Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԵՏՔ Է՝ ՋԱՐԴԵ՛Ք ՉԱՓԱՌՆԵՐԸ»

Հոկտեմբեր 18,2003 00:00

«ՊԵՏՔ Է՝ ՋԱՐԴԵ՛Ք ՉԱՓԱՌՆԵՐԸ» Երեկ հանրահավաքում կոչ արեց Արշակ Սադոյանը: Նա նաեւ ասաց, թե ամաչում են, որ Ադրբեջանի ընդդիմությունն ավելի ակտիվորեն է պայքարում իր ստացած ձայների համար, քան դա եղավ Հայաստանում: Երեկվա հանրահավաքն անցկացվեց Արշակ Սադոյանին ԱԺ նախագահի նվիրած 4-րդ խոսափողով: Արթուր Բաղդասարյանը փոքր-ինչ ուշացումով հատկացրել էր նաեւ խոսափողի մնացած բաղադրամասերը: «Այս բարձրախոսը միշտ օգտագործվելու է մեր հանրահավաքների ժամանակ»,- «Առավոտին» ասաց ՀԺԿ քարտուղար Վարդան Մկրտչյանը: Հանրահավաքն անցավ ծրագրված ասելիքով՝ վստահության հանրաքվե, թանկացումներ, «27»-ի դատավարություն եւ այլ թեմաներ, որոնք դաշինքի առաջնորդները մինչ այդ բավական արծարծել էին իրենց հարցազրույցներում եւ ասուլիսներում: Առանձնացնենք ելույթների այն հատվածները, որոնք պարունակում էին թարմ ասելիք կամ որոշակի առաջարկներ: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանը կոչ արեց, որ երբ ԱԺ-ում «Հանրաքվեի մասին» օրենքում կառաջարկեն այն փոփոխությունները, որոնք հնարավորություն կընձեռեն կազմակերպել վստահության հանրաքվե՝ ժողովուրդը շրջապատի խորհրդարանը եւ ճնշում գործադրի պատգամավորների վրա: «Պատրաստակա՞մ եք»,- հարցրեց պրն Բազեյանը եւ Մատենադարանից մինչեւ ճարտարագիտական համալսարանի լեռնամետալուրգիական ֆակուլտետ կանգնած մարդիկ գոռացին «այո»: «Միայն ձեզնից է վախենում այն կոճակ սեղմող պատգամավորը, որը գնացել է այնտեղ միայն իր բարիքներն ապահովելու համար»,- հավաքվածներին հաճոյախոսեց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը: Հանրահավաքի անունից նաեւ բանաձեւ ընդունվեց, թե ԱԺ-ից պահանջում են ընդունել «Հանրաքվեի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները: Բանաձեւը երկուշաբթի ընթերցվելու է խորհրդարանի օրակարգի հաստատման ժամանակ: Ժողովրդին հավաքվելու կոչ արեց նաեւ Արամազդ Զաքարյանը, բայց այս անգամ՝ Վճռաբեկ դատարանի շենքում, երկուշաբթի՝ հոկտեմբերի 20-ին ժամը 10-ին, երբ այնտեղ կշարունակվի «27»-ի դատավարությունը. «Եթե ցանկանում եք մասնակցել՝ մուտքն ազատ է, վերցրեք ձեր անձնագրերը եւ եկեք»: Թե ինչ կարող է լինել այս հավաքների ժամանակ՝ կարելի է պատկերացում կազմել ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանի ելույթից. «Մենք կոչ կանենք, որ գաք, ճնշեք, եթե պետք է՝ այդ չափառները ջարդե՛ք, որովհետեւ ուրիշ ձեւ չկա՛»: Ներկաները բուռն հավանության արժանացրին առաջարկը, սակայն մեզ մտահոգեց Շավարշ Քոչարյանի վիճակը: Եվ նրանից հետաքրքրվեցինք՝ եթե ընդդիմությունն էլի կոտրի ԱԺ դարպասները՝ պատրաստվո՞ւմ է, ինչպես 1996-ի սեպտեմբերի 26-ին՝ դարձյալ գնալ ԱԺ նիստի: «Եթե Սադոյանը ջարդի՝ ես էլ պիտի գնամ, էլի»,- ծիծաղեց պրն Քոչարյանը: Սակայն դառնանք հանրահավաքի ամենահետաքրքրիր ելույթներին, որոնց շարքում առաջինն ու առավել ծավալուն մեջբերմանն արժանին ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի խոսքն էր. «Այն կուսակցությունները, որոնք իրենց ազգային են համարում՝ ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն ասում եմ՝ ոչինչ, այսպես եղել է, այս պայմաններում մենք երկրի համար դեպի առաջ գնացող քայլեր անենք: Ո՛չ: Նրանց միջոցով մեր ժողովուրդը ստրկացվեց: Մոնղոլների տիրապետության ժամանակ թող դաշնակները գային, ասեին՝ ոչի՛նչ, մոնղոլները թող տիրապետեն, բայց փորձենք մոնղոլների տիրապետության տակ որեւէ օգուտ բերենք մեր երկրին: Հնարավո՛ր չի… Նորից ազգային կուսակցությունները նպաստում են մեր ազգի ստրկացմանը՝ մենթալիտետը փոխել եւ դարձնել այնպիսին, որի մասին խոսում էր Սերժ Սարգսյանը: Բայց մենք ի՞նչ պետք է անենք: Ես մի բանից եմ վախենում, որ այսպես հավաքվենք, հանրահավաքներ անենք, դժգոհենք, իրար ապացուցենք, որ իշխանությունը վատն է, սահուն գնա այս 4-5 տարին, որից հետո ընտրություն կլինի, ժողովուրդը նույն ձեւով կխաբվի այդ ընտրությունների ժամանակ եւ կստանա նույն արդյունքը: Եվ ոնց որ հրեաներն էին սպասում 1 դար, որ փրկվեն Հին Հռոմի տիրապետությունից՝ հայերն էլ միշտ Սասունցի Դավիթ են սպասում: 1996-ին այդպե՞ս եղավ՝ անձը փոխենք: 1998-ին այդպե՞ս ասվեց՝ անձը փոխենք: Կգան մյուս ընտրությունները, մի նոր անձի հետեւից կասեն՝ նրանց մոտ չստացվեց, հիմա էլ գնանք սրա հետեւից: Չի՛ լինելու: Գաղտնիքն անձերի մեջ չէ: Գաղտնիքը ձե՛ր մեջ է: Միայն եւ միայն մեկ ճանապարհ կա՝ մինչեւ ընտրությունները պետք չէ հասցնել եւ իշխանությունը պետք է անպայմա՛ն փոխվի՝ մեկ օր շուտը ճիշտ է արդեն: Ի՞նչ պետք է լինի դրա համար. դաշինքը կարո՞ղ է իշխանությունը փոխել: Ո՛չ: Ոչ մի քաղաքական ուժ իր վրա թող չվերցնի, թե կարող է իշխանություն փոխել. այն կարող է փոխել միայն զայրացած, բորբոքված, իր ապագայի մասին մտածող ժողովուրդը»: Թեեւ նաեւ հարց ուղղեց՝ գուցե ժողովուրդն արդեն սովորե՞լ է այսպես ապրել, եւ միայն ձեւ է անում, որ դժգոհ է: ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը նշեց, թե նման բազմամարդ հանրահավաքը վկայում է, որ «մեր ժողովուրդը չի համակերպվում իշխանության բռնազավթման հետ»: Իր ելույթում նա անդրադարձավ Հայաստանի եւ Ադրբեջանի ընտրությունների միջեւ զուգահեռներին. «Այն, որ մեր խայտառակ ընտրություններից հետո Հայաստանում արյուն չթափվեց՝ եղավ մեր ժողովրդի ու ընդդիմության շնորհիվ, եւ ոչ թե ապաշնորհ, անօրինական այս իշխանությունների»: Մեջբերենք նաեւ «Հանրապետության» առաջնորդ Արամ Սարգսյանի ելույթից. «Պատերազմ գնալուց առաջ թշնամուն չեն ներկայացնում իրենց դիրքերը: Դրա համար ես էլ ստիպված պիտի գաղտնի պահեմ այն քայլերը, որոնք մենք անելու ենք»: Նաեւ նշեց, թե հանրաքվեն ավելի շատ Ռոբերտ Քոչարյանին է հարկավոր. «Ի՛նքը թող ապացուցի, որ ընտրվել է եւ վստահություն ունի»: Իր խոսքն Արամ Սարգսյանը եզրափակեց հետեւյալ հայտարարությամբ. «Սա ինձ համար վերջին հանրահավաքն է, երբ կգամ այստեղ եւ տեղեկատվություն կտամ: Հաջորդ հանրահավաքը, որ հրավիրեցինք՝ լինելու է գործողությունների հանրահավաք, որով հեռանալու է Քոչարյանը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել