ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋ Դժգոհելու իրավունք չունենք Ուղիղ 10 տարի առաջ՝ 1993172ի հոկտեմբերի 18-ին, Ստեփանակերտի մոտակայքում, ռազմաճակատից հեռու, «չպարզված հանգամանքներում» սպանվել էր Մարտակերտի ճակատի հրամանատար, 26-ամյա Նորայր Դանիելյանը։ Ներկայացնում ենք հատված 1993-ի հոկտեմբերի 23-ին «Հայք» թերթում տպագրված Ալվարդ Բարխուդարյանի հարցազրուցից։ – Ի՞նչ վիճակում են Կիչանը, Հաթերքը։ – Խաչեն գետի ձախափնյա գյուղերը լրիվ ապահով վիճակում են։ Բնակիչների 99 տոկոսը վերադարձել է։ Դպրոց են հաճախում, մանկապարտեզ, բուժկետ։ Տնտեսությունում նորմալ աշխատանքներ են վերսկսվել։ Նախկինի համեմատ Հաթերք, Ումուդլու, Զարդախաչ, Գետավան, Վաղուհաս, Կոճողուտ գյուղերի վիճակը լավ է։ Բնակչության թիվն արդեն հասնում է երկու հազարի։ Վերին Հոռաթաղում նույնպես կյանքը նորմալ հունի մեջ է ընկել։ Բնակչության մեծ մասը վերադարձել է, դպրոցն արդեն գործում է, շուտով կգործեն մանկապարտեզը, բուժկետը, խանութը։ Ներքին Հոռաթաղը համեմատաբար ավելի մոտ է գտնվում ռազմաճակատային գծին, չնայած այնտեղ եւս կա խաղաղ բնակչություն։ Հասկանալի է, որ ռազմաճակատին մոտիկ գտնվելը իր բացասական ազդեցությունն ունի, բայց այստեղ եւս շուտով ամեն ինչ հունի մեջ կմտնի, մանավանդ որ Ներքին Հոռաթաղը գրեթե լրիվ բարեկարգված է։ Թշնամին չի հասցրել ավերել գյուղը։ Համեմատաբար վատ է վիճակը Վաղուհաս, Գետավան, Գյուլաթաղ, Կիչան, Ղազանչի գյուղերում։ Ավերված են։ Բայց շինարարական աշխատանքներ ենք տանում։ Հայաստանի շատ շրջաններ անտարբեր չեն մնացել Մարտակերտի նկատմամբ, եւ ամեն մի շրջան իր շինարարական կազմակերպություններով մեր գյուղերի հոգսը իր ուսերին է վերցրել։ Բոլորն էլ օգնում են։ Այսօրվա դրությամբ մենք իրավունք չունենք դժգոհելու։ – Իսկ դու որտեղի՞ց ես ծագումով։ – Գյուլաթաղից։ – Ծնողներդ այստե՞ղ են ապրում։ – Ծնողներս՝ հա։ Վերջին մեկուկես ամսում Ստեփանակերտից տեղափոխվել են այնտեղ։ Հայրական տունս լրիվ ավերված էր, մինչեւ վերջին քարը՝ քանդված։ 2-3 սենյակը նորոգել ենք, հողի կանչը զորեղ է, կանչում է գյուղացիներին։ Այսօր 25-30 ընտանիք արդեն բնակվում է։ – Ի՞նչ մասնագիտություն ունես։ ֊ Մանկավարժ եմ, ֆիզիկա եւ մաթեմատիկա էի դասավանդում։