Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՏԱՌԸ ԿՐՈՒՄ ԵՆ

Հոկտեմբեր 18,2003 00:00

ԱՆՏԱՌԸ ԿՐՈՒՄ ԵՆ Մենք մեր աչքով ենք տեսել Լոռվա անտառների ջարդը։ Որեւէ թիվ ճշտելու կարիք չկա, բավական է հենց աչքով տեսածը ու ականջով լսածը։ Մենք տեսել ենք լեռնային փոքրիկ գյուղերում՝ Ծաղկաշատում եւ Աթանում։ Պատմում են, որ Շամլուղ եւ Ջիլիզա գյուղերի միջանկյալ անտառը պարզապես ծառը ծառի ետեւից կտրվել, վաճառվել է հարեւան հանրապետության բնակչությանը։ Օրենք է ընդունվել, ըստ որի գյուղացին այսուհետեւ պիտի վճարի անտառից տուն բերված փայտի դիմաց։ Անտառամերձ գյուղերի բնակիչները ապրում են միայն ու միայն անասնապահության եւ անտառի հաշվին։ Բայց գյուղացին անտառի հետ երբեք չի անի այն, ինչ նրանց աչքի առաջ, որպես պետական պատվեր, իրականացնում են իշխանության հովանավորյալները: Գուցե ճիշտ չի հնչում «պետական պատվեր» արտահայտությունը, բայց նման ծավալի փայտաբիզնեսը ստվերում իրականացվել չէր կարող։ Եկամտաբեր բիզնես է, հենց այնպես տիրանալ չես կարող։ Ամեն օր 4-5 հսկա մեքենաներ իջնում են հենց միայն այդ երկու գյուղերից։ Նույն պատկերն է մնացյալ գյուղերում։ Գյուղապետերը լռում են, ո՞ր գյուղապետը կհամարձակվի աղմկարարի կամ ըմբոստի համբավ ձեռք բերել։ Եթե գյուղը ոտքի կանգնի եւ արգելի այդ ջարդը, աղմուկը անպայման կօգնի այն դադարեցնելուն։ Վաղուց ժամանակն է քաղաքներում, հատկապես մայրաքաղաքում բնակարանները փայտով տաքացնելու դեմ քարոզչություն իրականացնելու։ Այն ծանր տարիներին անտառը, անշուշտ, օգնության եկավ, բայց հիմա մենք պիտի նրան օգնենք։ Անտառապահները գործը իրականացնելու վստահելի դրածոներ են։ Անտառը խնամելու, բազմացնելու, պահպանելու փոխարեն՝ վերեւից իջեցրած պլան են կատարում։ Իսկ ժողովուրդը ականատես է, թե ինչպես ամեն գիշեր 50-60 բեռնատար, ծանր-ծանր տնքալով, շարժվում է դեպի մայրաքաղաք։ Ուրեմն պատվիրատուն Երեւա՞նն է։ ԼՈՒՍՅԱ ՄԵՀՐԱԲՅԱՆ ԱՐՄԻԿ ՄԵՋԼՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել