ԱՋԱՓՆՅԱԿՈՒՄ ԳՈՐԾԵՐԸ «ՁԱԽ» ԵՆ ԳՆՈՒՄ Երեկ Աջափնյակի թաղապետն աշխատանքից ազատել է իր աշխատակազմի ղեկավարին Գործող Սահմանադրությամբ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի ունի ընտրելու եւ ընտրվելու իրավունք։ Սակայն պարզվում է՝ Աջափնյակի համայնքում այլ կարգեր են՝ եթե գործող թաղապետ Արծրուն Խաչատրյանն ունի ընտրվելու իրավունք, ապա թաղապետարանի աշխատակիցներն ընտրելու իրավունք չունեն։ Համայնքի ղեկավարի ընտրություններին համընթաց գործող թաղապետ Արծրուն Խաչատրյանն ավելի է ուժեղացնում իր, այսպես կոչված, «վերահսկողական ֆունկցիաները»։ Թաղապետը ոչ միայն չի արձագանքել վարչապետ Անդրանիկ Մարգարյանի առաջարկին՝ քարոզչության փուլում արձակուրդ գնալու մասին, այլեւ սկսել է իր աշխատակիցներին ազատել աշխատանքից։ Այս մասին մենք արդեն գրել ենք «Առավոտի» երեկվա համարում։ Արծրուն Խաչատրյանն աշխատանքից ազատում է թաղապետարանի այն աշխատակիցներին, ովքեր ըստ իրեն կամ՝ իրականում, պաշտպանելու են մեկ այլ թեկնածուի՝ Արման Գալուստի Սահակյանի թեկնածությունը։ Աշխատանքից ազատված Սասուն Եղիազարյանի (ճարտարապետի տեղակալ), Հերիքնազ Երիցյանի (քարտուղարության բաժնի պետ), Սիլվա Մարկոսյանի (I կարգի մասնագետ) շարքը լրացավ եւս մեկով՝ թաղապետը երեկ աշխատանքից ազատեց թաղապետարանի աշխատակազմի ղեկավար Օֆելյա Եղիազարյանին։ Տիկին Օֆելյան եւս իր աշխատանքային իրավունքները վերականգնելու նպատակով դիմել է Աջափնյակ համայնքի դատարան, նաեւ նամակ է հղել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, տարածքային կառավարման եւ արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանին եւ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին։ Նամակում մասնավորապես նշված է, որ իրեն աշխատանքից ազատելու բուն պատճառն «այն է, որ ես պաշտպանում եմ թաղապետի մյուս թեկնածու Արման Սահակյանի շահերը, որն առիթ է դարձել Արծրուն Խաչատրյանի կողմից իմ նկատմամբ ատելության եւ հալածանքի։ Տեղեկացնում եմ ձեզ, որ կազմալուծված է թաղապետարանի աշխատանքը, աշխատանքային ժամերին ոչ մի աշխատակից տեղում չէ, բոլորը զբաղված են քարոզչությամբ, որն օրենքի կոպիտ խախտում է։ Բնակիչների դիմումներին, գրություններին, հսկողական նամակներին չի պատասխանվում՝ աշխատակիցների տեղում չլինելու պատճառով։ Խնդրում եմ ձեր միջամտությունը՝ դադարեցնելու Արծրուն Խաչատրյանի ապօրինի գործողությունները. մի քանի աշխատակիցների անօրինական աշխատանքից ազատելու, ինչպես նաեւ վերականգնելու թաղապետարանի նորմալ աշխատանքային ռիթմը»։ Տիկին Օֆելյան ասաց, որ իրեն աշխատանքից ազատելով թաղապետը նաեւ բացատրել է, որ ինքը աշխատակազմի ղեկավարի պաշտոնը տալու է նրան, ով իրեն խոստացել է ընտրությունների ժամանակ 1000 ձայն ապահովել։ Աշխատակազմի ղեկավար Օ. Եղիազարյանի ազատման հրամանը ձեւակերպված է իբրեւ հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 36-րդ հոդվածի 4-րդ կետը (պաշտոնեական դիրքի չարաշահում)։ Երբ տիկին Օֆելյան փորձել է թաղապետի հետ ճշտել, թե ինքն ինչպես է չարաշահել պաշտոնեական դիրքը, թաղապետը կանչել է իրավաբանին, որն էլ բացատրել է, թե աշխատակազմի ղեկավարը պատռել է կարգադրություններ եւ թաղապետարանի աշխատակցի աշխատանքային գրքույկը։ Տիկին Օֆելյան իրոք չի ժխտում, թե ինքն ինչ-որ բաներ պատռել է, բայց պատճառը եղել է այն, որ այդ կարգադրությունները ճիշտ կազմված չեն եղել եւ ի պաշտոնե իր անուն-ազգանվան փոխարեն գրված է եղել ուրիշինը, նա պարզապես պահանջել է նորից գրել։ Երեկ մենք հեռախոսային զրույց ունեցանք նաեւ թաղապետ Արծրուն Խաչատրյանի հետ, որը իրար ետեւից մարդկանց աշխատանքից ազատելու պատճառը համարեց «աշխատանքի չգալը, աշխատանքային գրքույկի մեջ գծեր քաշելը, կարգադրություններ պատռելը»։ Վերոհիշյալ անձանց հետ պրն Խաչատրյանն աշխատել է 1,5 տարի որպես թաղապետի պաշտոնակատար եւ 3 տարի որպես թաղապետ։ Անցած 4,5 տարիների ընթացքում որեւէ պրոբլեմ չեն ունեցել. «մենք հարազատորեն աշխատել ենք»։ Առճակատման պատճառը թաղապետը համարում է այն, որ «նրանք հակառակորդի համար գործ են անում, ամբողջ ազգուտակով», նաեւ ասվեց, որ «իրենց պատճառները ստից են, ուզում են մարդուն մրոտել, էդքան բան»։ Պրն Խաչատրյանը համաձայն է՝ «թող դիմեն դատարան, եթե դատարանը որոշի, որ պետք է աշխատեն, ես դեմ չեմ»։ Թաղապետը մեզ ասաց նաեւ, որ ինքը հավանաբար երկուշաբթի օրվանից արձակուրդ կմեկնի, բայց եւ հերքեց, թե վարչապետն իրեն նման առաջարկ է արել։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ