Տնտեսական աճը չի նպաստել գների անկմանը Ինչո՞ւ է «չարացել» «Բարի սամարացին» Վերջին 1-2 ամսվա ընթացքում կատարած դիտարկումները ցույց են տալիս, որ թանկացել են ոչ միայն հացաբուլկեղենն ու հրուշակեղեն-մակարոնեղենը։ Մասնավորապես, վանաձորյան շուկայում թանկացել է գրեթե ամեն ինչ՝ սկսած տեղական թռչնամսից, հավկիթներից ու մսամթերքից՝ վերջացրած ամերիկյան հավի տոտիկներով։ Եթե աղացած միսը 2 ամիս առաջ կարելի էր գնել 1 կգ-ը 900 դրամով, ապա այժմ դրա գինը հասել է 1000-ի, հավկիթների նվազագույն գինը 25 դրամից հասել է 35-ի, ամերիկյան թռչնամիսը 600-ից 750 դրամի, «Արաքս» տեսակի հավի թոքը 550-ից՝ 700-ի, տավարի միսը 1100 դրամից՝ 1300-ի։ Բավականին «չարացել» են «Բարի սամարացի» ընկերության մսամթերքի գները։ Նրբերշիկներն, օրինակ, 1100 դրամից հասել են 1300-ի։ Եվ սա այն դեպքում, երբ տարադրամի կուրսը վերջին 1-2 ամսում անկում է ապրել (1 ԱՄՆ դոլարը այդ ժամանակահատվածում 582 դրամից իջել է 570-ի)։ Առայժմ կայուն վիճակում է շաքարավազի գինը՝ 235-250 դրամ (1 կգ-ն). նայած տվյալ վաճառակետի զբաղեցրած «աշխարհագրական դիրքի»։ Եթե քաղաքի կենտրոնական հատվածում է՝ գինն առավել ցածր է, եթե հեռու տեղում է՝ բարձր։ Պետք է նկատել, որ տնտեսության մեջ հայկական տեսականու ավելացումը որոշ դեպքերում նպաստել է ոչ թե տվյալ մթերքի գնի անկմանը, այլ՝ բարձրացմանը։ Թերեւս հայ արտադրողները կամ նրանց վերահսկող տանիքները առաջնորդվում են այն սկզբունքով, որ հայաստանյան ապրանքը պետք է մեր ժողովրդին թանկ վաճառել։ Այսպես. քանի դեռ հայկական բուսական յուղը «լույս աշխարհ» չէր եկել, իրանական եւ թուրքական բուսական յուղերն էին իրար հետ մրցում։ Հայկական բուսական յուղի՝ շուկան գրավելուց հետո հայկականի գինը բարձրացավ («Լուսաստղ» յուղի 850 գրամանոց տուփերը 1-2 տարի առաջ 550 դրամ էին, այժմ որոշ վաճառակետերում այն հասնում է 650-ի)։ Թուրքական հավկիթների ներկրումը կասեցնելուց հետո տեղական հավկիթները շարունակում են մնալ առավելագույն գնի սահմաններում։ Ահա թե ինչու ոմանց ձեռնտու չէ հայ-թուրքական սահմանի բացումը։ Ի դեպ, վաճառակետերից գրեթե վերացել են արեւելյան թխվածքաբլիթները։ Ըստ տեղեկությունների՝ դրանց ներկրումը նույնպես արգելվում է, քանի որ հայկական թխվածքաբլիթներից էժան էին։ Շուկայական «մաֆիան» առայժմ «խնդիրներ» չունի մոսկովյան հրուշակեղենի հետ, որը, որպես կանոն, բավականին թանկ է, ուստի հայկական հրուշակեղենի իրացման համար վտանգ չի կարող հանդիսանալ։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ