Լրահոս
Օրվա լրահոսը

Հոբելյանն առանց Խաչատրյանի երաժշտության

Հոկտեմբեր 15,2003 00:00

Հոբելյանն առանց Խաչատրյանի երաժշտության Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը դժգոհ է բոլորից: Երեկ Ժուռնալիստի տանը ասուլիս էին հրավիրել Էդ. Թոփչյանը, Հայկական ընդհանուր բարեգործական միության հայաստանյան գրասենյակի տնօրեն Աշոտ Ղազարյանը եւ Հայ երաժշտական ինֆորմացիոն կենտրոնի ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը։ Նրանք ներկայացրին համատեղ կազմակերպված «21-ի հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնը՝ նվիրված Արամ Խաչատրյանի 100-ամյակին։ Փառատոնը բացվել է հոկտեմբերի 12-ին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի դահլիճում։ Բացման համերգին ելույթ է ունեցել գերմանացի թավջութակահար Դավիդ Գերինգասը, իսկ նվագախումբը ղեկավարել է լիտվացի դիրիժոր Ռոբերտաս Սերվենիկասը։ Եվ Էդ. Թոփչյանը, եւ Ստ. Ռոստոմյանը դժգոհեցին, որ Խաչատրյանի 100-ամյակը հավուր պատշաճի չի նշվում Հայաստանում։ «Հույս ունեինք, որ ամեն ինչ ավելի պետական ու ավելի կազմակերպված կլիներ,- ափսոսաց Ստ. Ռոստոմյանը,- մինչդեռ մշակույթի նախարարը չէր էլ բարեհաճել գալ, իսկ փոխնախարարը զբաղված էր Արեւելյան Հայաստանի՝ Ռուսաստանի կազմում ընդգրկվելու 175-ամյակին նվիրված միջոցառումներով»։ «Առավոտը» հետաքրքրվեց. «Մի՞թե Արամ Խաչատրյանի 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի կազմում ընդգրկված չէ նաեւ Էդ. Թոփչյանը»։ ՀՊՖՆ դիրիժորը արդարացավ, որ ինքը ի սկզբանե բոյկոտել է հանձնաժողովի բոլոր նիստերը, քանի որ նախ սկզբում ընդգրկված չի եղել այդ կազմում։ Բացի այդ, Թոփչյանի խոսքերով. «Այնտեղ այնպիսի մարդիկ են հավաքված, որ իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են ուզում։ Մի երկու անգամ գնացել եմ նրանց մոտ, պարզվել է, որ այդ մարդկանց խոսակցության թեման պտտվում է ընդամենը Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը բալետ դարձնելու շուրջ»։ Էդ. Թոփչյանը խանդավառված չէր նաեւ Հայաստանի պետական կամերային նվագախմբի՝ Հայաստանից դուրս համերգներով, որոնք նվիրված էին Արամ Խաչատրյանի 100-ամյակին։ «Ես Խաչատրյանի նամակներից գիտեմ, որ ինքը կամերային նվագախումբ երբեք չի սիրել, այդ պատճառով էլ կամերայինի համար ոչինչ չի գրել։ Իսկ էն, ինչ Ռուբիկ Ալթունյանն է արել, անունն էլ դրել «Խաչատրյանա», բոլորովին էլ Խաչատրյան չի»,- իր գործընկերներից դժգոհեց պրն Թոփչյանը։ Այնուհետեւ անդրադարձավ բոլոր համերգային դահլիճների համար խրոնիկ մի պրոբլեմի՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահի կավրոլիտապատ բեմին։ «Ծիծաղելին այն է, որ շինարարները փորձում էին ինձ ապացուցել, որ ճիշտը կավրոլիտե բեմն է, բացի այդ, պնդում էին՝ իբր մեր դահլիճի հատակագիծն այնպիսին է, որ հնարավոր չէ բեմը փայտից լինի»,- շարունակեց Էդ. Թոփչյանը։ Նա մտադիր է առաջիկայում հովանավորներ գտնել եւ իրենց սուղ բյուջեից գումար հատկացնել շինարարական այդ կոպիտ ու ակուստիկ նորմերին հակասող սխալն ուղղելու համար։ Դիրիժորը հույս չունի, թե նոյեմբերին կկարողանան մուտք գործել կիսատ- պռատ վերանորոգված իրենց «Արամ Խաչատրյան» դահլիճ, բայց որոշել է «զենքով-զորքով» դա անել, որպեսզի գոնե «ներկա ստանալու համար» մի համերգ տրվի իրենց հարկի տակ։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել