Եկավ կոչերի ժամանակը ԼՂՀ-ի շուրջը գտնվող ազատագրված տարածքները նույնպես պատմական Հայաստան են Թվով 16 հասարակական-քաղաքական միավորներ (հիմնականում հայրենակցական միություններ եւ փախստականների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններ), երեկ «Ազատագրված տարածքների պաշտպանության հասարակական նախաձեռնության» կազմակերպած կլոր սեղանի ժամանակ ստորագրեցին մի փաստաթուղթ, որը բաղկացած էր հայտարարությունից եւ կոչից՝ ուղղված ՀՀ եւ ԼՂՀ իշխանություններին: Հայտարարության տեքստը որոշ խմբագրումներից հետո, հիշյալ կազմակերպություններից բաղկացած նորաստեղծ համակարգող խորհուրդը մտադիր է ներկայացնել ՀՀ-ում գործող օտարերկրյա դեսպանատներին, միջազգային կազմակերպություններին, ուղարկել ԵԱՀԿ, ԵԽ ԽՎ, ՆԱՏՕ, ինչպես նաեւ ՀՀ նախագահին, ԱԺ-ին, կառավարությանը: Հայտարարության մեջ, ըստ էության, ամրագրվում են ինքնիշխանության այն իրավունքները, որ ստորագրող կազմակերպությունների տեսանկյունից ունեն նախիջեւանահայերը, գարդմանահայերը: Բացի այդ, հայտարարվում է, որ Ադրբեջանը պարտավոր է փոխհատուցել Սումգայիթից, Բաքվից եւ այլ բնակավայրերից բռնի տեղահանվածների նյութական, բարոյական եւ քաղաքական վնասները, ինչպես նաեւ՝ «որպես պատերազմը սկսած կողմ, պարտավոր է փոխհատուցել պատերազմական գործողությունների պատճառով բոլոր քաղաքացիների՝ անկախ ազգությունից, կրած վնասը»: Հայրենի իշխանություններին կոչ է արվում հետամուտ լինել հայ բռնագաղթվածների իրավունքների պաշտպանությանը, ներկայացնել նրանց շահերը Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքում եւ միջազգային ատյաններում, հաշվի առնել նաեւ Ադրբեջանի կողմից գրավված շրջանների՝ Արցախի մի մասի, Ուտիքի պատմական եւ քաղաքական պատկանելությունը: Կոչ է արվում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում ընդգրկել Նախիջեւանի հարցը, եւ սկսել 1921թ. ռուս-թուրքական պայմանագիրն «անզորու հայտարարելու գործընթաց»: Թե որն է այսօրինակ փաստաթղթի հիմա, Ադրբեջանում կայացած ընտրություններից հետո ի հայտ գալու իրական նպատակը՝ կարելի է ենթադրել: Իրենք՝ կլոր սեղանի մասնակիցները պնդում էին, որ եթե հիմա հապաղենք, ապա հետագայում կկանգնենք դաժան փաստի առաջ, երբ իրավաբանորեն հիմնավորված չեն լինի այդ հարցերը: Ինչպես, ասենք, այսօր իրավաբանորեն սումգայիթյան ոճրագործության զոհերը պարզապես մահացածներ են, եւ ոչ թե զոհեր: Ինչ վերաբերվում է այս հայտարարության համար հիմքերին, ապա հայտարարության հեղինակները պնդում են, որ արդեն տաս տարուց ավելի է, ինչ կա զորեղ փաստաթղթերով մի փաթեթ, որում պատմականորեն եւ իրավական առումով լիովին հիմնավորված է Արցախի եւ ազատագրված տարածքների՝ Հայաստանի անբաժանելի մաս լինելու իրողությունը: Եվ այդ փաստաթղթին, ըստ բռնագաղթվածների շահերի փորձառու պաշտպան Լարիսա Ալավերդյանի, արտերկրում ծանոթ են շատ լայն շրջանակներ: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ Հ. Գ. Ի դեպ, առաջարկություն եղավ այս հայտարարությունից մի օրինակ էլ ուղարկել Հայհիդրոմետ ծառայությանը, որն, ըստ տիկին Ալավերդյանի, տանում է պրոադրբեջանական պրոպագանդա. «Ես շատ հաճախ եմ ստիպված լինում շփվել ադրբեջանցիների հետ, եւ նրանք ինձ անընդհատ ցույց են տալիս հայկական հեռուստաընկերությունների էկրանից եղանակի տեսության ժամանակ նկարած լուսանկարներ, որոնցում Հայաստանն ու Արցախը իրարից անջատ են, ազատագրված տարածքները հայկական չեն: Ու նրանք ասում են՝ այ, տեսնում եք, ձերոնք էլ են ընդունում, որ այդ տարածքները ձերը չեն»: