Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈՒՆՈՇԵՎԻՆ ՄԵՐԺԵՑԻՆ 14 ԱՆԳԱՄ

Հոկտեմբեր 21,2003 00:00

ՅՈՒՆՈՇԵՎԻՆ ՄԵՐԺԵՑԻՆ 14 ԱՆԳԱՄ «Հոկտեմբերի 27» քրեական գործի դատաքննության ժամանակ մեկ հայտարարությամբ եւ 14 միջնորդություններով հանդես եկավ տուժող Վազգեն Սարգսյանի իրավահաջորդ Արամ Սարգսյանի շահերի ներկայացուցիչ Օլեգ Յունոշեւը։ Տուժողի իրավահաջորդ Արամ Սարգսյանի հայտարարության մեջ մասնավորապես ասված է, որ «դատավարությունը չի կատարել իր առաքելությունը եւ վերածվել է ֆարսի»։ Հայտարարության մեջ նշվում էր նաեւ. «Ունենալով նախաքննության վրա ներազդելու, այն ուղղորդելու, նույնիսկ ահաբեկիչների նկատմամբ ճնշում գործադրելու հնարավորություններ, ես ձեռնպահ եմ մնացել նման գործելաոճից։ Ես անկեղծորեն ցանկացել եմ, որ իրենց Վազգեն Սարգսյանի ընկեր համարող բարձրաստիճան իշխանավորները եւ առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանը, ի հակառակ հասարակության պնդումների, հնարավորություն ունենային ապացուցելու, որ իրենք մեղսակից չեն ոճրագործությանը։ Սակայն անցած երկու տարիներն ապացուցեցին, որ իշխանությունները ոչ միայն չփարատեցին հասարակության կասկածները, այլեւ համապարփակ ճնշում գործադրեցին դատարանի եւ դատախազության վրա՝ ոճրագործության բացահայտումը պարտակելու ակնհայտ նպատակով»։ Այս ձեւակերպմանը իր անհամաձայնությունը արտահայտեց մեղադրող Գագիկ Ավետիսյանը՝ նշելով, որ իրենք պատվեր չեն կատարում եւ ճնշման տակ չեն: Ըստ պրն Ավետիսյանի, արդարադատության վրա որեւէ մեկը ազդելու ֆունկցիա չունի, առավել եւս՝ վարչապետը։ Երեկվա դռնբաց նիստին բացի լրագրողներից հետեւում էր առնվազն 110 քաղաքացի։ Նրանցից ոստիկանները ստուգումների ժամանակ առգրավեցին մեկ խաչ, երկու մկրատ, մեկ դանակ-հուշանվեր։ Անմասն չմնաց նաեւ Օլեգ Յունոշեւը։ Նա այս անգամ դատարան էր եկել Ռուսաստանի եռագույն դրոշով։ Նա կամովին հանձնեց այն, քանի որ սրածայր մետաղի ձողին էր ամրացված։ Օլեգ Յունոշեւը նախ միջնորդեց կանչել այն քննիչներին, որոնց նկատմամբ քրեական գործ կա հարուցված, եւ որը, ըստ իր տեղեկությունների՝ կարճվել է, որպեսզի ճշտվի, թե ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումներ գործադրվե՞լ են ամբաստանյալների նկատմամբ։ Մեղադրող Գագիկ Ավետիսյանը առարկեց միջնորդությանը, քանի որ Օ. Յունոշեւը «վերահսկողություն է իրականացնում մեկ այլ նախաքննության մարմնի նկատմամբ»։ Հետեւեց Օ. Յունոշեւի մեկ այլ միջնորդություն։ Նա ներկայացրեց ՌԴ ՆԳՆ հատուկ բանակի սպաների ասոցիացիայի դատաձգաբան («Վիտյազ» խմբի) Անդրեյ Կուզովնիկովի եզրակացությունը՝ կապված ոճրագործության իրականացման հետ։ Ըստ Կուզովնիկովի եզրակացության, ահաբեկիչները անցել են հոգեբանական, մարտական պատրաստվածություն, ինչը հնարավոր չէր առանց հատուկ ծառայությունների։ Նա գտել էր, որ «դրսից են ղեկավարվել գործողությունները»։ Յունոշեւը միջնորդում էր, որ այս փաստաթուղթը կցվի սույն քրեական գործի նյութերին եւ եթե անհրաժեշտություն առաջանա՝ կապված պարոն Կուզովնիկովի եզրակացության հետ, նա պատրաստ է Հայաստան գալ, պատասխանել հարցերին։ Մեղադրող Գագիկ Ավետիսյանը պահանջում էր հղում անել, թե ո՞ր հոդվածով է Օ. Յունոշեւը առաջնորդվում եւ ի՞նչ հանգամանքների հետ կապված նա պետք է ներկայանա դատարան։ Միջնորդություններից մեկը կապված էր «Առավոտ» թերթում հոկտեմբերի 17-ին տպագրված Ալիկ Հարությունյանի հետ հարցազրույցին, որտեղ նա այն միտքն էր արտահայտել, թե ուզում է դատարան գալ, սակայն դատարանը հնարավորություն չի տալիս հանդես գալու։ Ամբաստանյալ Նաիրի Հունանյանը եւս կարեւորեց Ալիկ Հարությունյանին դատարանը կանչելը, գտնում էր, որ նա բանակցությունների մասնակից էր եղել եւ առանց նրան լսելու, իրականում ինչ է կատարվել՝ պարզ չէ։ «Այդ բոլորը մնում է օդի մեջ»։ Նա մասնավորապես կարեւորում էր Ալիկի հնարավոր ցուցմունքը, որը լույս կսփռեր պատանդներ պահելուն եւ իր պահանջների պատմության վրա։ Այս միջնորդությունն էլ մերժվեց։ Օլեգ Յունոշեւը կարեւորեց նաեւ Ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին դատարան հրավիրելու հանգամանքը։ Նա ասաց, որ ՌԴ առաջին ծրագրով հեռարձակվել է նրա մասնակցությամբ «Ինչպես է դա եղել» հեռուստահաղորդումը։ Այնտեղ Գասպարյանն ասել էր, որ առաջինը որպես բժիշկ ԱԺ դահլիճ է ուղարկել իր աշխատակցին։ Տուժողի իրավահաջորդին հետաքրքրում էր, թե ով է այդ աշխատակիցը, ինչ է տեսել եւ ինչ օպերատիվ միջոցառումներ է իրականացրել։ Ի դեպ, նա խոստացավ այդ հեռուստահաղորդման տեսագրությունը ամբողջությամբ ներկայացնել դատարանին։ Ի դեպ, նույն հաղորդման մեջ հետաքրքիր մի հայտարարություն էր արել Վ. Գասպարյանը, կարծիք հայտնելով, որ ինքը չի հավատում, թե Նաիրի Հունանյանի խմբի կողմից է կազմակերպվել հանցագործությունը, առանց հատուկ ծառայության լուրջ աջակցության։ Ամբաստանյալ Նաիրի Հունանյանը եւ իր խումբը պաշտպանեցին այս (նույնպես մերժված) միջնորդությունը, ասելով. «Գասպարյանը կարող է արժեքավոր տեղեկություններ տալ «Ալֆա» ջոկատի հետ կապված, որի հետ նույնպես առնչվել է»։ Միջնորդություններից մի քանիսը վերաբերում էին ամբաստանյալների ներկայությամբ քննչական փորձարարություն անցկացնելուն, Արմենակյանի հագուստի փորձաքննական եզրակացությունը դատարանին տրամադրելուն, որպես վկաներ տուժողներ Մանվել Բադեյանին եւ Գուրգեն Եղիազարյանին դատարան հրավիրելու հետ, ինչը դարձյալ մերժվեց։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել