Կոնֆլիկտը ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ է ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը ներկայացնում է Ղարաբաղյան հարցի կարգավորման իր տեսակետը: Անկախ նրանից, թե Հայաստանն ու Ադրբեջանն ինչպիսի հարաբերությունների մեջ են, Հարավային Կովկասում իրադարձությունների զարգացումները մեզ համար չեն կարող երկրորդական լինել։ Տվյալ պարագայում, երբ ԼՂՀ հարցի կարգավորման խնդիրը կա, Ադրբեջանի ընտրությունների հետագա քաղաքական զարգացումները, մեզ համար կարեւոր նշանակություն են ստանում։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի ներքաղաքական զարգացումներն ուղղակի առնչություն կունենան ղարաբաղյան գործընթացի վրա։ Եթե Ադրբեջանում իշխանություն-ընդդիմություն հարաբերություններն այնքան լարվեն, որ վտանգեն իշխանությունների ապագան, ապա ես չեմ բացառում, որ ԼՂՀ հակամարտության կարգավորումը դառնա ամենալուրջ խաղաքարտը՝ իշխանությունների ձեռքին։ Ավելին, որքան այդ իրավիճակն անկառավարելի լինի, այնքան Ադրբեջանի իշխանությունները, այսպես ասած, կկառչեն ԼՂՀ հարցից։ Այս ամենի արդյունքում, ԼՂՀ հարցում ես չեմ բացառում, որ ռազմական բախումների հավանականությունը մեծանում է՝ քաղաքական արկածախնդրության ֆոնի վրա։ Ուստի, Ադրբեջանի ներքաղաքական կայունությունը նախ եւ առաջ Հայաստանի շահերից է բխում։ Նաեւ ոչ պակաս շահագրգիռ պետք է լինենք մեր երկրում համանման կայունությամբ։ Բացի այդ, տարածաշրջանի հանրային կյանքի ժողովրդավարացմանը, երկրների մեջ առկա խնդիրների լուծելու հնարավորություններն է մեծացնում։ Հայաստանի եւ Արցախի համար կարեւոր է պահպանել խաղաղ զարգացումների հնարավորությունները։ Եվ ոչ թե նրա համար, որ Աստված մի արասցե, ռազմական գործողությունների վերսկսման դեպքում մենք կարող ենք տանուլ տալ, այլ որեւէ ռազմական լուրջ բախում կոնֆլիկտի կարգավորումը հետաձգելու է անհամեմատ ավելի երկար ժամանակ, բերելու է նոր տառապանքներ, զրկանքներ, ավերածություններ եւ մաշեցնելու է ընդհանրապես բանակցելու եզրերը։ ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ բանակցությունները որոշ փուլեր են անցել՝ մինչեւ 1999 թ. Մինսկի խմբի շրջանակներում եւ ԼՂՀ-ի անմիջական մասնակցությամբ եւ 99-ից հետո ԱՄՆ-ի նախաձեռնությամբ երկու նախագահների հանդիպումների ֆորմատով, ենթադրելով, թե գուցե այս կերպ կհաջողվի գալ լուծումների։ Սա ընդամենը մի փուլ էր եւ այսօր արձանագրում ենք, որ դա էլ հաջողությունների չբերեց։ Քոչարյան-Ալիեւ հանդիպումները, ի թիվս շատ ու շատ շահարկումների, օբյեկտիվորեն ստեղծեցին այնպիսի մտապատկերում, թե կոնֆլիկտը Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ է։ Մինչդեռ կոնֆլիկտը ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի մեջ է։ Հետեւաբար, ճիշտ կլինի, որ հիմա՝ Մինսկի խմբի շրջանակներում, այսինքն, համանախագահների, Հայաստանի եւ շահագրգիռ այլ պետությունների մասնակցությամբ, բանակցությունները սկսվեն Ադրբեջանի եւ ԼՂՀ իշխանությունների միջեւ։ Համանախագահները եւ Հայաստանը պետք է հետամուտ լինեն, որպեսզի որեւէ կողմ մյուսի վրա հանիրավի ճնշումներ չգործադրի, եւ հնարավորություն տան, որ կողմերն իրենք սահմանեն իրենց համակեցության երկարաժամկետ, խաղաղ հեռանկարների լուծումները։ Իմ կարծիքով, կոնֆլիկտի կարգավորում, դա նշանակում է հասնել արցախահայության ազատ-անվտանգ զարգացման երաշխիքներին, երկարաժամկետ հատվածի համար։ Ապա՝ ԼՂՀ կոնֆլիկտի կարգավորումը ոչ թե չի կարող նվազեցնել, այլ պետք է ավելացնի Հայաստանի աշխարհաքաղաքական դերակատարումը տարածաշրջանում։ Պատրաստեց ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ