Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնակարգավորվում ենք

Հոկտեմբեր 21,2003 00:00

Ինքնակարգավորվում ենք Որ պետությունը չկարգավորի մեզ «Արտիկլ 19» միջազգային ոչ կառավարական կազմակերպության եւ Երեւանի մամուլի ակումբի կազմակերպած կլոր սեղանը, որն անցկացվեց հոկտեմբերի 17-19-ը՝ Ծաղկաձորում, կրում էր «Ինքնակարգավորումը՝ ազատ, որակյալ եւ պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կայացման հնարավորություն» անունը։ Հայաստանյան ԶԼՄ-ների եւ լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկում էին տարբեր թեմաներ՝ հասարակական գործիչների եւ «հասարակ մարդկանց» մասնավոր կյանքի լուսաբանման անհրաժեշտությունից մինչեւ մամուլի օգտագործումը անձնական շահերի համար։ Մասնակիցները որոշեցին, որ պարտադիր չէ ներքին՝ խոհանոցային խնդիրները, ավելին՝ «տան աղբը» դուրս հանել, այսինքն՝ հրապարակել քննարկումները։ Նշենք միայն, որ ներկաները հիմնականում կողմ էին՝ մշակել եւ ունենալ էթիկայի կանոններ, որոնք ընդունելը լրատվամիջոցի համար կամավոր կլինի, իսկ ընդունելուց հետո դրանք կատարելը՝ պարտադիր։ Կլոր սեղանի մասնակիցներին իրենց երկրի համանման փորձը ներկայացրեց Բոսնիայի եւ Հերցեգովինայի լրագրողների անկախ միության նախագահ Բորո Կոնտիչը։ Մեր ընթերցողներին կհետաքրքրի, որ այս երկրում ԶԼՄ-ների աշխատանքին «հետեւում» են երկու մարմին, այսպես կոչված՝ կարգավորող եւ ինքնակարգավորող։ Առաջինը Հաղորդակցության կարգավորման գործակալությունն է, որի կարգավորման դաշտում են հեռահաղորդակցություն, հեռարձակում իրականացնող կազմակերպությունները եւ հաճախականությունների կառավարումը։ Այս մարմինը ոչ միայն հեռուստա եւ ռադիոընկերություններին հեռարձակման լիցենզիա տալու եւ դրանից զրկելու ֆունկցիաներ ունի, այլեւ ֆինանսական հսկողության։ Պրն Կոնտիչը հայտնեց, որ այս գործակալությունը անկախ է, հիմնադրվել է միջազգային կազմակերպությունների կողմից։ Անդամներն ընտրվում են այդ կազմակերպությունների եւ ոչ կառավարական մարմինների կողմից։ Մամուլի խորհուրդը (Press Council) կարգավորում է տպագիր ԶԼՄ-ների գործունեությունը։ Կազմված է 12 անդամներից, որից 6-ը լրագրողներ են, 6-ը՝ դասախոսներ, իրավաբաններ։ Խորհուրդը ոչ միայն հետամուտ է լինում մամուլի հրապարակումների համապատասխանությանը միջազգային ստանդարտներին, այլեւ քննում հասարակության բողոքները թերթերի հրապարակումներից։ PC-ը չունի պատժիչ ֆունկցիա, նրա «պատժամիջոցները» կարող են լինել բացառապես բարոյական։ Գուցե հենց այս պատճառով է, որ երկրի գլխավոր թերթը չի ընդունում PC-ի հեղինակությունը, իսկ մյուսներն առանձնապես չեն հայտարարում՝ ընդունում են, թե ոչ։ Այս խորհուրդն ստեղծել են վեց լրագրողական կազմակերպություններ։ Դրա համար, երբ PC-ն իր որոշումներն ուղարկում է բոլոր ԶԼՄ-ներին, շատերը չեն ուզում տպագրել դրանք՝ պատճառաբանելով, որ իրենք խորհրդի անդամ չեն։ Ահա թե ինչու Բորո Կոնտիչը հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խուրհուրդ տվեց մամուլի էթիկայի կանոնագիրք նախաձեռնելու համար համախմբել ոչ թե կամ ոչ միայն լրագրողական կազմակերպություններին, այլ թերթերի սեփականատերերին եւ գլխավոր խմբագիրներին։ Բոսնիայի մամուլի խորհրդի հետ համագործակցում է նաեւ մամուլի գծով օմբուդսմանը։ Մինչեւ մամուլի գծով օմբուդսման Հայաստանը երեւի շատ հեռու է, իսկ էթիկայի կանոնագիրքը Երեւանի մամուլի ակումբը գուցե սկսի մշակել: Այդ կանոնագրքի անհրաժեշտությունն ապացուցելու համար, հավանաբար, բազմաթիվ կլոր սեղաններ կպահանջվեն: ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել