«ԵՍ ԱՐԴԵՆ ՍՊԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԵՄ» Երեկ «27»-ի դատավարության վերաբերյալ իր թերահավատությունն արտահայտեց Անահիտ Բախշյանը «27»-ի դատավարությունը, ըստ ամենայնի, մոտենում է ավարտին։ Եթե առաջին նիստի օրը՝ 2001 թ. փետրվարի 19-ին եւ դրանից հետո եւս, դատարանի դահլիճը եւ դատարանին հարող տարածքը լեփ-լեցուն էր մարդկանցով, ապա կարճ ժամանակ անց դատական նիստերն անցնում էին կիսադատարկ դահլիճում։ Հանրահավաքային շարքը վերսկսելով, ընդդիմությունը, հավանաբար, մտադիր է նաեւ ակտիվացնել «27»-ի դատավարության հասարակական վերահսկողությունը։ Հոկտեմբերի 17-ի հանրահավաքի ժամանակ ժողովրդին կոչ արվեց «27»-ի դատավարությանը ներկա գտնվել։ Երեկ դատարանի մոտ բազմություն էր հավաքվել, իսկ դատարանի դահլիճը լեփ-լեցուն էր։ Եթե մոտ երեք տարի առաջ մարդիկ եկել էին «Մահ՝ մարդասպաններին», «Պատիժ՝ վիժվածքներին», «Կախաղան դրան» եւ այլ կոչերով ու ցուցանակներով, ապա երեկ ավելի հանդարտ էին ու առանց պաստառների։ Դատարանի մոտ հավաքվածների պահանջը, ինչպես եւ երեք տարի առաջ, մնում էր ուժի մեջ՝ մարդասպաններին՝ մահապատիժ եւ «27»-ի կազմակերպիչների բացահայտում։ Սակայն կար նաեւ տարբերություն՝ իրենց ատելությունն ու բողոքը մարդասպանների եւ կազմակերպիչների հանդեպ արտահայտելուց հետո դատարանի առջեւ հավաքված մարդիկ շատ արագ անցում էին կատարում սոցիալական խնդիրների։ Հավաքվածները հիմնականում սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներն էին՝ տարեցներ եւ կենսաթոշակառուներ։ Նույն բանը նկատեց նաեւ հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում սպանված ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը, որը մեզ հետ զրույցում ասաց. «Այսօր դատավորը մի շատ կարեւոր նախադասություն ասաց. «Ոչ մի ահաբեկչական գործողություն մարդկությունը չի մոռանում»։ Իսկապես այդպես է։ Եվ ինչքան էլ փորձեն «Հոկտեմբերի 27»-ի անունը չտալ, երկրորդ պլան մղել կամ զոհվածների անունը չտալ, միեւնույն է, ժողովրդի հիշողության մեջ այդ անունները կան, «27»-ը հիշվելու է՝ անկախ այս դատավարության արդյունքից։ Իսկ ժողովրդի այսօրվա ներկայությունը դատարանի դահլիճում հենց խոսում է այն մասին, որ ժողովուրդը հիշողությունը երբեք չի կորցնում։ Եվ տեսեք, թե հասարակության որ մասն է եկել, այն խավը, որն ամենասրտացավն է, ամենաանապահով եւ անպաշտպան։ Այս մարդիկ «Հոկտեմբերի 27»-ի բացահայտման պահանջի հետ միասին ուզում են համոզվել, որ հնարավոր է արդարադատության հաղթանակը մեր երկրում։ Ուզում են մի փոքր թեկուզ արդար ու չնչին քայլ տեսնել եւ ուրախանալ։ Մարդիկ ուզում են իմանալ՝ ապահո՞վ են մեր երկրում, եւ հույսները դնում են դատարանի վրա։ Ցավոք, այս վիճակն ապահով չէ եւ մարդիկ դա շատ լավ հասկանում են։ Տիկին Բախշյանից հետաքրքրվեցինք՝ ինքն անձամբ ի՞նչ սպասելիք ունի դատարանից։ Պարզվեց, որ առանձնապես սպասելիք չկա. «Ես արդեն սպասելիք չունեմ, ոչ մի սպասելիք չունեմ։ Ի՞նչ է լինելու. լինելու է այն, ինչ իրենք ուզում են անել (իրենք՝ այսինքն իշխանություններ, դատարան եւ այլն)։ Եվ բոլոր այն հարցերը, որ մենք ունեինք «27»-ից հետո, դեռ ունենք եւ այդ հարցերով ապրելու ենք այնքան, մինչեւ գտնվեն այդ հարցերի պատասխանները»։ Դատարանի մոտ հավաքվածներից շատերին թույլ չէին տվել մտնել դահլիճ. պատճառաբանելով, թե դահլիճն արդեն լեցուն է։ Դրսում մնացածները դրան չէին հավատում, սակայն դահլիճն իրոք լեփ-լեցուն էր։ Եվ որպես վերջին հույս կամ հոգեվերլուծության սեանսի կարիքի մղումով փորձում էին ձայնագրիչին ասել իրենց մտքին ու լեզվին եկածը։ Այս անգամ (ի տարբերություն մոտ երեք տարի առաջվա) մարդիկ խուսափում էին իրենց անուն-ազգանուններն ասել, լավագույն դեպքում բավարարվում էին միայն անունն ասելով։ 65-70 տարեկան մի մարդ, որը ներկայացավ որպես Ռաֆիկ, ասաց, որ եկել է դատարան, որպեսզի հասկանա, թե ի՞նչ է այնտեղ կատարվում։ Մեր դիտարկմանը՝ ի՞նչ պիտի հասկանար, նա ասաց. «Ո՞նց չեմ հասկանա, ես իրավաբան մարդ եմ, հիմա մեկ է՝ Քոչարյանը կլինի, ուրիշը կլինի, բայց պետք է արդարությունը պարզաբանվի, ճի՞շտ է։ Եթե չլինի արդարություն, ոչ մի բան էլ չի լինի»։ Մի տիկին էլ իր անունն առանց ասելու փորձում էր ինձ բացատրել. «անգրագետները տիրել են մեզ, 5-6 հազար սեւացնում են յուրաքանչյուրիս, ասում են՝ գնացեք ապրեք։ Իրենք Լինսի հիմնադրամի հաշվին «բանծիկներ» են կտրում։ Արդյունաբերությունը քանդում են, ասֆալտ են անում»։ 70-75 տարեկան Կոլյա պապին էլ (իր ասելով՝ նախկին ատաղձագործ) ասաց, թե արդարության վերականգնման համար մեկ ճանապարհ կա՝ «երեք անձնավորություն հեռացնել (ոչ մի կերպ չէր ասում, թե հատկապես որ երեքին.- Մ. Ե.) եւ դրանից հետո մեր թոռները, մեր երեխեքը բարեկարգ վիճակում կապրեն»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ