Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԻՇՏ ՈՂՋՈՒՆԵԼՆ ԷԼ Է ԱՐՎԵՍՏ

Հոկտեմբեր 17,2003 00:00

ՃԻՇՏ ՈՂՋՈՒՆԵԼՆ ԷԼ Է ԱՐՎԵՍՏ Պաշտոնյաների հագնվելու հմտությունների վերաբերյալ մեր հրապարակումը բազմաթիվ արձագանքներ ունեցավ: Եղան առաջարկներ՝ շարունակելու այդ շարքը, որ գուցե օգնի հայ գործիչներին՝ պատշաճ ներկայանալ միջազգային եւ տեղական ասպարեզներում: Շեֆերի շեֆը Հիշեցնենք, որ այս հարցերում մեր փորձագետը պետական մարմիններում աշխատանքի պատկառելի փորձ ունեցող գործիչ է, որի անունը չենք հրապարակում, քանի որ չենք ցանկանում, որ նրա դիտարկումներն իր համար առիթ դառնան տհաճությունների: Այսօր անդրադառնում ենք դիմելաձեւերի, ձեռքսեղմումների եւ պաշտոնական համբույրների էթիկայի խնդրին: Մեր զրուցակիցը նախ կարեւորեց, որ ի վերջո, արարողակարգով հստակեցվի այնպիսի մի պարզ հարց, ինչպիսին պաշտոնական դիմելաձեւերն են, որոնց առնչությամբ տիրում է լիակատար խառնաշփոթ: Խորհրդային կարգերի վերացումից հետո՝ այդ տարիների նկատմամբ բնական մերժողական վերաբերմունքի զոհ դարձավ «ընկեր» դիմելաձեւը: Խորթ աչքով էին նայում նաեւ անուն-հայրանունով ռուսական «իչ» վերջավորությամբ դիմելու սովորությանը: Այդ ամենին պիտի փոխարիներ «պարոն» բառը, բայց այն լիովին չարմատավորվեց: Էլ չենք խոսում «տեար» դիմելաձեւի մասին, որն ապարդյուն փորձում էր կիրառական դարձնել Աշոտ Բլեյանը: Եվ Հայաստանի քաղաքական վերնախավում առավել գործածական դարձավ «շեֆ»-ը. «Թեեւ այն այդպես էլ չդարձավ պաշտոնական դիմելաձեւ եւ առավել գործածվում էր մեղմ տոներով զրույցների ժամանակ»: Ի դեպ, այդ տարիներին ՀՀՇ-ի Գեւորիկը Լեւոն Տեր-Պետրոսյանին անվանում էր «շեֆերի շեֆ»: Վարչապետ Հրանտ Բագրատյանը զուր ջանքեր էր գործադրում կառավարությունում տարածելու անուն-հայրանունով հայերեն վերջավորությամբ դիմելաձեւը: Կուսակցական նախկին նոմենկլատուրան, որը հաջողացրել էր դիրքեր գրավել նաեւ նոր իշխանությունում, ծանր էր տանում «պարոն» դիմելաձեւը եւ շարունակում կիրառել «իչ» վերջավորությամբ հայրանունով դիմելաձեւը. «Եվ դրա ամենակարկառուն ներկայացուցիչը Վլադիմիր Միհրանիչ Մովսիսյանն ու Արարատ Դվինիչ Գոմցյանն էին: Վերջինիս մասնագիտությունն էր կարծես, որ գիտեր բոլորի անուն-հայրանունները: Նա նույնիսկ հոգեւորականներին էր սկսել դիմել անուն-հայրանունով»: Կուսնոմենկլատուրայի նախկին ներկայացուցիչներից մեկը մի առիթով անգամ ամերիկահայ Վարդան Օսկանյանին էր անվանել «Վարդան Մինասիչ», ինչից վերջինս վիրավորվել էր: Սա մինչեւ 1998-ն առկա վիճակն էր, երբ «իչ»-ով դիմողներն «էկզոտիկ երեւույթներ էին»: Իսկ այժմ այդ դիմելաձեւը լիովին վերահաստատվել է մեր վերնախավում, որի լավագույն ապացույցը «Ռոբերտ Սեդրակիչ»-ը կամ «Ստեփան Կարենիչ»-ն է. «Որեւէ մեկը դիտողություն չի անում, թե դա հայերեն չէ, մեր լեզվին հարիր չէ եւ այդպես կարելի է դիմել թերեւս միայն Ռուսաստանում հանդիպումների ժամանակ»: Նշենք, որ այս առումով հազվագյուտ բացառություն է… դատախազությունը, որտեղ բոլորը գլխավոր դատախազի տեղակալին անվանում են Աղվան Գառնիկի: Եվ այնուամենայնիվ, եթե սիրում եք սուր զգացողություններ՝ զանգեք ՀԿԿ գրասենյակ եւ հեռախոսի մոտ կանչեք, ասենք, պարոն Սանատրուկին: «Այստեղ պարոններ չկա՛ն»՝ զայրագին որոտում է տիկին Եկատերինան, որը պատասխանում է զանգերին: Ձեռքդ ե՛տ տար Արարողակարգային կարեւոր բաղադրատարր են նաեւ ձեռքսեղմումները: Վստահ էինք, թե վատ տոնի արտահայտություն է կանանց ձեռքը սեղմելը, բայց մեր զրուցակիցն ասաց. «Եթե կինն իրեն թույլ է տալիս ձեռքը մեկնել սեղմելու համար՝ կարող ես, իհարկե, համբուրել այն, բայց ընդունված է նաեւ սեղմելը: Դա, իհարկե, չի նշանակում, թե կնոջ ձեռքն էլ պիտի սեղմես այնպես, ինչպես տղամարդունը, որ ոսկորները ճրթճրթան: Ասենք, Անդրանիկ Մարգարյանը շատ դեպքերում մոռանում է, որ կնոջ ձեռք է եւ պիտի նրբանկատ լինել»: Պաշտոնական ձեռքսեղմումները կարող են դառնալ դիվանագիտական արտահայտչամիջոց. «Պիտի կարողանաս այդ բարեւի միջոցով դիմացինիդ ցույց չտալ, որ դու ատում ես նրան, կամ շատ-շատ ես սիրում: Ճիշտ չէ ձեռքն այնպես սեղմել, որ չզգացվի ափիդ ջերմությունը: Բայց, ասենք, Հրանտ Բագրատյանը 2-3 մատն էր տալիս սեղմելու՝ անգամ չէր զգացվում, թե բարեւում է: Վարդան Օսկանյանն էլ է խիստ ձեւական սեղմում ձեռքդ»: Ի դեպ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Ռուբեն Միրզախանյանը պնդում էր, թե այդպիսի՝ բավական վերամբարձ ձեռքսեղմում ուներ նաեւ Հայաստանի առաջին նախագահը, ի տարբերություն երկրորդի, որը ձեռքը սեղմում է ամուր ու պինդ: Գիտենք մի գործչի, որը մեքենայի մեջ սպիրտ է պահում եւ մաքրում ձեռքերը՝ հատկապես, երբ հանդիպումներ է ունենում քաղաքացիների հետ: Ի դեպ, 1998-ից հետո մեր երկրի ղեկավարները վերջ տվեցին բարձրագույն հոգեւորականների աջը համբուրելու ավանդույթին եւ այժմ Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռքն էլ են սեղմում, Հռոմի Պապինն էլ. «Որեւէ երկրի ղեկավարի կամ հասարակ պաշտոնյայի պատիվ չի բերում, եթե նրանք չունեն աջհամբույրի միջոցով եկեղեցական առաջնորդներին պատվելու կուլտուրան»: Հիշեցնենք, որ երբ Բելա Քոչարյանը համբուրեց Հռոմի Պապի ձեռքը՝ Ռոբերտ Քոչարյանն իր ձեռքն էլ մեկնեց: Ինչ վերաբերում է մեր Վեհափառին՝ մի պաշտոնյա արդարանալով ասում էր, թե ինքը՝ Գարեգին 2-րդը թույլ չի տալիս, որ իր աջը համբուրեն, հաշվի առնելով, որ տարեկիցներ են: «Գուցե կաթողիկոսը դա ասել է առանձին հանդիպումների մասին, բայց կարգին քրիստոնյան իրեն թույլ չպիտի տա այդպես վարվել հրապարակավ,- նկատեց մեր զրուցակիցը:- Թերեւս նախորդ տարիների բեռն է սա»: Մեր զրուցակիցը որպես ջերմ ու եռանդուն «ձեռքսեղմողների» հիշեց Վազգեն Սարգսյանին, նրա եղբորը՝ Արամին եւ Արմեն Խաչատրյանին: Վերջինս դեռ մյուս ձեռքով էլ ծածկում է ափերի միախառնումը. «Սա հին ոճի ձեռքսեղմում է, որով արտահայտվում է ընդգծված հարգանք: Նման մի քիչ էլ կեղծավոր ձեռքսեղմում կար, երբ ձեռքը պիտի ուսի բարձրությամբ լիներ եւ դա, վերջանում էր, իհարկե, համբույրներով»: Պաչիկնե՜ր, պաչիկնե՜ր Պաշտոնական համբույրն էլ է դիվանագիտական արտահայտչամիջոց, որի միջոցով կարող են որոշվել հարաբերությունները տվյալ երկրի հետ. «Նրանով, թե ձեռքսեղմումից հետո լինո՞ւմ է համբույր, թե՞ չէ՝ կարող ես գուշակել՝ ջե՞րմ են արդյոք հարաբերությունները»: Մահմեդական երկրների պաշտոնական արարողակարգով էլի ընդունված են կրկնակի կամ եռակի համբույրները. «Արաֆաթի հետ հանդիպելիս պարտադիր է նրա ուսերը համբուրելը»: Իսկ եվրոպական պաշտոնյաներն այժմ իրար ոչ թե համբուրում, այլ միայն թշերն են թեթեւակի կպցնում: Համբույրները կամաց-կամաց դուրս են մղվում արարողակարգից, քանի որ կարող են դիտվել իբրեւ կողմնորոշման արտահայտություն եւ սեռական ոտնձգություն: Հայ տղամարդկանց գրկախառնվելն ու համբուրվելը դեռ այնքան էլ այդպես չի ընկալվում, ուստի մեր պաշտոնյաները շարունակում են ողջագուրվել եւ չլմփացնել միմյանց այտերին: Այս առումով մեր զրուցակիցն առանձնացրեց Սերժ Սարգսյանին, Հովհաննես Հովհաննիսյանին եւ Իշխան Զաքարյանին. «Վերջինս շատ ջրիկ եւ ընդգծված է համբուրում»: Բայց, իհարկե, այս «պաչաններից» եւ ոչ մեկը չի կարող ոտք մեկնել Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւի հետ, որի ջերմ, կրքոտ եւ բազմակի համբույրները տարբեր երկրների առաջնորդների հետ՝ ուղղակի անմոռանալի են: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Արարողակարգով ընդունված պաշտոնական համբույրը Հայաստանում ժամանակին քիչ էր մնացել դառնար միջազգային սկանդալի պատճառ: Արդյունաբերության մի նախկին փոխնախարար՝ Բորիս անունով, պաշտոնական ընդունելության ժամանակ, բարձր տրամադրությամբ նախ համբուրել էր Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպանուհու այտը, հետո փորձել շարունակել: Արտգործնախարարությունից բողոք էր եղել, եւ փոխնախարարին հասկացրել էին, թե նման պահվածքը պատշաճ չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել