Լրահոս
Օրվա լրահոսը

Կգտնվեն բարոյական մարդիկ

Հոկտեմբեր 17,2003 00:00

Կգտնվեն բարոյական մարդիկ Հույս ունի նորաստեղծ ժողովրդական ճակատը Երեկ «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը ասուլիս էր հրավիրել «Հայրենիք» ժողովրդական ճակատը հիմնադրելու կապակցությամբ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այդ ճակատում են ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը, գեներալ Էդուարդ Սիմոնյանցը, սոցուժերը ղեկավարող Աշոտ Մանուչարյանը, նախկին ՆԳՆ եւ ՊԱԿ-ի աշխատակիցներ, այլ զինվորականներ ու մտավորականներ։ «Մենք պայքարելու ենք մինչեւ երկրում իշխանության կգան ազգային, բարոյական կերպար ունեցող մարդիկ»,- հայտարարեց պարոն Մարգարյանը։ Նա նաեւ տեղեկացրեց, որ ինքը սկզբունքորեն դեմ չի լինի, եթե սույն ազգային-բարոյական ուժերը դղյակներ կառուցեն՝ «եթե դա լինի իրենց արդար քրտինքով»։ «Առավոտի» հարցին՝ արդյո՞ք մեր երկրում այդքան բարոյական մարդիկ մնացել են, պարոն Մարգարյանը հակադարձեց. «Թեկուզ չորրորդ իշխանության այն ներկայացուցիչները, ովքեր չեն ծառայում ռեժիմին, կաշկանդված չեն եւ սեւ եկամուտներ չունեն»։ Իսկ թե ինչպե՞ս են ճակատականներն իրենց ծրագրերը իրականացնելու, ժողովրդական լայն զանգվածները կիմանան առաջիկայում։ Առայժմ տեղյակ պահվեց միայն, որ հանրապետության 950 բնակավայրերում տարածքային կառույցներ են հիմնվելու։ Պայքարի մեխանիզմները բացահայտելու լրագրողների բոլոր ջանքերն ապարդյուն անցան՝ «մենք գիտենք մեխանիզմները, բայց ամեն ինչ հո չե՞նք ասի»,- անսասան մնացին ազգայնականները։ Իսկ թե ինչ աղբյուրներից են նրանք սնվելու՝ «կգտնվի հայ ազնիվ մարդ, որը կօգնի մեզ ֆինանսապես։ Մենք դրսից որեւէ մեկից չենք ֆինանսավորվի, որովհետեւ նրանց պատվերը չենք կատարի»,- ասաց պրն Գ. Մարգարյանը։ «Վհուկների որս չենք անելու,- խոստացան բանախոսները,- բայց անարդար վաստակով կատարած գործերի համար բոլորը պետք է պատասխան տան։ Կազմակերպվածություն, համախմբվածություն եւ դրված նպատակին հասնելու վճռականություն՝ սա է մեր ժողովրդի փրկության միակ ուղին։ Մենք սկսում ենք շարժում այդ ուղիով՝ դրանից երբեք չշեղվելու հաստատակամությամբ։ Երկրի տերը պետք է լինի եւ կլինի ժողովուրդը»՝ հայտարարեցին Ժողճակատի նախաձեռնողները։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել