Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՈՒԲԱՅՍԸ ԵԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ»

Հոկտեմբեր 22,2003 00:00

ՉՈՒԲԱՅՍԸ ԵԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ» Ենթադրվում է, որ Որոտանի կասկադը նույնպես տրվելու է ռուսներին Ըստ մեր ոչ պաշտոնական աղբյուրների, օրերս Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ զրույցում Ռուսաստանի «Աջ ուժերի միության» համանախագահ, «Ռուսաստանի միասնական էներգահամակարգեր» (PAO-ժնհ) բաժնետիրական ընկերության ղեկավար Անատոլի Չուբայսը «գլուխն է գովացել»՝ «Վերցրել եմ Վրաստանը, գնում եմ՝ Հայաստանն էլ վերցնեմ»։ Կարելի է արձանագրել, որ Չուբայսն իրավացի է, եթե նրա գլխավորած ընկերությանն ենք հանձնել կարեւոր ռազմավարական նշանակություն ունեցող ատոմակայանը եւ էներգահամակարգերի մեծ մասը, նշանակում է՝ մարդն այնքան էլ չէր չափազանցնում, այլ արձանագրում էր փաստը։ Այսօր Անատոլի Չուբայսը ժամանելու է Երեւան, պաշտոնական աղբյուրներն այս այցի մասին ինֆորմացիա գրեթե չեն հաղորդում։ Գուցե հենց այս այցով է սկսվում Հայաստանի «գրավումը» Չուբայսի կողմից, մանավանդ նա դատարկաձեռն չի եկել եւ իր շքախմբում 16 լրատվամիջոցների ներկայացուցիչներ ունի։ Կամ այցը զուտ ցուցադրական է, նախընտրական (Չուբայսն ուզում է Աջ ուժերի միության քարոզչության մեջ առնել նաեւ Հայաստանը), կամ էլ՝ իրոք, Հայաստանի էներգահամակարգում «ֆազն ու նոլը» գտնելու։ Նախ Չուբայսի այցի հնարավոր քաղաքական ենթատեքստի մասին։ Առաջիկայում սպասվում են ՌԴ Պետդումայի ընտրությունները, աջերը լուրջ նախապատրաստական գործունեություն են ծավալել։ Իրենց ցուցակում կունենան մոտ 225 մարդ։ Սա ամենահարուստ քաղաքական ուժերից է Ռուսաստանում։ Աջ ուժերի միության համանախագահի եկամուտը 2002-ին կազմել է 29 մլն 785 հազար 136 ռուբլի, նրա հաշվի համարին չորս բանկերում 45 մլն ռուբլի կա։ Այն դեպքում, երբ կուսակցության առաջնորդի՝ Բ. Նեմցովի եկամուտը կազմել է 1 մլն 250 հազար 667 ռուբլի, իսկ «Ալֆա» բանկում նա ունի 10 մլն ռուբլի։ Ցուցակը, իհարկե, կարելի է շարունակել։ Օրինակ, ասել, որ այդ ուժերի միության նախընտրական հիմնադրամի հաշվին կա 38 մլն 750 հազար ռուբլի, որից 23 միլիոնի կարգի գումար ծախսված է։ Աղքատ չեն նաեւ այդ կուսակցության լիդերները։ ՌԴ նախկին նախարար Անատոլի Չուբայսը 1992-ին բավականին փորձ կուտակեց Ռուսաստանի պետական ունեցվածքը մասնավորեցնելու ճանապարհին։ Հայաստանյան եզրաբանությամբ, «լափված մազութը» բազմապատկելու նկատառումներով նա դուրս եկավ ԱՊՀ միջավայր՝ իրար ետեւից իրենով անելով ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Վրաստանի, Հայաստանի եւ ԱՊՀ մյուս երկրների էներգահամակարգերը։ Դեռեւս սեպտեմբերին Ա. Չուբայսը հայտարարել էր, որ իր գլխավորած ընկերությունը «նախահարձակ պլաններ» (ձեւակերպումն իրենն է) ունի. «մենք Ռուսաստանի սահմանակից 14 պետություններում վերականգնել ենք աշխատանքի միաժամանակյա ռեժիմը։ Մոսկվայում յուրաքանչյուր էլեկտրալամպ աշխատում է էլեկտրական հոսանքի նույն հաճախականությամբ, ինչ Թբիլիսիում, Աշխաբադում, կամ Վիլնյուսում»,- պարզաբանել է Անատոլի Չուբայսը։ Մեր խնդիրն է, իհարկե, Հայաստանի էներգահամակարգի ճակատագիրը եւ շեքսպիրյան հարցը՝ կթանկանա՞ն էլեկտրաէներգիան, գազը, ջուրը։ Թբիլիսիում հույս ունեն, համենայնդեպս, «Ռուսաստանի միասնական էներգահամակարգեր» բաժնետիրական ընկերությունը վստահեցնում է, որ էլեկտրաէներգիայի սակագները Վրաստանում կարող են նվազել։ Այս մասին արված հայտարարությունները դեռեւս մնում են սոսկ որպես հայտարարություն։ Սակայն սեպտեմբերին արված մեկ այլ հայտարարություն՝ Հրազդանի ՋԷԿ-ի, Հայկական ատոմակայանի եւ ՍԵւան-Հրազդան կասկադի հինգ հիդրոէլեկտրակայանների ձեռքբերման մասին նույն Չուբայսն արդեն գրեթե իրականություն է դարձրել։ Ըստ մեր տվյալների այսօրվա այցի շրջանակներում նա կսկսի նաեւ Որոտանի կասկադն իրենով անելու գործընթացը։ Այսպիսով «PAO-ժնհ»-ն, այսինքն՝ Անատոլի Չուբայսը կտիրանա Հայաստանի ամբողջ էներգահամակարգին (կմնա միայն Երեւանի ՋԷԿ-ը)։ Դատելով գործընթացների տրամաբանությունից, Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի նվազում չի սպասվում, հակառակն ավելի ռեալ է։ Կոալիցիան ինքն էլ կարգին գլուխ չհանելով ստեղծված իրավիճակից՝ զմիմյանս հակասող բաներ է ասում էլեկտրաէներգիայի սակագների սպասվող բարձրացումների մասին։ Բայց ինչպե՞ս կարող է մեկը խոսել չունեցած բանի մասին՝ ո՛չ էներգահամակարգն է կոալիցիայինը, ո՛չ էլ սակագների կարգավորման իրավունքը։ Որքան էլ վարչապետը խոսի անկախ հանձնաժողովից սպասելիքների մասին, պարզ է մի բան՝ երաժշտության պատվիրատուն միշտ էլ հարուստ ազգականն է լինում, այս դեպքում՝ նա, ով մեզնից վերցրել է էներգահամակարգերը։ Սեպտեմբերին Չուբայսը հայտարարեց, թե մինչեւ տարեվերջ կայցելի Հայաստան, որպեսզի «լուծի բոլոր հարցերը»։ Կարծում ենք, այսօրվա այցով հարցը չի փակվի եւ Չուբայսը դեռ էլի կգա Հայաստան։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել