Ցամաքային ներխուժում Իրան գրեթե բացառված է «Միանգամայն հավանական է, որ Իրանում կառուցվող Բուշերի ատոմակայանը ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից հրթիռային հարվածների ենթարկվի»,- այսպիսի կարծիք է հայտնել ժամանակակից Իրանի ուսումնասիրման ռուսաստանյան Կենտրոնի ղեկավար Ռաջաբ Սաֆարովը։ Իրանամետ վերլուծաբանն այս դիտարկումը կատարել է վերջին օրերին ռուսական եւ իրանական մամուլում սաստկացող՝ ԱՄՆ-Իրան հակամարտության թեմայի համատեքստում։ Հիշեցնենք, որ ՄԱԳԱՏԷ-ի կողմից միջուկային օբյեկտների ստուգման պատշաճ պայմաններ ապահովելու պահանջով Իրանին ներկայացվել է վերջնագիր, որի ժամկետն ավարտվում է ընթացիկ հոկտեմբերի 31-ին։ Ըստ այդմ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակի լրջությունը, Սաֆարովը միանգամայն խելամիտ է համարում, որ Թեհրանը Ռուսաստանից աջակցություն խնդրի ԱԷԿ-ի հակաօդային հուսալի պաշտպանության ապահովման հարցում։ Վերլուծաբանն այդ խնդիրը առաջնային է համարում, քանզի, ըստ նրա, ամերիկյան զորքերի ցամաքային ներխուժման հնարավորությունն Իրան գործնականում բացառված է։ Այսպես։ Իրաքից հարեւան Իրան մտնելու դեպքում, Սաֆարովի համոզմամբ, էլ ավելի կսաստկանան իրաքյան շիաների հակաամերիկյան ելույթները, ինչը կհանգեցնի ԱՄՆ զինկոնտինգենտի ազդեցության կտրուկ թուլացմանը բուն Իրաքում։ Ըստ վերլուծաբանի, չափազանց փոքր է նաեւ ադրբեջանական միջանցքի օգտագործման հավանականությունը։ «Այդ բանն առաջին հերթին թույլ չի տա ինքը՝ Ադրբեջանը, ելնելով սեփական անվտանգության ապահովման գիտակցումից»,- նշում է Սաֆարովը, հավելելով, որ նման սցենարի զարգացման դեպքում ամերիկացիները լուրջ խնդիրների կբախվեն նաեւ իրանական Ադրբեջանում։ Նկատենք, որ վերջին շրջանում վերոհիշյալ տարածաշրջանից ստացվող տեղեկությունն ամենեւին Սաֆարովի այս պնդման օգտին չէ։ Իրանի ադրբեջանցիները մեկ անգամ չէ, որ աչքի են ընկել Թեհրանի Ռեժիմի նկատմամբ իրենց ունեցած դժգոհության անթաքույց ցուցադրությամբ։ Ինչեւէ, զարգացնելով Իրան ցամաքային ներխուժումը բացառելու իր տեսությունը, Սաֆարովը միանգամից բացառում է նաեւ Հայաստանի տարբերակը։ «Դա անհնար է, քանզի Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, ու միեւնույն ժամանակ, բարիդրացիական հարաբերություններ է պահպանում Իրանի հետ»,- համոզված է մոսկվացի վերլուծաբանը։ Բացի այդ, «Հայաստանը շատ հեռու է ԱՄՆ-ից եւ նրա անվտանգությունն ապահովվում է Ռուսաստանի եւ Իրանի օգնությամբ», ահա այսպիսի մտահանգմամբ է նաեւ ամրապնդում իր համոզվածությունը Ռաջաբ Սաֆարովը։ Վերջապես, ըստ Սաֆարովի, մնում է միայն Աֆղանստանի տարբերակը։ Սակայն, այդ դեպքում, վերլուծաբանի համոզմամբ, ուշադրությունից «զրկված» թալիբները կիջնեն սարերից եւ ակնթարթորեն կոչնչացնեն Քարզայի ամերիկամետ կառավարությունը։ Այս ամենի համապատկերում չափազանց կարեւոր է դիտվում անցած կիրակի Իրանի նախագահ Մոհամադ Խաթամիի թույլ տված այն ակնարկը, թե իր երկիրը պատրաստ է դադարեցնել ուրանի հարստացմանն ուղղված գործողությունները։ Սակայն փոխարենը Խաթամին ակնկալում է, որ միջազգային հանրությունը Իրանին կարտոնի բացառապես խաղաղ միջուկային ծրագրերի իրագործումը։ Դիտորդները նկատել են տալիս, որ Իրանի ղեկավարության կողմից նման բովանդակությամբ հայտարարությունն, ըստ էության, աննախադեպ է։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ