Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ՊՈԼԻՏԵԽՆԻԿՑՈՒ ԵՐԿԻՐ ՉԻ ԿԱՌՈՒՑՎԻ

Հոկտեմբեր 16,2003 00:00

ԱՌԱՆՑ ՊՈԼԻՏԵԽՆԻԿՑՈՒ ԵՐԿԻՐ ՉԻ ԿԱՌՈՒՑՎԻ Այդ եզրակացությանն են երեկ եկել Հայաստանի Ճարտարագիտական համալսարանում հավաքված Պոլիտեխնիկի շրջանավարտները, որոնք նշում էին բուհի 70-ամյակը: Շնորհավորելու էին եկել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, վարչապետ անդրանիկ Մարգարյանը եւ այլ պաշտոնյաներ, որոնց գերակշիռ մասը պոլիտեխնիկցիներ են: Պոլիտեխնիկցի Ռոբերտ Քոչարյանը անգամ նկատեց, որ հենց այդ դահլիճում կարելի էր ընդմիջում հայտարարել ու կառավարության նիստ հրավիրել: Նա իր խոսքում նշեց, որ «մեր երկրի պետական համակարգը, տնտեսությունը առանց պոլիտեխնիկցիների հնարավոր չէ պատկերացնել»: Ըստ Անդրանիկ Մարգարյանի, «պոլիտեխնիկցու մոտ ոչ միայն մասնագետ էր ձեւավորվում, այլեւ պոլիտեխնիկն այն բարոյական միջավայրն էր, որ բխում էր ազգի շահերից»: Նախկին վարչապետը՝ դարձյալ պոլիտեխնիկցի Խոսրով Հարությունյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ պոլիտեխնիկը բացի մասնագիտությունից տալիս է նաեւ վարչապետներ: «Ինժեներական մտածելակերպը, ինժեներական հոգեբանությունը օգտակար են ոչ միայն արտադրության կազմակերպման ոլորտում, այլեւ առօրյա կյանքում: Ես գոհունակությամբ եմ այսօր արձանագրում, որ ինքս ինժեներ եմ: Սա ինձ համար կյանքում շատ օգտակար է: Նաեւ՝ կնոջս հետ եմ նորմալ յոլա գնում: Պոլիտեխնիկցիները միշտ եղել են պետության առանցքը, կարող եք դրանում չկասկածել»: Ըստ ԿԳ նախարար Սերգո Երիցյանի, պոլիտեխնիկցիներն ավելի պրագմատիկ, ավելի ճշգրիտ, ավելի շատ վերլուծական կարողություններ ունեցող, հեռուն դիտարկող մարդիկ են: Սակայն ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը գտնում է, որ պոլիտեխնիկի շրջանավարտները «ոչ մի բանով էլ չեն տարբերվում մյուսներից, ավելի շատ չափազանցում են իրենց մասին կարծիքը: Ժամանակին ծնողներս ուզում էին պոլիտեխնիկական ընդունվեի: Ես մոտ մասնագիտություն ընտրեցի, բայց ոչ՝ պոլիտեխնիկականում: Այն ժամանակ ինժեների մասնագիտոթյունը մոդա էր եւ կերակրող»: Պրն Ավետիսյանն ակնհայտորեն շատ անեկդոտներ գիտեր պոլիտեխնիկցիների մասին, սակայն հրաժարվեց պատմել դրանցից գոնե մեկը. «Այսօր շատ հադիսավոր օր է նրա համար, որ ես հիշեմ պոլիտեխնիկցիներին վերաբերող անեկդոտները: Բայց դրանք լավ պատմություններ են»: Պոլիտեխնիկցիներին բնորոշ գծերը թերեւս առավել ակնհայտ կդառնան, եթե նշենք, որ բացի վերոնշյալներից, այս բուհն են ավարտել՝ Կարեն եւ Ստեփան Դեմիրճյանները, քաղաքապետ Երվանդ Զախարյանը, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը, ԱԺ նախկին փոխնախագահ Գագիկ Ասլանյանը, ներկա փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը, ՍԻՄ-ականներ Հրանտ Խաչատրյանը եւ Հայկ Բաբուխանյանը, Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը եւ նույնիսկ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Շարքը շարունակում են ԱԺ պատգամավորներ ու գործարարներ: Հոբելյանական երեկոյին նախագահ Քոչարյանը Անանիա Շիրակացու եւ Մովսես Խորենացու շքանշաններով պարգեւատրեց բուհի պրոֆեսորների եւ ակադեմիկոսների՝ Գեորգի Արեշյանին, Ռոբերտ Սարինյանին, Վլադիմիր Պետրոսյանին, Նազարեթ Թովմասյանին, Կոստան Կոստանյանին, Սենիկ Մկրտչյանին, Էմմա Սաղաթելյանին: Նաեւ շնորհակալագրեր հանձնվեցին բուհի մի շարք դասախոսների: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել