ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻԴ ԱՉՔԵՐԻՆ ՀԱՆԳԻՍՏ ՆԱՅԻՐ «Շատ խճճված եւ ծանր ժամանակներ ենք ապրում, բայց ես ուզում եմ, որ մատնության ոգին դուրս գա մեր երկրից,- «Առավոտին» ասաց գրող Ալվարդ Պետրոսյանը:- Վիճե՛նք իրար հետ, բայց երեկվա իշխանավորն Ազգային ժողովում կանգնած չլինի մեն-մենակ եւ վախենան մոտենալ նրան: Այդպիսի մի քանի դեպքեր եղել են իմ կյանքում (մեկը Վանոն էր, մյուսի անունն էլ հիմա չեմ ուզում տալ), երբ նայում եւ մտածում էի՝ այս մարդու իշխանության օրոք, երբ Աժ էր գալիս՝ իր առջեւ սողում էին, իսկ հիմա փախչում են կողքից: Ես ամաչում էի եւ մտածում, որ եթե տղամարդ ծնված լինեի, ինչքա՜ն մարդ կա, որոնց կծեծեի անպայման: Քանի որ չեմ կարող մատնագրեր գրել, դատի տալ՝ ուրեմն պիտի ծեծեի: Այս ողորմելի պատեհապաշտության, ստրուկի ոգին հարիր չէ մեր ազգային նկարագրին՝ մենք դա ձեռք ենք բերել որպես գաղութ ապրելուց: Եվ մինչեւ այն դուրս չգա մեր միջից՝ չենք հասնի ոչ մի բանի: Պիտի կարողանաս հանգիստ, մաքուր խղճով նայել քո հակառակորդի աչքերին եւ ասել, որ կռիվը՝ կռիվ, բայց ես ոչ մի ստորություն չեմ արել քո դեմ: Այ, այդ մթնոլորտը եթե լինի՝ մենք կիմանանք, թե, ասենք, «Ա1+»-ի փակման համար ով է պատասխանատու, լրագրողներին ավելորդ չեն մեղադրի զրպարտանքի կամ խարդավանքներ ստեղծելու համար եւ այլն: Հիմա շատ ծանր է մեկ-մեկու մեղադրելը: Օրինակ՝ ես մինչեւ հիմա էլ չեմ կարող հավատալ, որ երբ իմ հրապարակած թերթը փակում էին՝ իմ ընկերները կարող էին մասնակից լինել, եւ հնարավոր բան էր, որ, ասենք, Վազգենը կամ Վանոն գոհ լինեին դրանից: Կարող է եւ մասնակցել են, բայց ես չեմ ուզում հավատալ: Եվ ինձ թվում է, որ ես ավելի ճիշտ եմ: Քանի որ այդ դեպքում, ինչո՞ւ պիտի Վանոն շատ ծանր իրավիճակներում միշտ մոտենար ինձ եւ համբուրեր: Ես չէի անի. եթե մեկի նկատմամբ ստորություն արած լինեի՝ հետո չէի մոտենա նրան: Մեր կյանքը միշտ էլ բարդ է լինելու՝ մենք ոչ Լյուքսեմբուրգ ենք, ոչ Լիխտենշտեյն: Հայ ժողովրդի կյանքը երբե՛ք հեշտ չի լինելու: Թող բարդ լինի, բայց թող մաքուր լինի: Այս երազանքն ունեմ՝ չգիտեմ՝ իրագործելի՞ է, թե՞ ոչ: Բայց ես շնչահեղձ եմ լինում պատեհապաշտներից, մատնագրեր գրողներից, վախկոտներից, ստորաքարշներից, կաշառակերներից, քծնողներից, որոնք հարցեր են լուծում եւ մեր կյանքը դարձնում դժոխք»: Ա. Ի.