Լրահոս
Օրվա լրահոսը

Փախստականից՝ պրիմադոննա

Հոկտեմբեր 18,2003 00:00

Փախստականից՝ պրիմադոննա Երեւանում է Բոլիվիայի ազգային օպերային թատրոնի պրիմադոննա, երգչուհի Կարինե Ստեփանյանը։ Բաքվի հայտնի դեպքերից հետո փախստականի կարգավիճակում հայտնված Կ. Ստեփանյանը հայրենիքում շարունակել է իր նախընտրած մասնագիտությամբ՝ վոկալիստի ուսումը Երեւանի կոնսերվատորիայում, դոցենտ Կարինե Բաղդասարյանի դասարանում։ Վերջինս այսօր հիշում է. «Անկասկած, կանացի հազվադեպ հանդիպող՝ լիրիկո-կոլորատուրային ձայնով օժտված աղջնակը կարողացավ հաղթահարել իր հոգեկան վիճակը, որի համար պահանջվեց ահագին ժամանակահատված»։ 93-ին ավարտելով կոնսերվատորիան, երգչուհին Երեւանի պոլիտեխնիկ ինստիտուտի շրջանավարտ, Բոլիվիայի քաղաքացի Ժոզեի հետ ամուսնանում ու մեկնում է Հայաստանից։ «Պարզվում է, նորաստեղծ ընտանիքի համար արտերկրում էլ կային բավական դժվարություններ։ Ինչպես հայերս ենք ասում՝ սկսեցինք զրոյից»,- պատմում է Կ. Ստեփանյանը։ Տարբեր դռներ թակելուց ու համերգների մասնակցելուց հետո, 1995 թվականին Լա-Պասում՝ Ռուսաստանի դեսպանատանը, կայանում է երգչուհու մենահամերգը, ծրագրում՝ ռուս կոմպոզիտորների ռոմանսներ։ «Ինձ համար ճակատագրական այդ համերգը, թեեւ ծրագրում միայն ռուս կոմպոզիտորների ստեղծագործություններ էին նախատեսված, բացեցի Ա. Դոլուխանյանի մշակմամբ՝ հայկական ժողովրդական «Ծիծեռնակով»,- հիշեց Կ. Ստեփանյանը։ Այդ օրերին նրանով հետաքրքրվողները համոզված էին, թե երգչուհին ուսանել է Իտալիայում։ Կարինեին հրավիրում են Բոլիվիայի օպերային թատրոնից։ Երգչուհին իր կարիերայի սկզբում բեմ է բարձրանում լիրիկո-կոլորատուրային սոպրանոյի համար համաշխարհային օպերային գրականության լավագույն դերերգերով՝ Ջիլդա (Վերդի՝ «Ռիգոլետո»), Վիոլետա (Վերդի՝ «Տրավիատա»), Լաուրետտա (Պուչինի՝ «Ջանի Սկիկկի»), Լաքմե (Դելիբ՝ «Լաքմե»)։ Իսկ երկու զավակների լույս աշխարհ գալուց հետո տեղի է ունենում երգչուհիների կյանքում հազվադեպ հանդիպող երեւույթ, Կ. Ստեփանյանի ձայնածավալը ընդարձակվում է ու տարիներ շարունակ նա բեմ է բարձրանում արդեն կանացի տարբեր ձայների համար գրված դերերգերով (օրինակ՝ Տոսկա՝ գրված դրամատիկ սոպրանոյի, Կարմեն՝ մեցո-սոպրանոյի համար եւ այլն)։ Աշխարհի օպերային թատրոններում երգչուհու խաղընկերներն են աշխարհահռչակ Ռիկարդո Էստրադան, Միքայել Լոկլին, Գաստոն Պաց Ցեգարրան եւ այլք։ Երգչուհին հանդես է գալիս նաեւ տարբեր սիմֆոնիկ նվագախմբերի ընկերակցությամբ, Դավիթ Հենդելի, Խոզե Լանցա Սալացարի եւ այլ ճանաչված դիրիժորների ղեկավարությամբ։ Իսկ, ըստ արտերկրի հեղինակավոր լրատվամիջոցների՝ հայ երգչուհու գլուխգործոցը Աբիգալի դերերգն է Վերդիի «Նաբուկո» օպերայում։ «Հաջորդ տարի կհանդիպենք Երեւանի օպերային թատրոնում։ Սա իմ տարիների երազանքն է»,- զրույցի վերջում ասաց Կարինե Ստեփանյանը՝ հավաստիացնելով, որ մոտ ժամանակներում կսկսվեն բանակցությունները Երեւանի օպերային թատրոնի գեղղեկավար Գեղամ Գրիգորյանի հետ։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել