«Ալլո, մահապատժի խցից է» Արմեն Տեր-Սահակյանն ու Արմենակ Մնջոյանը բողոքում են «Առավոտի» երեկվա համարում տպագրվել էր մի լուր, ըստ որի գլխավոր դատախազի տեղակալ Աղվան Հովսեփյանը հանդիպել է մահապատժի դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի հետ եւ «նրա պատժաչափը մեղմացնելու խոստման դիմաց առաջարկել, որ ցուցմունք տա, թե Վանո Սիրադեղյանն իրեն պատվիրել էր Վազգեն Սարգսյանի սպանությունը»։ Նույն տեքստում պրն Հովսեփյանը հերքեց նման գործարք առաջարկելու փաստը։ Երեկ «Առավոտ» զանգահարած Արմեն Տեր-Սահակյանի եւ տողերիս հեղինակի միջեւ ընթացավ այսպիսի հեռախոսազրույց. -Ալլո, Արմեն Տեր-Սահակյանն է, մահապատժի խցից։ – Այո, լսում եմ։ – Դուք ո՞նց եք։ – Լավ, դուք ինչպե՞ս եք։ – Ես վատ եմ։ Ի՞նչ աբսուրդ բաներ եք տպել։ Աղվան Հովսեփյանն ինձ հանդիպել է հոկտեմբերի 7-ին։ Մեզ մոտ շուտ-շուտ են գալիս 42-ի հարցերով եւ մենք այդ մասին ենք խոսել։ – Մենք անդրադարձել ենք մահապատժի դատապարտվածների՝ 42-ի խնդրին։ – Անկապություն է «Վանո՜, Վազգե՜ն…»։ Ընդհանրապես։ Վանոն ինձ բան չի ասել, էդ սաղ գիտեն, Վազգենի մասին էլ խոսակցություն չի եղել, մեռել, գնացել է, ի՞նչ խոսենք։ Խնդրում եմ, հերքեք մնացած խոսակցությունները, որովհետեւ ես շատ եմ ջղայնացած էս չորս պատի մեջ, չթողնեմ գամ այդտեղ, չգիտեմ ի՞նչ անեմ։ Ուրեմն, ով է այդ խաղը խաղում։ Ոնց որ ուզում են Նաիրիի դատը շրջել ուրիշ կողմ։ Նման խոսակցություն չի եղել։ – Արմեն, քանի որ զանգել ես «Առավոտ», կուզեի ճշտել, նախագահի ներման հետ ինչպիսի՞ն է դիրքորոշումդ։ – Անօրինական ներում է տվել։ Ես նախագահին դիմում եմ գրել, որ մահապատիժը ի կատար ածեն։ – Քո հեռախոսից օգտվելու հանգամանքը մի քիչ տարօրինակ թվաց ինձ։ Մահապատժի խցից… – Մեզ ամիսը 20 րոպե են տրամադրում տնեցիների հետ խոսելու։ Հիմա ես իմ ժամանակը ձեր վրա վատնեցի։ Իսկ «Դրո» գործով մահվան դատապարտված Արմենակ Մնջոյանը երեկ «Առավոտին» էր ուղարկել իր մի հայտարարությունը՝ ի հավելումն այն պահանջների, որը ներկայացրել էր ՀՀ նախագահին («անվավեր համարել իր մասով շնորհված ներումը կամ անմիջապես ինձ հանձնել Ադրբեջանի Հանրապետության իրավապահ մարմիններին»)։ Նա մասնավորապես գրել էր. «Ես երբեւիցե ներման խնդրագիր չեմ ներկայացրել ո՛չ նախկին, եւ ո՛չ էլ ներկայիս նախագահին, եւ երբեւիցե չպիտի ներկայացնեմ ապագա նախագահներին։ Եվ եթե իմ մասով շնորհված ներումը թյուրիմացության արդյունք չէ, այլ արդեն իսկ կատարված փաստ, ապա հայտարարում եմ. սկսած 1986 թվից մինչեւ ձերբակալվելս ՀԽՍՀ եւ ապա Հայաստանի Հանրապետության, ներառյալ՝ Արցախի տարածքում, չեմ կատարել որեւէ արարք, որը նախատեսում է ցանկացած քրեական պատիժ։ Կատարածս գործունեությունը համահունչ է եղել ազգային-ազատագրական պայքարի ձեւերին ու ոճին։ Ո՛չ Հայաստանի, եւ ո՛չ էլ Արցախի Հանրապետության որեւէ դատարան իրավասու չէ ինձ դատապարտելու։ Այդ իրավունքը վերապահված է միայն ադրբեջանա- թուրքական իշանություններին եւ նրանց արբանյակներին, որոնք մինչեւ օրս էլ վխտում են թե՛ դատաիրավական համակարգում, եւ թե՛ ամենուր։ Ես այլեւս չեմ ընդունում ՀՀ գլխավոր դատախազությանը, որը ոչ միայն փորձեր չձեռնարկեց նախորդների սխալներն ուղղելու, այլ իր կաբինետի մեջ գնդակահարեց գլխավոր դատախազին։ Անվստահություն եմ հայտնում վճռաբեկ ատյանին, ուստի արգելելու եմ «Դրո» գործի իմ մասով որեւէ վերաքննություն կատարելը»։ Ռ. Մ. Հետաքրքիր է, որ սպանությունների համար դատապարտված մարդիկ (ի դեպ, այդ հանցագործությունները կատարվել են Հայաստանում եւ հայերի նկատմամբ) ապաշխարհելու որեւէ ցանկություն չունեն։