«ԹԵՄԱՆ՝ ՈՉ ՄԻԱՅՆ ՍԱԿԱԳՆԵՐՆ ԵՆ» Ասում է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանը Մի քանի ամսվա ընդմիջումից հետո «Հանրապետություն» դաշինքը կրկին հանրահավաքի հրավերք արեց։ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանին խնդրեցինք մանրամասնել՝ հատկապես ի՞նչ խնդիր է լուծվելու հոկտեմբերի 17-ի հանրահավաքում։ Նախապես արդեն ասված է, որ թեման լինելու է ջրի, էլեկտրաէներգիայի եւ գազի սակագների բարձրացումը, սակայն եթե այսօր կամ վաղը իշխանության որեւէ ներկայացուցիչ հայտարարի, թե տվյալ բարձրացումները չեն լինելու (թերեւս միայն գազի մասով բացառություն անելով), ուրեմն՝ ինչի՞ մասին է խոսվելու հանրահավաքում. «Հանրահավաքը միտված չէ անդրադառնալ միմիայն սակագների բարձրացման խնդիրներին։ Արդեն ակնհայտ է, որ կեղծված ընտրությունների արդյունքում ձեւավորված իշխանությունների պայմաններում Հայաստանում աստիճանաբար մեծանում է ներքին լարվածությունը եւ առարկայական են դառնում արտաքին մարտահրավերները։ Մենք զգուշացնում էինք, որ Հայաստանը լուրջ հիմնախնդիրներ է ունենալու եւ այսօր դրանք արդեն տեսանելի են։ Ինչ վերաբերում է կոնկրետ սակագների բարձրացման հարցին, ապա հիշում եք, որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը անձամբ հայտարարեց, որ այո, սպասվում է սակագների բարձրացում։ Երբ մենք հայտարարեցինք, որ սակագների բարձրացման խնդրով հանրահավաք ենք կազմակերպում, արդեն սկսեցին երկիմաստ խոսել՝ գուցե սակագները կբարձրանան, գուցե՝ ոչ։ Մենք կարծում ենք, սա ուղղված է հասարակական կարծիքի մեղմացմանը, հասարակության պասիվացմանը, եւ ձմռանն ընդառաջ սակագները կարող են բարձրանալ, այսինքն՝ վտանգը վերացած չէ։ Մենք կարծում ենք, հանրահավաքի մասին մեր հայտարարությունն արդեն տվեց իր ազդեցությունը՝ զսպելու իշխանության կամայականությունները»։ Իսկ ինչպիսի սպասելիք ունի ընդդիմությունը, արդյո՞ք, հասարակությունը կարձագանքի հանրահավաքի կոչին եւ որքան մարդ կհավաքվի։ Պրն Բազեյանն ասաց, թե դժվար է կանխատեսել, բայց հասարակության մեջ հիմնախնդիրներն առկա են եւ հարկավոր է շփվել ժողովրդի հետ, տեսակետները հայտնել. «հանրահավաքի թեման ոչ միայն սակագներն են, այլ՝ երկրում տիրող ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտը, ծանրագույն հանցագործությունների թվի աճը, չինովնիկների կամայականությունները, լրատվամիջոցների դեմ ոտնձգությունները։ Դեռ քիչ է փակեցին «Ա1+»-ը եւ «Նոյյան Տապանը», հիմա էլ փորձում են խոչընդոտներ ստեղծել եւ ամբողջովին վերահսկելի դարձնել տպագիր մամուլը։ Կարելի է արձանագրել մեկ փաստ՝ իշխանություններն անհանգիստ են իրավիճակի վերաբերյալ հասարակության օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու հնարավորությունից եւ փորձում են հասարակությանը զրկել այդ սահմանադրական իրավունքից։ Լրանում է «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության չորս տարին, այս կապակցությամբ պե՞տք է հանրությունը իմանա մեր տեսակետներն ու կարծիքները։ Կարծում եմ՝ այո։ Հասարակությունը պետք է գիտակցի, որ առանց ժողովրդական ակտիվ աջակցության անհնար է լուծել այն հիմնախնդիրները, որ մենք փորձում ենք լուծել ԱԺ-ում»։ Ալբերտ Բազեյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք ԱԺ-ի ամբիոնը եւ խոսափողները բավարար չեն սեփական կարծիքն ու տեսակետը հայտնելու համար. «Իհարկե, բավարար չեն, որովհետեւ գլխավոր նպատակը Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնումն է, օրինական իշխանության ձեւավորումը։ Բայց մինչեւ հասնենք այդ խնդրի լուծմանը, կան առօրեական, յուրաքանչյուր մարդուն եւ ընտանիքին վերաբերող խնդիրներ, որոնց համար էլ մենք կոչված ենք պայքարելու»։ Ըստ պրն Բազեյանի՝ իրենց հարկավոր է հասարակության ակտիվ աջակցությունը եւ մասնակցությունը։ Մեր դիտարկմանը՝ ի՞նչ կպատահի, եթե բավարար թվով մարդիկ չհավաքվեն հանրահավաքի հրապարակում։ Այսինքն՝ եթե հասարակությունը դուրս չգա, ի՞նչ է սպասվում, ընդդիմությունը միայնա՞կ է լուծելու խնդիրները։ Պրն Բազեյանը նկատեց. «Մենք պետք է հաշվի առնենք հասարակական պահանջը։ Այո, եթե հասարակությունն անտարբեր մնա մեր նախաձեռնություններին, չարձագանքի մեր կոչերին, նշանակելու է, որ հասարակությունը համակերպվել է իր վիճակին, համակերպվել է իշխանության բռնազավթման փաստին»։ Իսկ եթե հասարակությունն, այնուամենայնիվ, արձագանքի եւ դուրս գա հրապարակ, ենթադրվո՞ւմ է երթ դեպի նախագահական կամ՝ մեկ այլ վայր։ Եվ հետո՝ ի՞նչ սպասելիքներ կան՝ կլինե՞ն փշալարեր, ջրցան մեքենաներ եւ ուժ։ Պրն Բազեյանն առայժմ չուզեց մանրամասնել հանրահավաքի ծրագիրը. «հանրահավաքի ամբողջական սցենարի մասին ես հիմա չեմ ուզում խոսել, իսկ ինչ վերաբերում է իշխանությունների ուժ գործադրելուն, ապա մենք առիթ չենք տվել, որ իշխանությունները փորձեն ուժ գործադրել»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ