Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմ սեփական ժողովրդի դեմ

Հոկտեմբեր 17,2003 00:00

Պատերազմ սեփական ժողովրդի դեմ Իլհամ Ալիեւը դարձավ «լեգիտիմ բռնապետ» Բոլոր այն քաղաքական վերլուծաբանները, ովքեր Ադրբեջանի նախագահական ընտրություններում կանխատեսել էին Իլհամ Ալիեւի հաղթանակը, կարող են պարծենալ գալիքը տեսանելու իրենց «փայլուն» ձիրքով. Իլհամն իսկապես հաղթեց: Առավել եւս կարող են պարծենալ նրանք, ովքեր մարգարեացել էին, թե վարչախմբի թեկնածուն անցնելու է անպարկեշտության հասնող բարձր տոկոսներով: Արժանի «մարգարեներ» են նաեւ նրանք, ովքեր ենթադրում էին, որ Ադրբեջանի իշխանական կլանն անմարդկային բռնություններ է գործադրելու ընդդիմության եւ վերջինիս համակիրների նկատմամբ, ինչպես նաեւ դիմելու է աննախադեպ ընտրակեղծիքների: Դատելով ոչ ԱՊՀ-ական դիտորդների նախնական գնահատականներից, հենց այդպես էլ եղավ: «Եթե այդ բանը տեղի ունենար իմ երկրում, ես այն կհամարեի պատերազմ սեփական ժողովրդի դեմ»,- հայտարարել է բռնություններից եւ ընտրակեղծիքներից սարսափած՝ ԵԱՀԿ դիտորդական խմբի լեհաստանցի ներկայացուցիչ Հաննա Հորոշեմովիչ-Գրոդեսկան: Ընտրություններ կոչեցյալի ընթացքը նկարագրելու համար էպիտետներ չի խնայել նաեւ Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդին, ըստ որի, «ընտրությունների կազմակերպումը, ընթացքը, ինչպես նաեւ արդյունքները կատարյալ ֆարս էին. ընդդիմադիր թեկնածուներին ընձեռնված չէր նույնիսկ չնչին հնարավորություն ընտրությունների արդար արդյունքին հասնելու համար»: Պրոդիի խոսքերով, Ադրբեջանի նախագահ ընտրված Իլհամ Ալիեւին կարելի է երկրի «լեգիտիմ բռնապետ» համարել: Իրենց հերթին, մեզ շատ լավ ծանոթ հայտարարություններ են արել մեզ ոչ պակաս լավ ծանոթ՝ ԵԱՀԿ եւ ԵԱՀԿ ԵԽ ներկայացուցիչներ Պիտեր Այքերն ու Ջովաննի Քեսլերը: Առաջինը նշել է, թե «այս ընտրություններն իրական ժողովրդավարական ընտրական գործընթաց անցկացնելու բաց թողնված հնարավորություն դարձան», մանրամասնելով, որ իրենց հատկապես մտահոգում է «ընտրարշավի ընթացքում ահաբեկումների եւ թեկնածուների համար անհավասար պայմանների մակարդակը»: Ինչ վերաբերում է ԱՊՀ դիտորդական խմբի ղեկավար Յուրի Յարովի գնահատականներին, ապա դրանք ծիծաղելիորեն ծանոթ էին ու բացահայտորեն՝ սուտ. Ադրբեջանի նախագահական ընտրությունները որակվել են իբրեւ «արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական»: Կարիք չկա անդրադառնալ բուն կեղծիքների եւ բռնարարքների տեխնոլոգիական մանրամասներին: Նշենք միայն, որ այս հարցում կոպտորեն խախտված կարելի է համարել հայաստանյան իշխանիկների «հեղինակային իրավունքները»: Ադրբեջանում նախանձելի փութաջանությամբ ընդօրինակել, իսկ շատ հարցերում անգամ զարգացրել են հայ կեղծարարների մտքի թռիչքները: Դառնանք, սակայն, տարբերություններին: Երեկ ռուսական հեռուստաընկերություններին տված հարցազրույցներում ամերիկացի եւ բրիտանացի գործարարները չէին էլ թաքցնում, որ իրենց առաջին հերթին հետաքրքրում է Ադրբեջանում նավթային բիզնեսի մեջ ներդրած իրենց միլիարդավոր դոլարների հետագա ճակատագիրը: Հատկանշական է նաեւ այն, որ ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ռիչարդ Բաուչերը ընտրությունների հաջորդ օրն իսկ հայտարարեց, թե Պետդեպի տվյալներով ընտրություններն ընթացել են «հարթ» եւ իրենց հայտնի չեն «բռնության դեպքերի մասին փաստեր»: Եվ սա այն պարագայում, երբ նույն ԱՄՆ-ն երկար ժամանակ չէր «օրհնում» Ռ. Քոչարյանի հաղթանակն ու այդպես էլ հոդաբաշխ կերպով չշնորհավորեց նրան, իսկ Պետդեպի գնահատականն ուղղակի խարան էր Հայաստանի համար: Միանգամայն բնական է եւ սրտնեղելու կարիք ամենեւին չկա: Այստեղ ակնհայտորեն դեր խաղացին Ադրբեջանի հստակ ռազմավարական կողմնորոշումներն ու ինչպես արդեն վերը նշվեց՝ միջազգային հանրության գլոբալ նավթային շահերը: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ Կարդացեք նաեւ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել