«ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ» ԱՈՒԴԻՏԻ ԿԱՐԻՔ ԿԱ $10 մլն 6 հարյուր հազարի ներդրման մասին «Զվարթնոց» օդանավակայանի հայտարարությունը մոտավոր հաշվարկով չափազանցված է թվում: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն հայտարարեց, որ 10,6 միլիոն դոլարը ծախսել է ընդամենը «թռիչքուղու գրեթե երկու տարի տեւած վերանորոգման եւ նոր լուսաազդանշանային համակարգի տեղադրման համար»: Քանի որ օդանավակայանի համապատասխան աշխատակցի հետ կապվել չհաջողվեց, ինքներս փորձենք հաշվարկել հայտարարվող թվերի հավաստիությունը: Այսպիսով, նշված ներդրումների վերաբերյալ տարածված մամուլի հաղորդագրությունից ենթադրելի է, որ վերոբերյալ գումարի շրջանակներում՝ ա) վերանորոգվել է 900 մետր գումարած 900 մետր (երկու փուլով) վազքուղին, բ) տեղադրվել է լուսաազդանշանային համակարգը, գ) վերանորոգվել է այդ համակարգը սնող ենթակայանը: Այսպիսի սահմանափակ տեղեկատվությամբ հաշվարկելն, իհարկե, անհնար է: Մինչդեռ ավելի ուշադիր լինելու պարագայում կարելի է որոշակի պատկերացում կազմել գումարների միանգամայն այլ չափի մասին. օդանավակայանը առավել հասցեական ծախսերով հանդես էր եկել դեռեւս տասը ամիս առաջ, համապատասխան գովազդային ակցիայով: Տես՝ անցած տարվա դեկտեմբերի 4-ի օրաթերթերը: Ընկերությունն այդտեղ նշում է, որ վերանորոգել է 900 մետր երկարությամբ թռիչքուղին, 3000 քառակուսի մետր բետոնյա ծածկույթ է վերանորոգել, 17 հազար տոննա ասֆալտբետոն է օգտագործել, 300 բարձր լարվածության լուսարձակ է տեղադրել, 40 հազար մետր բարձր լարման մալուխ է անցկացրել: Ի սկզբանե նշենք, որ հաշվարկները կարելի է անել մոտավոր ճշտությամբ, իսկ ճշգրտության մասին խոսք չի կարող լինել, որովհետեւ դրա համար որոշ տվյալներ են բացակայում, որոնք ստանալը կապված է մատակարար եւ պատվիրատու ընկերությունների միջեւ կոմերցիոն հարաբերությունների հետ: Այնուամենայնիվ, հիշյալ հայտարարության որոշ տվյալներ հնարավորություն տալիս են եզրակացնելու, որ թվերի մի մասն ուռճացված է: Այսպես, նշվում է, որ 900 մետր վազքուղին վերականգնելու համար 17 հազար տոննա ասֆալտբետոն է օգտագործվել: Հետեւաբար, 1800 մետրի համար՝ կրկնակի՝ 34 հազար տոննա: Օդանավակայանի վազքուղու լայնությունը 56 մետր է, իսկ դրա վերանորոգված մակերեսը՝ 100800 քառակուսի մետր (56մx1800մ): Շինարար մասնագետները վկայում են, որ 100 քառակուսի մետրի համար օգտագործվում է 12 տոննա ասֆալտբետոն: Ամենաճոխ ծախսերի դեպքում անգամ մատուցվող մակերեսը չի ստացվում: Ստացվում է, որ օդանավակայանի ծախսած 34 հազար տոննայով կարելի էր վերանորոգել շուրջ երկու անգամ ավելի մակերես, քան արվել է: Իհարկե, հաշվի ենք առնում նաեւ այն հանգամանքը, որ օդանավակայանի վազքուղու տեխնիկական պահանջներն ավելի մեծ են, քան սովորական բարձրորակ ասֆալտինը: Բայց, մասնագետների ներկայացմամբ, շեղումը պլյուս 20-30% է (այսինքն այդքանով ավելի նյութեր ու միջոցներ են ծախսվում), ոչ ավելին: Սակայն եթե անգամ 50 տոկոսի շեղում հաշվենք, էլի մատուցվող թվերը չենք ստանում: Ամենաճոխ հաշվարկներով առանձնապես մեծ գումար չի ստացվում նաեւ 3000 քառակուսի մետր բետոնյա ծածկույթի վերակառուցման համար՝ շուրջ 13.3 հազար դոլար: 10 սանտիմետր բարձրությամբ ծածկույթի դեպքում ստացվում է 300 խորանարդ մետր, իսկ յուրաքանչյուր խորանարդ մետրի վրա ամենաշռայլ ծախսերն, ըստ մասնագետների, չեն գերազանցում 30 հազար դրամը: Հնարավոր չեղավ հաշվել, ասենք, 40 հազար մետր բարձր լարման մալուխի վրա ծախսը, որովհետեւ ամենատեղյակ մասնագետների տվյալներով դրանք հազարավոր տեսակների են, գներն էլ մեկ մետրի համար տատանվում են տասնյակ դոլարներից մինչեւ հարյուրավոր դոլարների: Պետք է ճշտել, թե հատկապես ինչ տեսակի մալուխ է օգտագործվել, ինչը, բնականաբար, չհաջողվեց: Մոտավորապես նույնը վերաբերում է նաեւ 300 բարձր լարվածության լուսարձակներին: Մեր աղբյուրներից ստացված, բայց չստուգված տեղեկությամբ, լուսային համակարգի վրա ծախսվել է 4-5 միլիոն դոլար: Պրոֆեսիոնալ տեխնիկայի գների մասին պատկերացում կազմելու համար «Ֆիլիպսի» հետ (որից գնված է տեխնիկան) առնվազն երկար ամիսների նամակագրություն պետք է սկսել: Ինչը, կարծում ենք, կառավարության կամ աուդիտորի գործն է, որովհետեւ իրենք են իրավասու նման ստուգումներ անցկացնել: Բացի այդ, «Կորպորասիոն Ամերիկան» կառավարության առջեւ է պարտավորություններ ստանձնել: Ի դեպ, մեր տեղեկություններով, այս ընկերության առջեւ պարտավորություններ դնելիս հաշվի են առել «ԱրմենՏելի» փորձը եւ գումարային պարտավորությունները զուգահեռել են կոնկրետ արդյունքների ստացման հետ: Բայց մաստեր-պլանով ընկերությունը ստանձնել է նաեւ որոշակի գումարի ներդրման պարտականություն, այնպես որ, ուռճացված թվեր (այս դեպքում՝ 11722 միլիոն դոլարի) ներկայացնելու, այսպես ասած, մոտիվ ունի ընկերությունը: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ Թերթը պատրաստ է տպագրել նաեւ «Զվարթնոցի» հաշվարկները: