Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՌ ԱՍԵԼԻՔ ՈՒՆԵՆՔ

Հոկտեմբեր 18,2003 00:00

ԴԵՌ ԱՍԵԼԻՔ ՈՒՆԵՆՔ Համոզված է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանը: Նյու Յորքում կայացած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությանն անհաջող մասնակցելուց հետո մարզաձեւի Հայաստանի ազգային հավաքականի անդամների առաջին ու կարեւոր քննությունը Ստեփան Սարգսյանի մրցանակների խաղարկությունը եղավ։ «Դինամո» մարզադահլիճում գորգի հայաստանցի վարպետները երեք հաղթող տվեցին՝ Մարտին Բերբերյան, Գարսեւան Վարդանյան, Մամեդ Աղաեւ, եղան նաեւ մրցանակակիրներ։ Նկատի ունենալով, որ երեւանյան մրցաշարում տարբեր քաշային կարգերում հանդես էին գալիս բազմաթիվ անվանի ըմբիշներ, մեր թիմի ընդհանուր մրցելույթների գնահատականը կարելի է բավարար համարել։ Մրցաշարից հետո զրուցեցինք Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, Ստեփան Սարգսյանի մրցանակների խաղարկության գլխավոր մրցավար Հրանտ Ենոքյանի հետ։ – Աշխարհի առաջնությանն անհաջող մասնակցություն ունենալուց հետո այս մրցաշարն ինձ համար կարեւոր էր այն առումով, որպեսզի տեսնեմ, թե տղաները հիմա ինչպիսի՞ մարզավիճակում են ու հոգեբանորեն կարողացե՞լ են ձերբազատվել ճնշող վիճակից,- ասաց նա։- Գոտեմարտերը ցույց տվեցին, որ Նյու Յորքն արդեն անցյալ է դարձել։ Ըմբիշները կարծես հիմա ավելի լուրջ են մոտենում գործին։ Մենք դեռ անելիքներ ու ասելիք ունենք։ Եկող տարվա փետրվարին վարկանիշային մրցումների պետք է մասնակցենք։ Ժամանակը շատ քիչ է։ Հարկավոր է վերացնել եղած սխալներն ու թերությունները եւ ավելի լավ նախապատրաստված ներկայանալ այդ կարեւոր մրցումներին։ Մրցաշարը ցույց տվեց, որ այսօր մենք «կաղում» ենք 60 կգ քաշային կարգում։ Այստեղ չունեցանք եզրափակիչի մասնակից։ Բայց նույն քաշային կարգի ըմբիշ է աշխարհի չեմպիոն Արամ Մարգարյանը։ Հիմա նա պետք է հավաքվի եւ պատրաստվի ապագա մեկնարկներին։ Իսկ աշխարհի երիտասարդների առաջնության երկրորդ մրցանակակիր Սուրեն Մարկոսյանը, թեեւ հանդես եկավ իր հնարավորությունների առավելագույն չափով, բայց դեռ պետք է աճի, բարձրացնի վարպետությունը, որպեսզի ապագայում կարողանա պայքարել տիտղոսակիրների հետ։ – Որպես հավաքականի գլխավոր մարզիչ, այս փուլում ո՞րն եք համարում ձեր կարեւոր անելիքը։ – Աշխարհի առաջնությունը ցույց տվեց, որ մեր ըմբիշների խոցելի կողմը ֆիզպատրաստականությունն է։ Հիմա պետք է ուսումնամարզական հավաք անցկացնենք Ծաղկաձորում։ Այնտեղ հիմնական շեշտը դնելու ենք ընդհանուր ֆիզպատրաստականությունը բարելավելուն։ Դրանից հետո կզբաղվենք հատուկ ֆիզիկական պատրաստվածությամբ։ Ընթացքում կաշխատենք շտկել նաեւ այլ թերություններ, որոնք կնկատվեն ու կմեկնենք վարկանիշային մրցաշարերին մասնակցելու։ – Այս մրցաշարը կարեւոր դեր ուներ ոչ միայն ազգային հավաքականի, այլեւ՝ ընդհանրապես հանրապետությունում ազատ ոճի ըմբշամարտի հետագա ճակատագրի հարցում։ – Անշուշտ։ Դրան մեծապես նպաստեց այն, որ հայաստանյան գորգում իրենց վարպետությունը ցուցադրեցին օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների, միջազգային հեղինակավոր մրցաշարերի հաղթողներ, մրցանակակիրներ ու մասնակիցներ։ Համաշխարհային մակարդակի ըմբիշների հետ գոտեմարտելը, գորգում նրանց շունչը զգալը մրցափորձի կուտակման անգնահատելի հնարավորություն է ոչ միայն մեր լավագույն, այլեւ երիտասարդ ըմբիշների համար։ Իսկ պատանիներն ու սկսնակները մեծ ոգեւորություն ապրեցին՝ դահլիճում տեսնելով հյուրերին, որոնցից շատերը ըմբշամարտի լեգենդներ են։ Նրանց ներկայությունն էլ էր պատճառը, որ տրիբունաներում շատ էին մարզաձեւը սիրող ու հետաքրքրվող երեխաները, մանկապատանեկան մարզադպրոցների սաները։ – Ստեփան Սարգսյանի մրցաշարն անցկացվեց ութերորդ անգամ։ Ու, որքան գիտենք, տարեցտարի դրա որակը բարձրանում է։ – Այո, դա այդպես է։ Մրցաշարը միջազգային պատշաճ հեղինակություն է ձեռք բերում ու կարծում եմ, որ այն ամենայն հավանականությամբ եկող տարի կգրանցվի Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (FILA) տարեկան միջոցառումների պլանում։ Իսկ դա կնշանակի, որ կմեծանա նաեւ մասնակից երկրների թիվը։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել