«Դա բոլորին է ձեռնտու» «Եթե Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունը հաստատվեց, դա չի նշանակում, որ մեզ մոտ ամեն ինչ լավ է»,- մեզ հետ զրույցում այս կարծիքն արտահայտեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը։ Ըստ նրա՝ «Եթե ասենք, որ դա Եվրախորհրդի գնահատականն էր Հայաստանում ընթացող զարգացումների՝ ես չեմ կարծում, որ այդ գնահատականը պետք է սահմանափակվի պատվիրակության հաստատմամբ»։ Մեր զրուցակիցը գտնում է նաեւ, որ հունվարին սպասվելիք գնահատականներից եւս չպետք է առանձնակի սպասելիքներ ունենալ. «Իհարկե, այդ ժամանակ երեք պետություններն էլ (Վրաստան, Ադրբեջան, Հայաստան) ջանադրաբար կներկայացնեն, որ ցավում են վատ ընտրությունների համար, որ արդեն հասկացել են, որ դա շատ վատ է եւ նոր ուժերն ամեն ինչ կանեն, որպեսզի դա չկրկնվի։ ԵԽ աջակցությունը կխնդրեն, ԵԽ-ն էլ պատրաստակամորեն կաջակցի։ Դա բոլորին է ձեռնտու»։ Բանն այն է, որ ըստ պրն Իգիթյանի, այս տարիների ընթացքում վերոնշյալ երկրների իշխանությունները վարժվել են խոսել Եվրոպայի համար ընդունելի լեզվով։ Եվ դա օգտագործելով կարողանում են եվրոպացիներին մոլորության մեջ գցել։ Իսկ եվրոպացիները մոլորության մեջ են ընկնում ոչ թե նրա համար, որ նրանք իրոք խաբված են՝ «պարզապես համոզված են, որ դա առաջին հերթին մեզ է անհրաժեշտ»։ Իսկ իրական սանկցիաների կիրառումը, մեր զրուցակցի հավաստմամբ, բավականին դժվար եւ շարունակական գործընթաց է, որի արդյունքում նույնիսկ տարածաշրջանին է մեկուսացում սպառնում։ «Սանկցիաների կիրառումը, իհարկե, մեծ ապտակ է իշխանությանը, բայց ոչ ավելին,- կարծում է պրն Իգիթյանը,- անկախ իշխանության նկատմամբ իմ վերաբերմունքից, անկախ նրանից, որ ըստ իս Հայաստանն իրական եվրոպական ճանապարհով չի գնում, այդ ապտակից (եթե այն լինի) Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը կկորցնեն ավելի շատ, քան կշահեն»։ Իսկ որ կլինեն մի քանի բացասական զեկույցներ, լրացուցիչ քննարկումներ, Հովհաննես Իգիթյանը անխուսափելի է համարում։ «ՀՀ-ն Եվրոպային ինտեգրվելու պատրաստակամություն հայտնել է եւ պարտավորություններն էլ հետեւողական կատարում է, սակայն իրականում «խաբում» ենք ԵԽ-ին եւ խուսափում ենք իրական եվրոպական ճանապարհով գնալ։ Ուրեմն՝ «Ո՞ւմ է դա պետք»,- հարցի պատասխանը, ըստ մեր զրուցակցի, հետեւյալն է՝ «Եվրոպային, որովհետեւ, ի վերջո, մեր եւ տարածաշրջանի համար այլ ճանապարհ չկա»։ Ուստի, մեր զրուցակիցը մերժում է պարտավորությունների կատարումը իբրեւ պարտավորություններ՝ «մենք պետք է հասկանանք, որ դա մեզ անհրաժեշտ է»։ Հովհ. Իգիթյանը վտանգավոր տարրեր է տեսնում նաեւ եվրոպական տարբեր ինստիտուտների զեկույցներում՝ «որտեղ նշվում է, որ ինչ-որ մի բանը եւս մի քայլ է Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար եւ այլն… Այդ քայլերը որեւէ ձեւով չեն կարող բարելավել մեր ժողովրդավարության մթնոլորտը»։ Հայաստանի ամենամեծ խնդիրը պրն Իգիթյանը համարում է՝ ժողովրդավարության արժեքի մեր հասարակության կողմից բացասական ընկալումը։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ