ԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՍԱՐՍԱՓԻՑ Պետությունը չի կարող անցումային լինել Դեռեւս լենինյան արկածախնդրությամբ չվարակված եւ «սլավոնական միստիցիզմով» չաղավաղված մարքսիզմը հեղափոխական իրադրության հասունացման մի բանաձեւ ուներ, որ անկախ այն բանից՝ ընդունում ենք, թե չենք ընդունում, միանգամայն ճիշտ է արտացոլում ամեն կարգի շարժումների դրդապատճառը՝ երբ հասարակական արտադրական հարաբերությունները արգելակում են արտադրական միջոցների զարգացումը: Քաղաքագետների եւ տնտեսական վերլուծաբանների մեծ մասը հակված է հատկապես դրանով բացատրել ԽՍՀՄ փլուզումը, արձանագրելով, որ սկսած անցյալ դարի երկրորդ կեսից, տեխնոլոգիական հեղափոխությունը հնարավորություն ընձեռեց «վերակառուցվելու» կապիտալիստական ճամբարին, այն դեպքում, երբ վիթխարի կայսրության նման առաջին իսկ փորձը ոչ միայն հաջողությամբ տապալվեց, այլեւ հանգեցրեց կործանման։ Կոմունիստական կրախից հետո Հայաստանը հայտնվեց միանգամայն անծանոթ երկու իրավիճակներում. առաջին՝ որպես անկախ պետություն, երկրորդ՝ որպես անցումային բնութագրվող երկիր։ Անկախությունը մինչեւ հիմա էլ որոշ լավատեսներ համարում են ընդամենը ժամանակավոր եւ ետխորհրդային պարզ իրողություն, քան նպատակ, որ մի ժողովուրդ երբեւէ ցանկացել է ունենալ։ Գուցեեւ այստեղ պետք է որոնել անկախության՝ այդպես էլ համառորեն չգովազդման պատճառը։ Չնայած թափած ահռելի ջանքերին, անցումային հասկացությունը առայժմ ճշգրիտ սահմանում չունի։ Հասկանալի չէ՝ անցումային այն իմաստով, որ սոցիալիզմից անցում ենք կատարում կապիտալիզմի՞, թե՞ կապիտալիզմ ենք կառուցում, մոռանալով «սոցիալիստական իդեալները»։ Հոդվածներից մեկում նշել եմ, որ Հայաստանում «կապիտալիզմ» եւ «շուկայական հարաբերություններ» արտահայտություններից գործնականում լավագույնս ընկալվեց միայն «սեփականություն» եւ «սեփականաշնորհում» հասկացությունները, այնպես որ, կապիտալիզմ կառուցելու մասին դեռ վաղ է խոսել, մնում են սոցիալիստական իդեալները, որոնց եւ կարելի է տալ անցումային կոչվածի բոլոր դափնիները։ Ուրեմն եւ՝ հարկ չկա ազնվացնելու հայաստանյան ետխորհրդային ճգնաժամը, հասարակական անհամատեղելի ներհակությունները, փորձելով բացատրել սոսկ որպես երկու՝ խորհրդային եւ ետխորհրդային համակարգերի պայքար։ Գերագույն խորհրդի առաջին նախագահի լիբերալ հայացքների պարզ զուգադրությունը Ազգային ժողովի վերջին նախագահի սոցիալիստական իդեալների հետ (այլ կերպ հնարավոր չէ կոչել Արթուր Բաղդասարյանի «ժողովրդահաճո» ելույթները) սպառիչ վկայությունն են այդ պայքարի գրոտեսկայնության եւ «անցումային հասարակարգի» անցած ճանապարհի խայտառակության։ Եվ եթե դա անցումային կարելի է համարել, ապա՝ անցում է ոչ մի տեղ։ Իշխանությունը կամ պետությունը չեն կարող անցումային լինել։ Հայաստանում գոյություն ունեցող միակ կարգը ոչ թե պետությունն է, այլ իշխանությունը, որ ցանկանում է պետական կարգավիճակ ստանալ, իսկ իշխանությունը ոչ թե անցումային է, այլ փոխանցումային, որովհետեւ անցումայինը ճշգրտորեն չի արտացոլում կամ բնութագրում իրավիճակը, այլ արդարացնում է այն։ Այն անցումային կլիներ, եթե կուտակվեր պետականակերտման դրական փորձառություն, մինչդեռ կուտակվում է միայն բացասականը։ Այնպես որ, անցումային կոչվածը հաջող դեղատոմս էր, որի նպատակը հիվանդի (հասարակության) ապաքինում չէր, այլ բժշկի գոյության (իշխանության) արդարացումը, որի նպատակը իշխանություն պահելն է։ Իսկ ի՞նչ է կոալիցիան- կոլեկտիվ անվտանգության համաձայնագիր, այսինքն՝ իշխանություն պահելու եւս մի ձեւ։ Եվ դա երեւում է առաջին հերթին կառավարումը կուսակցական սկզբունքով երկարաձգելու մեջ։ Սա արդեն խորհրդային փորձառություն է, այնքան ակնհայտ փաստ, որ նկատեց անգամ խորհրդային աստիճանակարգության մեջ հմտացած Գալուստ Սահակյանը։ Իհարկե, կուսակցական կառավարման համ ակարգի որդեգրման սկզբունքի բացատրությունը ավելի քան ազնիվ է՝ պատասխանատվության հավասարաչափ բաշխում՝ դարձյալ խորհրդային մի բանաձեւ, երբ ինչքան մեծանում էր իշխանությունը, այնքան իջնում էր պատասխանատվությունը։ Իսկապես, ի՞նչ պատասխանատվություն ունեին խորհրդային բոլոր առաջնորդները, որոնք խոստանում էին կոմունիզմ կառուցել։ Ողջ իշխանությունը նրանցն էր, հետեւաբար, ողջ պատասխանատվությունն էր նրանցը, ինչո՞ւ չկառուցվեց կոմունիզմը, որ խոստանում էին՝ իշխանությո՞ւնն էր քիչ, թե՞ պատասխանատվությունը դատարկ բան էր։ Ավելին՝ որեւէ մեկը այդ լիդերներից հատուցե՞ց ստանձնած պատասխանատվության համար։ Անշուշտ, վերջին հաշվով ոչ ոք պարտավոր չէր կոմունիզմ կառուցել եւ այն նույնքան մեծ շանտաժ էր ու դարձյալ՝ հանուն իշխանության։ Արդյունքում՝ կոմունիզմը պատմության արխիվ ուղարկելու մեր բոլոր ջանքերն իզուր անցան։ Խոսքը ոչ թե կոմունիստական գաղափարախոսության մասին է, որ առժամանակ բերանի ծամոն մնաց մի քանի՝ դրանից բան չհասկացողների համար, այլ մարդկանց տեսակի, որոնք իրենցից բան են ներկայացնում, երբ իշխանություն են եւ ոչ եւս են, երբ իշխանություն չունեն։ ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ