Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ՊԱՀԱՆՋ ՉԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ

Հոկտեմբեր 17,2003 00:00

ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ՊԱՀԱՆՋ ՉԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Երեկ շախմատի ֆեդերացիայի նիստում պետք է քննարկվեին մեր տղաների հավաքականի՝ Պլովդիվ մեկնելուց հրաժարվելու հետ կապված հարցերը։ Հավաքվել էին շախմատային աշխարհի մի քանի ներկայացուցիչներ, շախմատիստներ։ Բացակայում էր Վլադիմիր Հակոբյանը, մեր առաջատար գրոսմայստերը։ Եվրոպայի առաջնությունից հրաժարվելը արտառոց երեւույթ է։ Նիստը վարող ֆեդերացիայի նախագահ Վանիկ Զաքարյանն այդպես էլ չկարողացավ հստակ ձեւակերպել օրակարգային հարցերը։ Ու նա, որքան հասկացանք, հիմքեր ուներ։ Վանիկ Զաքարյանն ընդհանուր առմամբ ներկայացրեց իրողությունը, սակայն ինքն էլ չգիտեր, թե վերջին հաշվով շախմատիստներն ինչ էին ուզում։ Նա ենթադրեց, թե, հավանաբար, տղաների դժգոհությունը ցանկալի վերաբերմունքի բացակայությունն է ֆեդերացիայից, որ վերջին հաշվով հանգում է դրամական խնդիրներին։ Ու նախապես իր մեկնաբանություն-հիմնավորումներն արեց։ Եվ, չնայած դրանք մեզ այնքան էլ արդարացված չթվացին, բայց գոնե իրենց մեջ կոնկրետություն էին պարունակում։ Երբ հերթը հասավ գլխավոր գործող անձանց, նրանք, ասես, երկմտում էին՝ խոսե՞լ, թե՞ ոչ։ Այդուհանդերձ, ամենահամարձակը երիտասարդները դուրս եկան։ Կարեն Ասրյանը եւ Գաբրիել Սարգսյանը հայտարարեցին, թե իրենք դժգոհ են ֆեդերացիայի եւ Սպորտպետկոմի վերաբերմունքից, որ իրենք պատվով են ներկայացնում Հայաստանը, սակայն դրա դիմաց արժանի վարձատրություն չեն ստանում։ Երկու շախմատիստներն էլ դժգոհեցին, որ ֆեդերացիայի ղեկավարությունն անտարբեր է շախմատիստների նկատմամբ։ Օրինակ, Պլովդիվի ճանապարհին իրենք ստիպված էին լինելու 10-12 ժամ անցկացնել Մոսկվայի օդանավակայանում, մի բան, որ պատիվ չի բերում ո՛չ պետությանը, ո՛չ էլ իրենց։ Նրանց ընդվզման պատճառներից է նաեւ հոնորարային գումարների չափի ոչ հստակ լինելը։ Նրանք բողոքում էին, որ չգիտեն, թե այս կամ այն հեղինակավոր առաջնությանը, մրցաշարին մասնակցելու եւ մրցանակային այս կամ այն տեղը գրավելու համար ի՞նչ պարգեւավճար են ստանալու։ Մեր շախմատիստները՝ անհատապես, թե՝ թիմով, միշտ էլ բարձր են պահել Հայաստանի մարզական դրոշի պատիվը։ Ու դրա համար նրանք նյութական ու նաեւ՝ բարոյական փոխհատուցում են պահանջում։ Ու այս հարցում նրանք ինչ-որ տեղ ճիշտ են։ Բայց խնդիրն այն է, որ նրանք շատ բաներ խառնում են ու չեն կողմնորոշվում, թե ումից ինչ պետք է պահանջել։ Օրինակ, նրանք պնդում են, որ մրցաշարի, մասնավորապես, Պլովդիվ, մեկնելու համար $32 օրավարձը քիչ է ու պետությունը չի էլ մտածում այդ մասին։ Ու, չնայած, Սպորտպետկոմի լրատվական ծառայության պետ Յուրի Ալեքսանյանը փորձեց բացատրել օրենքի տառը, դժգոհներից շատերն այդպես էլ չցանկացան ընդունել։ Ֆեդերացիայի նախագահ-գրոսմայստերներ բանավեճում փոխադարձաբար մեղադրանքներ հնչեցվեցին, որոնց փակագծերը, սակայն, կողմերը մինչեւ վերջ բացել չցանկացան։ Այնպես որ, մեզ մնում էր հերթական անգամ զոռ տալ երեւակայությանը՝ հասկանալու, թե ինչն ինչոց է։ Մենք կողմերից ոչ մեկին պաշտպանելու նպատակ չունենք։ Հակառակը, ցանկանում ենք հասկանալ, թե հավաքական-ֆեդերացիա- Սպորտպետկոմ հակասության մեջ ով որչափ մեղադորություն ունի։ Ու այդ ակնկալիքով էլ սպասում էինք, թե գոնե շախմատիստները կարտահայտվեն բացեիբաց։ Սակայն տարիքով ավելի մեծ ու կյանքի փորձ ունեցող գրոսմայստերները՝ Սմբատ Լպուտյանը. Արտաշես Մինասյանը, Աշոտ Անաստասյանը գերադասեցին թեժ պահերին լռել։ Միայն վերջում Լպուտյանը հարկ համարեց ընդհանուր տեսական ելույթ ունենալ, որի գլխավոր ասելիքն այն էր, թե շախմատիստներն արժանի են նյութական ու բարոյական ավելի ուշադիր վերաբերմունքի, քան կա այսօր։ Նույնիսկ շախմատի ֆեդերացիայի գործկոմի անդամ, հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանը, այդպես էլ մինչեւ վերջ չկողմնորոշվեց, թե վերջին հաշվով շախմատիստներն ինչից են դժգոհ եւ ինչ են ուզում։ Եթե դժգոհ են ֆեդերացիայից ընդհանրապես, կամ ֆեդերացիայի նախագահից, ուրեմն՝ պետք է որ կոնկրետ պահանջներ դնեին, ընդհուպ, մինչեւ նրանց հրաժարականը։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել