ԷԼ ՈՉ ՄԻ ՆՈՐ ԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆ Քաղաքապետ Երվանդ Զախարյանը պաշտոնավարության 100 օրվա կապակցությամբ երեկ հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ դրվելու է բենզալցակայանների վերջը: «Նոր լցակայանի թույլտվություն չի տրվելու: Գործողներն էլ չեն ընդլայնվի»,-ասաց պրն Զախարյանը: Նրա հաշվարկներով, եղածներն ավելին են, քան Երեւանի պահանջն է: Ապօրինի շինությունների դեմ անողոք պայքար հայտարարած քաղաքապետը երեկ առիթ ուներ նաեւ հայտնելու այդ պայքարի առաջին արդյունքների մասին: Առավել եւս, որ մամուլը բավականին հեշտացնում է քաղաքապետարանի համապատասխան չինովնիկների գործը՝ մեկիկ-մեկիկ նշելով այդպիսի օբյեկտների տեղերը, իրական տերերին, հողհատկացման որոշումների համարները: Մասնավորապես, հրապարակումների նման շարքով հանդես է գալիս Հետաքննող լրագրողների ընկերակցության նախագահը՝ www.hetq.am էլեկտրոնային թերթում եւ «Առավոտ» օրաթերթում: Ինչ քայլեր են ձեռնարկվել նշվող փաստերի կապակցությամբ հարցին քաղաքապետը պատասխանեց. «Իմ օգնական Էդմոն Զարգարյանին երեկ եմ նման հանձնարարություն իջեցրել, որ եթե թերթերում լինում են նման բաներ, ապա դրանք քննարկման առարկա դառնան եւ նայեն դրանց իրավիճակը: Կարճ, կոնկրետ»: Ըստ պարոն Զախարյանի, քաղաքապետարանն էլ իր հերթին է ուսումնասիրում նման դեպքերը: Իսկ ապօրինի շինություններն այնքան շատ են, որ բոլոր ուսումնասիրողների համար մի քանի տասնյակ կհայտնաբերվեն: Օրինակ, միայն Կիլիկիա թաղամասում հայտնաբերվել է 800 ապօրինի շինություն: Ավելին, քաղաքապետի ինքնաքննադատական գնահատմամբ, «մենք բոլորս հակված ենք, որպեսզի ապօրինի շինարարություն լինի: Բոլորս, քաղաքացիները, լրատվամիջոցները, դժգոհում ենք դրանից, բայց եթե ուսումնասիրենք, այդ դժգոհողները անպայման կամ բարեկամ ունեն, կամ քույր, կամ եղբայր, որոնք ապօրինի շինություն ունեն: Այնքան շատ է դրանց թիվը»: Հավանաբար քաղաքապետին նման եզրակացության առիթ են տվել այդ շինությունների հետ կապված զանազան միջնորդությունները: Իսկ ապօրինի շինությունների դեմ իր հայտարարած պայքարի մեխանիզմներից «ընդհանուր պայքարն» առանձնացրեց. «եթե բոլորս միասին պայքարենք այդ ինքնակամ շինությունների, հողազավթումների դեմ, ապա, համոզված եմ, արդյունքի կհասնենք»: Այժմ ուսումնասիրվում են կադաստրում հաշվառված կառույցները, «եթե օրինականացման ենթակա են, կօրինականացվեն: Կամ կբերվեն նորմատիվային դաշտ, կամ կքանդվեն»: Հրազդանի կիրճում կարգուկանոն հաստատելու իր հավաստիացումների վերաբերյալ հայտնեց, որ այնտեղ եղած բոլոր 11-12 օբյեկտներում արդեն պատրաստ են կեղտաջրերի հորերը: Քաղաքապետը չի բացառում, որ հետագայում օբյեկտների տերերին ստիպեն կառուցել նաեւ մաքրման կայաններ, «ովքեր չեն կառուցի, օբյեկտները կփակվեն»: Հաշվի առնելով, թե ովքեր են տերերը, դա դժվար կլինի: Երթուղային տաքսիների սպասարկման մակարդակը տանելի դարձնելուն քաղաքապետը չանդրադարձավ, բայց նշեց դրանց երթուղիները վերանայելու անհրաժեշտությունը՝ քաղաքում երթեւեկությունը լավանալու, մետրոյի եկամուտները բարելավելու նպատակով: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ