկնաբանության: Մասնավորապես՝ նշեց, թե այս օրենքը հրատապ է դարձել Ադրբեջանի նախագահի ընտրությունից հետո, քանի որ ակտիվանալու են բանակցությունները. «Իսկ դուք գիտեք, թե հիմնականում ում են ահաբեկիչ որակում մեր հարեւանները, եւ մենք պետք է դրա դեմ արդեն հիմիկվանից ստեղծենք շատ հստակ պատնեշներ»: Որքան տեղյակ ենք՝ Հայաստանի օրենքները չեն գործում Ադրբեջանի տարածքում: Իսկ գուցե ԱԺ փոխնախագահն ա՞յլ համոզման է: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել