ՄՐՑԵՑԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱն ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Հոկտեմբերի 3-ին լրացավ Գերմանիայի վերամիավորման 13-րդ տարեդարձը։ Ազգային տոնի առիթով Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատունը երկրորդ անգամ կազմակերպել էր ֆուտբոլային բարեգործական մրցաշար։ Բացի նախաձեռնողներից, մրցաշարին մասնակցեցին Իրանի դեսպանատան, ՄԱԿ-ի, Լատինական Ամերիկայի համագործակցության, ՀՕՖ-ի եւ ԱԱՆ սահմանապահ զորքերի գլխավոր վարչության թիմերը։ Մրցաշարն անցկացվեց շրջանաձեւ մրցակարգով ու քանի որ մասնակիցների միջին տարիքը 40 եւ ավելի էր, յուրաքանչյուր խաղակեսի համար սահմանվել էր 20 րոպե ժամանակ։ Երեքօրյա պայքարից հետո առաջին տեղը գրավեց ու փոխանցիկ գավաթը նվաճեց Գերմանիայի թիմը։ Իսկ լավագույն ռմբարկու ճանաչվեց հաղթողներից Դանիել Կլեմփը (5 գոլ)։ Հաջորդ երկու տեղերը համապատասխանաբար գրավեցին սահմանապահ զորքերի եւ Իրանի դեսպանության հավաքականները։ – Մրցաշարը բարեգործական է։ Որտեղի՞ց են գոյանում գումարները,- հարցրինք «գերմանացիների» ավագ Գագիկ Թումասյանին։ – Նախ, յուրաքանչյուր թիմ մասնակցության համար $ 100-ին համարժեք դրամ մուտքավճար է մուծել։ Ունենք նաեւ հովանավորներ՝ «Կիլիկիա» գարեջրի գործարանը, «Սիմենսը», «Թալիսման» եւ «Հոլսթեն» ֆիրմայի «Տիեզերք» ՍՊԸ-ները, «Վիսմանի» ներկայացուցչությունը, «Ավստրիական ավիաուղիները»։ Անցած տարի հավաքված գումարը հանձնեցինք «Զատիկ» մանկատանը, որն էլ որոշեց օգնել Էջմիածնում բնակվող ծնողազուրկ հինգ երեխա ունեցող մի ընտանիքի։ Այս անգամ որոշել ենք աջակցել Էրեբունի համայնքի թիվ 1 մարզադպրոցին։ Ասեմ նաեւ, որ բարեգործությունը տարբեր կերպ ենք իրականացնում։ Օրինակ, մրցաշարի առիթով մեր դեսպանատունը հիմնովին վերանորոգեց «Էրեբունի» ստադիոնի հանդերձարանները։ Ճիշտ է, այս գործում օգնության ձեռք մեկնեց նաեւ Էրեբունի-Նուբարաշենի թաղապետարանը։ Իսկ «Ավստրիական ավիաուղիները» հատկացրել է Երեւան-Վիեննա-Երեւան չվերթի մեկ տոմս, որի արժեքը 685 դոլար է։ Բայց այդ տոմսը կտրամադրվի այն քաղաքացուն, որի հնարավորությունները այդքան չլինելով, ավելի կլինեն համեմատած մյուս ցանկացողների հետ։ Քաղաքակիրթ երկրներում սպորտին հարգանքով են վերաբերում ու ամեն մի առիթ օգտագործում են առողջության ամրապնդմամբ զբաղվելու համար։ Վերամիավորման գաղափարը հոգեհարազատ է մեզ։ Հուսանք, որ մի օր էլ նույն առիթով մե՛նք մարզական տոնահանդեսներ կկազմակերպենք։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ