Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԵՑ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Հոկտեմբեր 17,2003 00:00

ԳՈՐԾԵՑ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ Ադրբեջանի ընտրություններով ամրապնդվում է ալիեւական հսկա ունեցվածքի անձեռնմխելիությունը Եթե հաշվի չառնենք հայր-որդի Ալիեւների փոխարինումների հանգամանքը, ապա Ադրբեջանի նախագահական ընտրություններն էլ ընթացան բոլոր նախորդ անգամների նման` ներքաղաքական լարվածություն, տեղական բախումներ, փոխադարձ մեղադրանքներ եւ երկրում պառակտումներով թշնամուն չուրախացնելու կոչեր եւ այլն: Նույնիսկ գլխավոր մասնակիցների առումով ընտրությունները ոչ մի անակնկալ չմատուցեցին։ Որեւէ մի նոր քաղաքական գործիչ չերեւաց ծանրաքաշների շարքում: Չնայած դրա իրական հնարավորությունները եւ կային, եւ չկային: Կային, որովհետեւ ադրբեջանական հասարակության մեջ վաղուց զգացվում էր այդ նորով ոգեւորվելու գրեթե ֆիզիոլոգիական պահանջը, չկային, որովհետեւ ցանկացած նոր գործիչ սովորաբար «փչացվում» էր ի սկզբանե: Ադրբեջանում այս ընտրություններով դրվում էր ոչ թե քաղաքական սերնդափոխության, այլ ալիեւական հսկա ունեցվածքի անձեռնմխելիության հարցը: Իսկ այնտեղ, որտեղ բացի քաղաքականից բախվում են նաեւ ֆինանսական շահերը, պայքարը «եվրոպական նրբագեղության» շրջանակներում պահել հնարավոր չէ: Սա համարենք ադրբեջանական «քաղաքական մենթալիտետի» եվրոպական ընտրական ստանդարտների հետ բախվելու առաջին լուրջ դրսեւորումը: Ի սկզբանե Իլհամ Ալիեւը քաղաքականության մեջ ներմուծվեց որպես «պահեստային խաղացող»: Անկախ այն բանից, որքան կկարողանար «դիմանալ» Ալիեւ հայրը (մինչեւ ընտրարշավի հաղթական ավարտը, երդման արարողությունից հետո եւս երեք ամիս, մեկ տարի, թե էլի մի քիչ ավելի), միեւնույն է, նրա առողջությունը թույլ չէր տալու գտնվել Բաքվում անընդմեջ եւս հինգ տարի շարունակ: Պահեստային տարբերակն աշխատեցնելու պահանջը զգացվելու էր: Սա բազմափորձ գործիչը հասկանում էր փայլուն կերպով, հետեւաբար պատահական չէր ընտրությունների նախօրեին Իլհամին վարչապետ դարձնելու որոշումը: Եթե Ալիեւի առողջությունը վատանար ընտրություններից հետո, որպես նախագահի պաշտոնակատար որդին փոխարինելու էր նրան մինչեւ արտահերթ ընտրությունները: Ալիեւի առողջությունը կտրուկ վատացավ այս սցենարից դուրս, կատարվեց այսպես կոչված ոչ արձանագրային քայլ: Որդի Ալիեւը, որը քարոզարշավի մեծ մասն աշխատել էր հոր թեկնածության համար, ստիպված եղավ արագ կողմնորոշվել դժվար իրավիճակում: Ադրբեջանցի լրագրողների վկայությամբ` Իլհամի դեմքին ընտրարշավային մեկ օրից մինչեւ հաջորդ օրը աստիճանաբար հալվում էր հերթապահ ժպիտը, որը կոչված էր արտահայտելու քաղաքական հզոր դեմք դառնալու նրա պատրաստակամությունը: Երեւի նոր էր զգում, թե ինչ ծանր բեռի տակ էր դեմ տվել իր ուսը: Հոկտեմբերի 15-ին Իլհամին օգնեցին լուծելու ընտանիքի ունեցվածքի ապահովության հարցը: Ավելի լուրջ շարունակականություն նա դրսեւորել չի կարողանա: Ճիշտ է՝ Ադրբեջանից հասնող տեղեկություններն ու թվերը վկայում են ընտրությունների առաջատարի եւ նրա մրցակիցների տվյալների էական տարբերության մասին, սակայն պարզ է, որ այլեւս ավարտված կարելի է համարել ալիեւական դարաշրջանը: Ընդհանուր առմամբ 34 տարվա կառավարման ժամանակաշրջանը քաղաքականության մեջ մի ամբողջական փուլ էր, որի ընթացքում կարելի էր այնուամենայնիվ աճեցնել արժանի հետնորդին, առանց իշխանության ժառանգման ասիական մոդելի բացահայտ գործադրման: Ինչ է սա, ի վերջո, տալու Հայաստանին: Ադրբեջանական ընտրությունների եվրոպական ստանդարտներից չափազանց հեռու լինելուց ուրախացող հայ վերլուծաբաններին ու գործիչներին կոչ եմ անում չտրվել թեթեւացած շունչ քաշելու գայթակղությանը: Եվ եթե Եվրոպայի գլխավոր դիտորդը հանկարծ որոշի, որ այստեղ պարզապես այլանդակ ընտրություններ են կազմակերպվել, հավատացած եմ, որ նրանց նկատմամբ կիրառվող պատժամիջոցները տարածվելու են նաեւ մեզ վրա: Պատահական չէ, որ եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում այդ գլխավոր դիտորդը նույն մարդն է` Պիտեր Այքերը: ԼԱՈՒՐԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ «Ռեգիոն» կենտրոնwww.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել