Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵՑ «ԹԱՄԱՐ ՏԱՏԻԿԻՆ»

Հոկտեմբեր 21,2003 00:00

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵՑ «ԹԱՄԱՐ ՏԱՏԻԿԻՆ» Երեկ մեր իշխանության ներկայացուցիչները հերթական ժապավենը կտրեցին։ Այս անգամ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը՝ «Արմ-պրոդ էքսպո 2003» ցուցահանդեսինը։ Կազմակերպիչների հետ խոսակցություններից Ա. Մարգարյանը պարզեց, որ այս անգամ ցուցահանդեսին մասնակից ընկերությունների թիվը, նախորդ տարիների համեմատությամբ, ավելացել է։ Այնուհետեւ վարչապետը հերթով մոտեցավ ցուցասրահներին, կազմակերպությունների ներկայացուցիչներից հետաքրքրվեց պրոբլեմներով ու հանձնարարություններ տվեց իր հետ ժամանածներին։ «Գրանդ տոբակոյի» տաղավարին մոտենալով, ծխախոտների տեսականին գովազդող աղջկա հարցին, թե վարչապետն ի՞նչ կնախընտրի ծխել, Ա. Մարգարյանը պատասխանեց. «Որը լավն է՝ այն էլ հյուրասիրեք»։ Փոխարենը հյուրասիրությունից հրաժարվեց ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի չծխող նախարար Վարդան Խաչատրյանը։ Ի թիվս այլ տաղավարների, Ա. Մարգարյանը եղավ նաեւ «Թամար տատիկ» անունը կրող տաղավարում, որը վարչապետին ներկայացավ իր չորացած մրգերի տեսականիով։ Ամփոփելով «Արմ-պրոդ էքսպո 2003» ցուցահանդեսը, թե Մարգարյանը եւ թե գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը հատկապես կարեւորեցին այն, որ տեղական արտադրության ապրանքների արտահանման ծավալները միջազգային շուկայում տարեցտարի ավելանում են։ Դ. Լոքյանի հրապարակած թվերի համաձայն, նախորդ տարվա համեմատությամբ 15 անգամ ավելացել է պանրի արտահանումը. «Անցյալ տարի ՀՀ-ից արտահանվել է 51 տոննա պանիր, այս տարի՝ 871 տոննա։ Երեք անգամ մեծացել են ձկնեղենի արտահանման ծավալները, ավելացել է նաեւ երշիկի, հավկիթի, մսի պահածոյի, կաթի փոշու արտահանումը»։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել