Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրորդ վեհարան՝ գիտնականների հաշվին

Հոկտեմբեր 16,2003 00:00

Երկրորդ վեհարան՝ գիտնականների հաշվին Եկեղեցին էլ է «օբյեկտ ուզում» քաղաքում Երեկ խմբագրությունը գրություն ստացավ կառավարության լրատվական ծառայությունից, որը սկսվում է հետեւյալ կերպ. «Հայաստանյաց Առաքելական եկեղեցուն շենք եւ շինություններ հանձնելու մասին» ՀՀ կառավարության որոշումը ոչ ճիշտ մեկնաբանությունների առիթ է տվել եւ՛ առանձին գիտնականների, եւ՛ որոշ լրատվամիջոցների, որոնք, թյուրիմացաբար, այդ հարցում նախաձեռնող եւ շահագրգիռ կողմ են համարում կառավարությանը»: Ճիշտն ասած, «Առավոտը» նման տպավորություն չունի եւ կարծում է, որ դա բացառապես Հայ Առաքելական եկեղեցու նախաձեռնությունն ու շահագրգռությունն է: Կառավարության գրության հետագա շարադրանքը հաստատում է այդ տպավորությունը. «Ս.թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետին է դիմել Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն՝ (դիմումի պատճեն ուղարկելով նաեւ Երեւանի քաղաքապետին) որոշման մեջ նշված տարածքը, շենքն ու շինությունները Հայաստանյաց Առաքելական եկեղեցուն հատկացնելու խնդրանքով. «Մեր խնդրանքն է, -ասված է գրության մեջ, -Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին տրամադրել Կաթողիկե եկեղեցու տարածքը, ներառյալ Լեզվի ինստիտուտի շենքը՝ այն քանդելու արտոնությամբ, որպեսզի մայրաքաղաքի հնագույն եկեղեցին պատշաճ վայելչությամբ ներկայանա հանրությանը եւ Մայր Աթոռը կարելիություն ունենա կենսագործելու քաղաքամայր Երեւանի ներկայանալի վայրերից մեկում, քաղաքաշինության սկզբունքների համաձայն, Կաթողիկոսարան կառուցելու իր ծրագիրը»: Այնուհետեւ գրության մեջ ասված է. «Որոշմանն իր համաձայնությունն է տվել նաեւ ՀՀ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը՝ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի շենքը այնտեղ ժամանակավորապես տեղավորված կազմակերպություններից ազատելուց եւ այն ՀՀ ԳԱԱ-ի տնօրինությանը թողնելուց հետո միայն որոշումն իրագործելու վերապահությամբ: Ըստ այդմ, կառավարության նիստում որոշումն ընդունելիս, հանձնարարական է տրվել ՀՀ արդարադատության նախարար Դ.Հարությունյանին եւ Երեւանի քաղաքապետ Ե.Զախարյանին՝ միջոցներ ձեռնարկել Գրականության ինստիտուտի (Գ.Լուսավորչի փող. 15) շենքը ժամանակավորապես տեղավորված կազմակերպություններից ազատելու եւ այն ՀՀ ԳԱԱ-ի տնօրինությանը թողնելու, այնտեղ ՀՀ ԳԱԱ Լեզվի եւ Տնտեսագիտության ինստիտուտները տեղավորելու համար»: Հետաքրքիր է, ինչպիսին կլիներ Ֆադեյ Սարգսյանի վերաբերմունքը, եթե եկեղեցին պահանջեր կաթողիկոսի նստավայր սարքել ԳԱԱ ակադեմիայի շենքը: Այնուհետեւ գրության մեջ ասված է, որ գիտնականներին շենքից քշելու ծրագրին կողմ է Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Թե ինչու են տարբեր կարգի չինովնիկները ողջունում այս ծրագիրը իրենց՝ չինովնիկական կաստայի գործն է: Սակայն իմ մեղավոր կարծիքով, Հայ առաքելական եկեղեցու սպասավորները պետք է փոքր-ինչ ավելի համեստ լինեն իրենց կենցաղում: Էջմիածնից Երեւան հասնելը ոչ կաթողիկոսի, ոչ էլ նրա ստորադասների համար մեծ խնդիր չէ՝ 15-20 րոպեի հարց է: Գիտնականների հաշվին եւս մի վեհարան սարքելը ցոփության եւ չտեսության արտահայտություն է: Եթե որեւէ հաստավիզ «օլիգարխ» Լեզվի ինստիտուտի տեղն իր համար ապարանք կառուցեր, բոլորս կընդվզեինք: Իսկ այս դեպքում պիտի լռե՞նք: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել