ՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՆԱՍՆԵՐԸ ԿԱԶՄԵԼ ԵՆ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐ Մեր նախորդ հրապարակումներից մեկում թույլ ենք տվել սխալ, որի համար ներողություն ենք խնդրում ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանից: Նա, իր իսկ հավաստմամբ, ոչ մի կապ չունի «Ատլաս» ՍՊԸ-ի հետ: Ա. Զուրաբյանի սրճարանը «Ատլաս» ընկերության սրճարանի հարեւանությամբ է: Ա. Զուրաբյանին պատկանող «Էլդորադո Արմեն» ՍՊԸ-ին 1996-ին 20 քմ հող է հատկացրել քաղաքապետ Վանո Սիրադեղյանը: 2000-ին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հայաստանում Քրիստոնեության 1700-ամյակի կապակցությամբ Սայաթ-Նովա պողոտայի եւ Տերյան փողոցի խաչմերուկին կից այգու հատվածի բարեկարգման անհրաժեշտությունից ելնելով կայացրել է որոշում. ««Էլդորադո Արմեն» ՍՊԸ-ի օգտագործմանը թողնել Սայաթ-Նովայի պողոտայի եւ Տերյան փողոցի խաչմերուկին կից ընկերության կողմից զբաղեցրած եւ հարող այգու 2075 քմ հատվածը վարձակալության իրավունքով, 30 տարի ժամկետով…»: 2002 թ. Ռոբերտ Նազարյանի որոշմամբ այդ ընկերությանը պատկանող 2075 քմ հողատարածքը նվազել է 125 քմ-ով: Կառավարության որոշմամբ 20 քմ հողհատկացման դեպքում աճուրդ չի հայտարարվում: Այդ իսկ պատճառով Օպերայի այգում եւ Օղակաձեւ զբոսայգում եւ, ընդհանրապես, Երեւանում քաղաքապետարանը հենց այդպես էլ վարվել է: Հատկացնում է 20 քմ, իսկ հետո սկսվում է ընդլայնումը` ինչքան ուզես: Իսկ եթե քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող հողակտորները հատկացվեին աճուրդով, բնականաբար, հսկայական գումարներ կմտնեին պետական բյուջե: Բերենք ընդամենը մի օրինակ` Օպերայի այգում, մեր ունեցած հավաստի տեղեկություններով, պաշտոնյաներից մեկին պատկանող սրճարանը վաճառվել է $ 250 հազարով: Սեփականատերը սրճարանը կառուցելու համար հավանաբար ծախսել է $ 15 հազար: Փաստորեն, պաշտոնյան քաղաքապետարանից չնչին գումարով վերցրել է այդ տարածքը եւ վաճառել: $ 250 հազարից 200 հազարը հնարավոր էր մտցնել պետբյուջե, սակայն իմանալով թե ովքեր են այդ տարածքների տերերը, հասկանալի է, թե ինչու հողհատկացումները աճուրդով չեն եղել: Եթե փորձենք հաշվել պետությանը հասցված վնասը միայն Օպերայի այգում հատկացված տարածքներով (այստեղ 15 ընկերությունների սրճարաններ կառուցելու համար տարածք է հատկացվել), ապա այն կանցնի $1 միլիոնը: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ