Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում ես, բայց չես կարող»

Հոկտեմբեր 21,2003 00:00

«Ուզում ես, բայց չես կարող» Երգում էին «Միսս ստրիպ-2003» մրցույթի տապալումից առաջ Նախօրոք հայտարարված հայ ստրիպ-պարուհիների մրցույթը, որ կազմակերպել էր «Դվին» հյուրանոցի ստրիպ-ակումբը, հոկտեմբերի 18-ին չկայացավ։ Թեեւ ստրիպ-ակումբի տնօրեն Ռիտա Հարությունյանը «Առավոտին» տեղեկացրել էր («Առավոտ», 14.10.03 թ.), որ հրավիրել են երեւանյան 18 գիշերային ակումբների 36 պարուհիների։ Նրա խոստացած հեղինակավոր ժյուրին, որ իբր պետք է բաղկացած լիներ պարարվեստի հայտնի մասնագետներից ու գլխավորվեր իրավաբանի կողմից, իրականում այլ կազմ ուներ։ «Միսս ստրիպ-2003» մրցույթի ժյուրիի նախագահը մրցույթի հովանավոր «Գրեյթ Վելլի» ընկերության նախագահ Լեւոն Արզաքանցյանն էր։ Նրանից բացի, աղջիկների պարը պետք է գնահատեին կանացի ներքնազգեստի «Նեգա» խանութի ներկայացուցիչ Եղիշ Մշեցյանը, Պապին Գրիգորյանը, անգամ երգչուհի Մայա Մարգարյանը եւ «պարզապես Հռիփսիմեն»։ Կազմակերպիչները ափսոսացին, որ Մայա Մարգարյանը «ինչ-ինչ պատճառներով բացակայում է եւ չի կարող անդամակցել ժյուրիին»։ Մրցույթը 22.30-ի փոխարեն սկսվեց 23.30-ին։ Ելույթ ունեցան անհայտ երգիչ-երգչուհիներ, որոնք շոուն վարողի կողմից ներկայացվեցին «մեծատաղանդ, շնորհալի, բոլորի կողմից սիրված ու ճանաչված»։ Նույնիսկ հանդիսատեսի խնդրանքով (մեր կարծիքով՝ ժամանակ ձգելու համար) որոշ երգեր կրկնվեցին։ Ցավոք, դրանք հիմնականում արեւելյան մուղամների «հայացված» կրկնօրինակումներ էին, որոնք աչքի էին ընկնում յուրօրինակ տեքստերով։ «Գիտեմ, ուզում ես, բայց չես կարող», «անձրեւ, մի արի, հոգուս սերը մի մարի» եւ նման այլ տողերով «ճանաչված» երգչուհիները ձանձրացրին ստրիպ-պարուհիներին տեսնելու անհագ ցանկությունից նյարդայնացած հանդիսատեսին։ Սակայն ստրիպ- պարուհիներն ուշանում էին, փոխարենը դարձյալ «հանդիսատեսի խնդրանքով» ինչ-որ հումորիստ տասնամյակների վաղեմության անեկդոտներ էր պատմում, դահլիճն էլ համառորեն չէր ծիծաղում։ Պարզունակ, միջին դպրոցական տարիքի երեխաների հավաքույթներից հայտնի «շատ հետաքրքիր» խաղեր էլ խաղացին։ Օրինակ, երկու տղամարդկանցից ո՞վ ավելի շուտ «տրուբչկայով» կխմի 1 շիշ գարեջուրը։ Գիշերվա ժամը 3-ին վերջապես ձողին մոտեցավ առաջին ստրիպ- պարուհին, որը մթության մեջ համարյա չէր երեւում։ Այնուհետեւ եւս 5 ելույթ եղավ։ Ի դեպ, ստրիպ-պարուհիներից ոչ մեկը չներկայացվեց (մեզ եւս չհաջողվեց նրանց բացահայտել, որովհետեւ ինքը՝ ժյուրիի նախագահն էլ տեղյակ չէր, թե ում է գնահատելու)։ Մի քանի ելույթից հետո միկրոֆոնին մոտեցավ ստրիպ-բարի տնօրեն Ռ. Հարությունյանը եւ ներողություն խնդրելով խոստովանեց, որ Երեւանում քիչ են հայ ստրիպ-պարուհիները։ «Բարով եք եկել մեր կլուբը, բայց ես մի շատ վատ նորություն ունեմ։ Քանի որ հրավիրված քչերից 4-5 հոգի են եկել, ես մրցույթ չեմ կազմակերպում, ուղղակի շոու եմ տալիս բոլորիդ ուրախացնելու համար»,- շփոթված ասաց նա։ Ժյուրին, սակայն, այլ սպասելիքներ ուներ մրցույթից։ Պետք է ընտրվեր «Միսս ստրիպ Հայաստան-2003»-ը, որպեսզի ուղարկվեր Հունաստան՝ մասնակցելու այնտեղ անցկացվող շքեղ ստրիպ-շոուին։ Մրցույթի սկզբում «Առավոտը» փորձեց պարզել ժյուրիի նախագահ Լ. Արզաքանցյանի՝ ստրիպ-մրցույթը հովանավորելու նպատակը։ «Որպեսզի լավ մարդիկ գան սենց տեղեր ու մոտիկից ծանոթանան մեր «Գրեյթ Վելլի» կոնյակներին»,- ասաց նա։ Նա տեղեկացրեց, որ նման միջոցառումներ հովանավորել է նաեւ Մոսկվայում, չհաշված Կրեմլում կազմակերպված լատինամերիկյան պարերի մրցույթը։ Հայուհիների ստրիպտիզին պրն Արզաքանցյանը նորմալ է վերաբերում, վստահ, որ հայկական մենթալիտետը դրան չի խանգարում. «Հայ մշակույթն ու ստրիպտիզը ծայրահեղությունից ծայրահեղություն են։ Բայց նման միջոցառումներն էլ են մարդկանց հետաքրքրում»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել