Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ ՍՊԱՆԵԼՈ՞Ւ ԵՆ

Հոկտեմբեր 18,2003 00:00

ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ ՍՊԱՆԵԼՈ՞Ւ ԵՆ «Առավոտի» հարցին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է «27»-ի գործով մեղադրող Կորյուն Փիլոյանի պնդումը, թե Արամ Զավենի Սարգսյանը հեռուստատեսությամբ ահաբեկիչներին խոստացել է իշխանության գալու դեպքում նրանց դատապարտել 2 տարվա ազատազրկման՝ պրն Սարգսյանը պատասխանեց. «Ես հեռուստաեթերով ընդհանրապես չեմ ասել նման բան: Բայց մի հարցազրույց էի տվել «Այբ-Ֆե» օրաթերթին, որտեղ ասել էի, թե ինձ համար միեւնույն է՝ այդ մարդկանց քանի տարով կազատազրկեն, քանի որ նրանց ճակատագիրն արդեն որոշված է»: Նշեցինք, թե մեղմ ասած՝ տարակուսելի էին իր ներկայացուցիչ Օլեգ Յունոշեւի հայտարարությունները, որ իր վստահորդը վրիժառության զգացումներ չի տածում Նաիրի Հունանյանի նկատմամբ: Անկախ նրանից, որ վերջինս ընդամենը գործիք է՝ մի՞թե դա մեղմացնում է նրա կատարած հանցագործության ծանրությունը: «Նաիրի Հունանյանը բո՛ւթ գործիք է,- պատասխանեց Արամ Սարգսյանը:- Ցանկացած մարդ ունի վրիժառության զգացում: Բայց ես վրիժառության ծարավի հագեցումը տեսնում եմ դատական դահլիճում: Եթե խնդիր ունենայի այդ ստահակի բերանով որեւէ բան լսել՝ վարչապետության շրջանում, բարեբախտաբար, ունեի այդ բոլոր լծակները, որ կարողանայի հասնել դրան: Սակայն իր ասածն ինձ համար հիմք չէ: Փորձեցի խնդիրը տեղափոխել դատարան եւ մարդիկ, ովքեր իրենց համարում էին Վազգեն Սարգսյանի ընկերը՝ պիտի ամեն ինչ անեին, որ ապահովվեր արդար դատավարություն՝ հասարակության առջեւ ցույց տալով իրենց անմեղությունը: Բայց դժբախտաբար՝ դատարանը չի իրականացնում այդ գործառույթը»: Դատաքննությունն արդեն մոտենում է ավարտին: Հոկտեմբերի 16-ին մեղադրողները միջնորդեցին եռօրյա ժամկետ տրամադրել իրենց՝ ավարտաճառերին նախապատրաստվելու համար: Մինչդեռ հայտնի է, որ «Արդարությունը» նախապատրաստել է մի օրինագիծ, որով որոշ հանցատեսակների պարագայում բացառվում է ցմահ ազատազրկումից վաղաժամկետ ազատվելը կամ ներման արժանանալը: Արդյոք դատարանի այդ շտապողականությունը պայմանավորվա՞ծ չէ ձգտմամբ, որ Հունանյանի եւ իր հանցախմբի նկատմամբ դատավճիռը հնչի մինչեւ այդ օրենքի ուժի մեջ մտնելը՝ մեր այս ենթադրությանն ի պատասխան Արամ Սարգսյանն ասաց. «Պիտի կրկնեմ՝ ինձ համար միեւնո՛ւյն է, թե Նաիրի Հունանյանին քանի տարի կտան՝ 15, ցմահ կամ նույնիսկ իրոք 2: Ես գիտեմ, որ նրա ճակատագիրը որոշվա՛ծ է: Նույնիսկ գիտեմ, թե ովքեր են որոշել եւ ինչպես»: Կարծում է, թե Հունանյանը կենդանի չի՞ մնա: «Միանշանա՛կ, կասկած անգամ չունեմ,- պատասխանեց պրն Սարգսյանը:- Եվ հերթն ինձ չի հասնելու»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել