«ԴԱՄԱՎՈՅՆԵՐԻՆ» ՁԵՌՔ ՉԵՆ ՏԱ Ռուս դասականն ասում էր, թե մեզ տրված չէ կանխագուշակել՝ ինչպես կարձագանքի մեր խոսքը: ՀՅԴ-ն էլ չէ՞ր կանխատեսել, թե ինչ հետեւանքներ կունենան կադրային քաղաքականության վերաբերյալ իր մոտեցումները՝ այս հարցն ուղղեցինք ՀՅԴ խմբակցության անդամ Ալվարդ Պետրոսյանին: – Կոալիցիայի որդեգրած կադրային քաղաքականության սկզբունքները հիմնված են Դաշնակցության առաջարկների վրա: Հենց ՀՅԴ-ն պնդեց, որ տվյալ ոլորտի ղեկավարումը հանձնվի որոշակի կուսակցության, եւ վերջինս ինքնուրույն ընտրի, թե հատկապես ո՛վ է ղեկավարելու այն: Չե՞ք կարծում, որ հենց այս սկզբունքի կենսագործման հետեւանքն է, ասենք, մշակույթի նախարարի պաշտոնում հայտնված մաթեմատիկոսը: – Երբ Դաշնակցությունն առաջարկում էր՝ կադրային հարցերում իր սկզբունքներն էր պաշտպանում, եւ կարծում, թե քաղաքական բոլոր ուժերն էլ, որոնք կոալիցիայի մեջ են՝ նույն նախանձախնդիր արժանապատվությամբ պիտի մոտենան այդ խնդրին: Ես կարող եմ պատասխան տալ միայն իմ կուսակցության կադրային քաղաքականության համար: Կարծում եմ, որ այն մարդիկ, որոնց մե՛նք ներկայացրինք կառավարության կազմում՝ ահագին փորձառություն ունեն, եւ չեմ կարծում, թե հասարակությունը կարող է բացասական կարծիք ունենալ, ասենք, Դավիթ Լոքյանի կամ Աղվան Վարդանյանի մասին: Ես նաեւ գիտեմ կուսակցության, որին մենք պատկանում ենք, խստաշունչ հետեւողականությունը: Եվ գիտեմ, որ երբ տեսնեն, թե չի ստացվում՝ կառաջարկեն, որ հեռանա: Եվ դրա օրինակն ունեք (թերեւս ակնարկը Ռոլանդ Շառոյանի մասին է.- Ա. Ի.): …Կուզենայի, որ բոլոր այն մարդիկ, ովքեր պաշտոններ են ստանում՝ կասկածեն: Այդ կասկածը նաեւ պատասխանատվությունն է, ամոթը, սեփական ուժերը չգերագնահատելը: Բայց մի քիչ դժվար հարց է սա, քանի որ մշակույթի նախարարը կին է՝ ես էլ ուզում եմ պաշտպանել նրան: – Կարծում եք, որ նրա նկատմամբ քննադատությունում դեր ունի այն հանգամանքը, որ մեզանում, մեղմ ասած, բավական թերահավա՞տ են վերաբերվում կին ղեկավարներին: – Վստահաբա՛ր այդպես է: Անձնապես ծանոթ չեմ Թամար Պողոսյանին եւ միակ դիտողությունը, որ կարող եմ իրեն անել այս պարագայում, այս է՝ կասկածի՛ր: Եթե բան ես ուզում անել եւ դա քեզ համար թանկ է, կասկածի՛ր, թե կարո՞ղ ես անել եւ բավարարել այն պահանջները, որոնք դրվում են մշակույթի նախարարի առջեւ: Հետաքրքիր փաստ կա. ասում են՝ ամենից ոչ մշակութային նախարարը Խորհրդային Հայաստանում եղել է Կամո Ուդումյանը: Եվ շատ մարդկանցից եմ լսել, որ չի եղել ավելի լավ մշակույթի նախարար, քանի որ նա հենց մտել՝ ասել է, թե այս ոլորտներին չի տիրապետում եւ խնդրել, որ իրեն գրականություն տան: Ասում են՝ լրջորեն ուսումնասիրել է կերպարվեստի, թատրոնի պատմությունը եւ իր շուրջը հավաքել պրոֆեսիոնալների: Հիմա այս մարդը մաթեմատիկոս է մասնագիտությամբ: Դա նշանակում է, որ այնքան էլ անխելք չպիտի լինի՝ հիմարները մաթեմատիկայի բաժին չեն ավարտում: Եվ անհույս բան չէ, որ նա չգիտի մշակույթ: Ես մեծահոգություն չեմ խաղում՝ ավելորդ սեթեւեթանքներ չունեմ, բայց մարդկայնորեն չեմ ընդունում, որ բոլորը կենտրոնացել են այդ կնոջ վրա: Չի կարելի մեկին դարձնել քավության նոխազ: Ի՞նչ է պատահել, մյուսները բոլորը թալեյրաննե՞ր են, եւ մնացել է միայն Թամար Պողոսյա՞նը, որ ով ելնում՝ խփո՛ւմ, խփո՛ւմ է այդ կնոջը: Բայց ինքը պիտի կարողանա ճիշտ թիմ հավաքել եւ հասկանալ, որ այս ոլորտը շատ նուրբ է, մեր հոգեւոր արժեքներին է առնչվում: Ուզում եմ այնուամենայնիվ ասել, որ Դաշնակցությունը, որպես քաղաքական մի կուսակցություն, կարող էր անել իր առաջարկը: Եվ չեմ կարծում, թե մյուսներն էլ զոռով են եկել այն համոզման, թե այդպես պիտի լինի: Կոալիցիայի կադրային քաղաքականության համար պատասխանատվությունը մի՛ դրեք միայն մեր ուսերին: Ամեն կուսակցություն պիտի պատասխան տա իր կադրերի համար: – ՀՅԴ վերջին նախաձեռնությանը ՀՀԿ գործիչները եռանդով ընդդիմանում էին, բայց ի վերջո հաղթանակեցիք եւ հայեցողական պաշտոններում եւս կարվեն կոալիցիոն սկզբունքով նշանակումներ: Չե՞ք կարծում, որ սա հետքայլ էր այն նպատակից, որին փորձում էին հասնել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի միջոցով: Այն է՝ վերջ տալ այն արատավոր գործելակերպին, երբ պետական ապարատը կուսակցական հավակնությունների եւ քաղաքական իրավիճակի պատանդ է, երբ քաղծառայողն ապահովագրված չէ կադրային ջարդի զոհ դառնալու վտանգից եւ այլն: – «Քաղծառայության մասին» օրենքը շատ լավն է: Բայց եկեք զերծ մնանք ռոմանտիկայից եւ ասենք, թե դեռ շա՜տ երկար ճանապարհ ունենք անցնելու, որ այդ օրենքը գործի ըստ ամենայնի՝ դասակա՛ն իմաստով: Այն դեռ ամբողջությամբ չի կարող գործել եւ նոր-նոր է հավաքում իր ուժը: Եվ այս անցումային պահին, երբ կոալիցիա կա մեր երկրում՝ բաներ կան, որ վաղը պիտի պատասխան տանք դրանց համար: Պիտի կարողանանք ապահովագրել մեզ, որ պատասխան տանք պատասխանատվության մեր բաժնի համար: – Չեմ պատկերացնում, թե ինչպես են պատասխան տալիս ստանձնած պատասխանատվության համար՝ հրապարակավ կո՞ւրծք են ծեծում, ի նշան զղջման՝ հեռանո՞ւմ քաղաքական ասպարեզից, թե՞ մեկ այլ բան անում: – Պատասխանատվություն ստանձնելը միայն դատարկ խոսքեր չեն: Քիչ առաջ ասացի, որ լավ կլինի, եթե Թամար Պողոսյանը հավաքի լավ թիմ: Ի՞նչ վատ կլինի, եթե մնացած բոլոր ոլորտներում էլ, որտեղ գործում են կոալիցիայի ուժերի ներկայացուցիչները՝ հավաքվի շատ լավ թիմ: Բայց նաեւ փոխնախարարներ կան, որոնք իրենց տեղում են: Ես, օրինակ, մեծագույն հարգանքով եմ մտածում սոցապ փոխնախարար Աշոտ Եսայանի մասին: Չգիտեմ, թե ովքեր են գնալու, բայց չեմ պատկերացնում, թե կարելի է հանել նրան կամ հարկային ծառայության ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանին, Պավել Սաֆարյանին: Մարդիկ են, որոնք միշտ «դամավոյի» պես մնում են իրենց տեղում, քանի որ խիստ պրոֆեսիոնալ են: Չեմ կարծում, թե ՀՅԴ-ն իր կադրերին խցկելու համար ձեռք կտա նման մարդկանց: Ես վստահ եմ, որ Դաշնակցությունը երբե՛ք չի դիմի պրոֆեսիոնալների ջարդի: Մյուսների համար չեմ կարող ասել: Բայց հուսով եմ, որ նրանք եւս պիտի պահպանեն պրոֆեսիոնալներին, նրանց, ովքեր կարող են օգնել, սատարել: Եթե չպահպանեն՝ դա ինքնասպանության պես բան է: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ