Լրահոս
Օրվա լրահոսը

Պետդեպը Հայաստանի ԱԷԿ-ի մասին զեկույց չունի

Հոկտեմբեր 18,2003 00:00

Պետդեպը Հայաստանի ԱԷԿ-ի մասին զեկույց չունի Մի քանի օր առաջ CenterAN կոչվող գործակալության տարածած հաղորդագրությունը՝ կապված Հայաստանի ԱԷԿ-ի միջուկային ռեակտորի ոչնչացման վերաբերյալ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պատրաստած զեկույցի հետ, չափազանց նմանվում է «մի հիմարի նետած քարի» պատմությանը: Հիշեցնենք, որ «Արմինֆոյի» խողովակով ստացված այդ հաղորդագրության համաձայն, ԱՄՆ-ի Պետդեպն իր զեկույցում հավաստիացնում է, թե, 2002 թվականին Հայաստանը համաձայնել է իր ռեակտորի փակման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկությանը, քանի որ ռեակտորը վտանգավոր է դարձել ոչ միայն շրջակա միջավայրի, այլ նաեւ Ամերիկայի անվտանգության համար: Իսկ այդ պնդումն, իր հերթին, հիմնավորվում է այն մտահոգությամբ, թե միջազգային ահաբեկիչները կարող են ցանկացած պահի տիրանալ հայկական ռեակտորի նյութերին ու տեխնոլոգիաներին: Երեկ մենք զրուցեցինք ՀՀ ԱԳՆ խոսնակ Համլետ Գասպարյանի հետ, որը նշեց, թե բավականաչափ հանգամանալից կերպով փորձել են պրպտել եւ հասկանալ, թե ինչ աղբյուրներ է վկայակոչել CenterAN-ը հիշյալ լուրը տարածելիս: Ի դեպ նշենք, որ սույն գործակալությունը, որքան էլ որ տարօրինակ է, միջինասիական է եւ գոնե մինչ այս պահը մեզ համար՝ անհայտ: «Այնտեղ ինչ-որ անորոշ հղումներ են արված Պետդեպարտամենտի պատրաստած փաստաթղթերին, սակայն, առանց որեւէ թվագրման»,- մեզ հետ զրույցում նշեց պրն Գասպարյանը: ԱԳՆ խոսնակը հավելեց նաեւ, որ Հայաստանի ԱԷԿ-ի հետ կապված բոլոր խնդիրները հաջողությամբ կարգավորվում են Հայաստան-ԵՄ հարաբերությունների ֆորմատում: Թեեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը մի քանի անգամ տարբեր առիթներով անդրադարձել է այս խնդրին, երեկ մենք լրացուցիչ բացատրություն խնդրեցինք «գալիք տարում զանգվածային բնաջնջման զենքի դեմ ԱՄՆ պայքարի ծրագրում» (մեջբերված է CenterAN-ի հաղորդագրությունից,- խմբ.) Հայաստանի ԱԷԿ-ի միջուկային ռեակտորի ոչնչացման հարցն իբրեւ թե ընդգրկելու մասին: Դեսպանատան տրամադրած պարզաբանման մեջ, մասնավորապես, նշված է. «ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը պարզաբանման կարգով տեղեկացնում է, որ ԱՄՆ դիրքորոշումը Մեծամորի ատոմակայանի առնչությամբ չի փոխվել։ Մենք Եվրամիության եւ այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ միասին հրապարակավ հայտարարել ենք, որ կցանկանայինք, որպեսզի խորհրդային ժամանակաշրջանի բոլոր ատոմակայանները իրենց գործառնական ցիկլերի վերջում պատշաճ կերպով փակվեին։ Մեզ անհանգստացնում են այս հին ռեակտորների նախագծերում տեղ գտած կառուցվածքային թերություննեը եւ դրանց ապահովությունը. մենք չէինք ցանկանա տեսնել չեռնոբիլյան աղետի կրկնություն»։ Այս ամենով հանդերձ, դեսպանատունը վերահաստատում է ՀՀ ԱԳՆ խոսնակի պնդումը, նշելով. «ԱՄՆ կառավարության կողմից Մեծամորի վերաբերյալ իրենց քաղաքականության եւ ռազմավարության հետ կապված որեւէ այլ հայտարարություն չի եղել»։ Նկատենք, որ չնայած նշյալ պարզաբանումներին, հայաստանյան մի շարք գործիչներ արդեն իսկ հեռուն գնացող խորաթափանց քաղաքական գնահատականներ են հրապարակել Պետդեպի չեղած զեկույցի առնչությամբ: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել