Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԶՈՒՆՅԱՆԻՑ ՔՇՎԱԾՆԵՐԸ

Հոկտեմբեր 17,2003 00:00

ՈՒԶՈՒՆՅԱՆԻՑ ՔՇՎԱԾՆԵՐԸ Իսկ դրանք երկուսն են՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամներ Արամազդ Զաքարյանն ու Սուրեն Սուրենյանցը «Հոկտեմբերի 27»-ի դատավարության հատկապես վերջին մի քանի նիստերը այդ քրգործի եւ ընդհանրապես դատարանի դահլիճում ծավալվող իրադարձությունների նկատմամբ հասարակական հետաքրքրության նոր ալիքի առիթ հանդիսացան: Դատաքննության վերջին զարգացումներից մեկն էլ տուժողի շահերի երկու ներկայացուցիչներին՝ Արամազդ Զաքարյանին եւ Սուրեն Սուրենյանցին, դատարանի դահլիճից անվերադարձ հեռացնելու մասին դատարանի որոշումն էր: Նրանց նկատմամբ, ովքեր, ի դեպ, ներկայացնում էին «Հանրապետություն» կուսակցությունը, դատարանն ու մեղադրողները միջնորդեցին նաեւ քրգործ հարուցել: Երեկ մենք զրուցեցինք այդ ճակատագրին արժանացած Սուրեն Սուրենյանցի հետ: Վերջինս պատասխանեց մեր հարցին, թե արդյո՞ք քրգործի դատաքննությունը ավելորդ անգամ քաղաքականացնելու նպատակով չէր պայմանավորված այն, որ, մասնագիտությամբ ոչ իրավաբան քաղաքական գործիչները՝ որպես տուժողների ներկայացուցիչներ, ներգրավվեցին դատական պրոցեսում: Պրն Սուրենյանցը կարծիք հայտնեց, թե դատարանում պրոֆեսիոնալ իրավաբանների ներկայությունն, իբրեւ տուժողի ներկայացուցիչ, անհրաժեշտ կլիներ այն դեպքում, եթե դատավարությունն ընթանար օրենքների շրջանակներում եւ դատարանն իրականացներ արդարադատության իրեն վերապահված գործառույթը: Նրա ասելով, «27»-ի դատավարությունը հեռու է այդ գործառույթն իրականացնելուց: Միաժամանակ նա չհամաձայնեց, թե դատական պրոցեսում ներգրավվելու իրենց միակ նպատակը դատավարության ընթացքում քաղաքական հայտարարություններ անելն է եղել: «Մենք մտել ենք դատական պրոցես, որովհետեւ դատավարությունն արդեն քաղաքականացված էր եւ ոչ մեր նախաձեռնությամբ: Դատարանն ու մեղադրողները հստակ կատարում էին վարչախմբի պատվերը՝ փորձելով պարտակել ոճրագործությունը: Ավելի կոնկրետ, մենք պրոցեսում ընդգրկվեցինք այն բանից հետո, երբ իրավական հիմք չունենալով եւ անտրամաբանական պատճառաբանությամբ կրճատվեց դատակոչված վկաների թիվը: Մենք սրանում միտում տեսանք»,- ասաց Ս.Սուրենյանցը: Այս կարծիքն իբրեւ ամրապնդող փաստարկ նա մատնանշեց դատավոր Ս.Ուզունյանի կայացրած որոշումն ու մեղադրողների միջնորդությունները՝ քրգործի նյութերում առկա գաղտնալսումներին վերաբերող հինգ հատորները որպես ապացուցողական նշանակություն չունեցող նյութեր հայտարարելը եւ դրանք դատարանում հրապարակելուց հրաժարվելը: Ի դեպ, Ս.Սուրենյանցի վկայությամբ, այդ նյութերին ծանոթ էին հենց միջնորդության դեմ առարկած մեղադրողներն ու դատավորը, իսկ տուժողների ներկայացուցիչները՝ ոչ: «Երբ մենք նոր էինք դատական պրոցես ներգրավվել մեզ մեղադրում էին օրենքների չիմացության մեջ, հետո, երբ տեսան, որ մեր միջնորդությունները պատշաճ կերպով ենք ձեւակերպում՝ շրջանառության մեջ դրվեց այն միտքը, թե, իբր, մեր եւ ամբաստանյալների շահերը նույնն են: Երբ այդ քարոզչական հնարքն էլ ապարդյուն եղավ հարմար գտան մեզ դատարանի դահլիճից հեռացնելը, որովհետեւ մեր ակտիվ մասնակցությունը դատական պրոցեսին հասարակական ակտիվություն եւ նոր հետաքրքրություն է առաջացնում դատավարության նկատմամբ»,- կարծիք հայտնեց Ս.Սուրենյանցը: Վերջինս հայտարարեց, թե Քրեադատավարական օրենսգրքում չկա մի հոդված, որը դատավոր Ուզունյանին թույլ տար տուժողի ներկայացուցչին՝ Արամազդ Զաքարյանին, դատարանի դահլիճից հեռացնել: «Դուք դատարանում խուլիգանություն եք արել, վիրավորել եք դատարանին, խախտել եք կարգուկանոնը»՝ մեր այս փաստարկին պատասխանելով Ս.Սուրենյանցը պնդեց. «Ես ընդամենն առաջնորդվել եմ Քրդատօրով՝ փորձելով պարզել՝ օրենքով եւ ինչ պատճառաբանությամբ է տուժողի ներկայացուցիչը հեռացվել դահլիճից: Սրա մեջ ոչ քաղաքական ենթատեքստ կա եւ, ոչ էլ, առավել եւս, դատարանին ուղղված վիրավորանք կամ խուլիգանության տարր»: Նա չբացառեց, որ առաջիկայում տուժողի այլ ներկայացուցիչներ եւս դատարանից կհեռացվեն. «Այդպիսի ներկայացուցիչներն իրենց հարցերով դատարանին նյարդայնացնում են, ստիպում են, որ ԶԼՄ-ներն ու հասարակությունը դատավարությունն ուշադրության կենտրոնում պահեն, ֆիքսում են այն հարցադրումներն ու հանգամանքները, որոնցից դատավորն ու մեղադրողները խուսափում են եւ, որոնք բնավ չեն տեղավորվում իշխանությունների սցենարի շրջանակներում»: Վերջինիս դիտարկմամբ, որքան մոտենում է դատավարության ավարտը, այնքան իշխանությունների համար ավելի դժվար է դառնում համոզիչ երաշխիքներ տալ ոճրագործներին, «որովհետեւ մի կողմից Ն.Հունանյանը երաշխիքներ է պահանջում եւ ստանում, մյուս կողմից՝ հասարակությունն է պահանջում գործի լիարժեք բացահատում եւ ոճրագործի նկատմամբ խիստ պատիժ: Այս երկուսի՝ ոճրագործի ցանկությունների եւ հասարակական տրամադրությունների միջեւ իշխանությունը ստիպված է դժվարին ընտրություն կատարել»: Այդուհանդերձ, քաղաքական գործիչների ներգրավումը դատական պրոցեսում արդյունավե՞տ էր: Դատարանի դահլիճից հեռացված եւ այլեւս տուժողի նախկին ներկայացուցիչ Ս.Սուրենյանցն ասաց. «Այո, բայց այդ արդյունավետությունը գերագնահատել պետք չէ: Կարեւորն այն է, որ հասարակության հետաքրքրությունը «27»-ի դատավարության նկատմամբ արթնացավ եւ նա ավելի հստակ պատկերացում կազմեց այդ դատավարության մասին»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ Հարգելով քաղաքական գործիչների՝ ԱԺ ամբիոնից, մամուլում, հանրահավաքներում քաղաքական հայտարարություններ անելու իրավունքը, կարծում ենք, այնուամենայնիվ, որ դատարանը դրա տեղը չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել