Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵԼԻ ՇՈՒՏ` ԿՈՉՈՒՄ Է»

Հոկտեմբեր 15,2003 00:00

«ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵԼԻ ՇՈՒՏ` ԿՈՉՈՒՄ Է» Ասում է Հայաստանում Իսպանիայի դեսպան Խոսե Մարիա Ռոբլես Ֆրագան Դիվանագետի մասնագիտությունը Ռոբլես Ֆրագան ժառանգել է հորից: Ծնվելով Կոլումբիայում, որտեղ առայսօր ապրում են նրա ծնողները, Խ.Մ. Ռոբլես Ֆրագան, ուսումնառությունը շարունակել է հարազատ Իսպանիայում: Անմիջապես համալսարանն ավարտելուց հետո անցել է դիվանագիտական ծառայության: Քսան տարիների ընթացքում նա հասցրել է ոչ միայն Լատինական Ամերիկայի եւ Եվրոպայի տարբեր երկրների դեսպանատներում աշխատել, այլեւ երեք անգամ ընտրվել է Իսպանիայի պառլամենտի անդամ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեայում գլխավորել է Իսպանիայի պատվիրակությունը: Այսօր նա կրկին դիվանագիտական ծառայության մեջ է: 2002 թվականից ՌԴ -ում Իսպանիայի դեսպանն է: Իսկ երեկ իր հավատարմագրերը հանձնեց ՀՀ նախագահին: Փաստորեն, այս պահին Խոսե Մարիա Ռոբլես Ֆրագան Իսպանիայի դեսպանն է ոչ միայն ՌԴ-ում, այլեւ ՀՀ-ում, Վրաստանում եւ Ղազախստանում: Խ.Մ.Ռոբլես Ֆրագան մեր երկրում առաջին անգամ էր, եւ հետաքրքիր զուգադիպությամբ այստեղ նշեց Իսպանիայի ազգային տոնը՝ Ազգի տոնը: Հաջորդ օրը նույնպես տոնական էր Իսպանիայի համար՝ Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը փառավոր հաղթանակ տարավ Հայաստանի հետ խաղում: Բնականաբար, պարոն դեսպանն այդ օրը խաղադաշտում էր. «Ինձ համար շատ հաճելի էր տեսնել, եւ ես շատ շնորհակալ եմ հայ հանդիսատեսից այն ընդունելության համար, որին նրանք արժանացրին Իսպանիայի հավաքականին»: Խոսե Մարիա Ռոբլես Ֆրագան երեք երեխաների հայր է: Ամենամեծը 13 տարեկան է, միջնեկը՝11, իսկ փոքրիկն՝ ընդամենը 22 ամսական: Երեխաներն արդեն սովորել են դիվանագետի ապրելակերպին, քանի որ հասցրել են ապրել Լատինական Ամերիկայի երկրներում, Ֆրանսիայում, իսկ հիմա՝ արդեն Մոսկվայում: Տիկին Ռոբլես Ֆրագան ներկայումս չի աշխատում, սակայն մինչեւ Մոսկվա տեղափոխվելն աշխատում էր կապի բնագավառում: Քանի որ տիկին Ռոբլեսն ազգությամբ իտալուհի է, բնականաբար, դեսպանի ընտանիքում մեծ տեղ են զբաղեցնում իտալական ճաշատեսակները: Հարցիս՝ արդյոք պարոն Ռոբլես Ֆրագան, որպես իսկական իսպանացի, գիտե՞ պայելիա (իսպանական ամենահայտնի ճաշատեսակն է) պատրաստել, ստացա «այո, իհարկե կարող եմ» համոզիչ պատասխանը: Պարոն դեսպանը նախընտրում է միջերկրածովային խոհանոցը, բայց շատ հավանեց նաեւ հայկականը: Ընդհանրապես, Իսպանիայի դեսպանին հուզել է Հայաստանը. «Ես շատ էի լսել Հայաստանի մասին, այս հինավուրց եւ շատ գեղեցիկ երկրի մասին, եւ ինձ վրա այն շատ մեծ տպավորություն գործեց: Այս մի քանի օրերի ընթացքում ես ականատես եղա ազգային ավանդույթների, սովորույթների պահպանմանը, ինչը շատ կարեւոր է: Ես միշտ կհիշեմ, որ մեր ազգային տոնն այս տարի նշեցինք Հայաստանում՝ մեծ շուքով, եւ դա լավագույն պահերից մեկն էր»: Պարոն Ռոբլես Ֆրագայի երկար տարիների աշխատանքը Լատինական Ամերիկայում նշանավորվել է մի քանի պատվավոր շքանշաններով եւ մեդալներով: Դրանցից մեկը հետաքրքիր անվանում ունի. Վենեսուելայում դեսպանը ստացել է «Ազատագրողի շքանշան»: Շքանշանի մասին հարցս դեսպանը համեստորեն շրջանցեց եւ խոսեց լատինամերկյան երկրներում հայ համայնքի մասին. «Ես ծնվել եմ Կոլումբիայում, աշխատել Չիլիում, Վենեսուելայում, Հոնդուրասում8230 ամենուր շատ հայեր կային եւ նրանք մեծ հարգանք են վայելում»: Դեսպանը հարցիս՝ դիվանագետի՞, թե՞ պատգամավորի աշխատանքն է ավելի հոգեհարազատ իրեն, պատասխանեց դիվանագիտորեն. «Դա քաղաքականություն է, իսկ քաղաքականությունը ավելի շուտ կոչում է, ոչ թե՝ մասնագիտություն, եւ ես ուրախ եմ, որ քաղաքականության մեջ երկու փորձառություն ունեմ՝ երկու բնագավառում՝ դիվանագիտության մեջ եւ պառլամենտարիզմի»: Դեսպանին հարցրի՝ տեղյա՞կ է, որ մեր մեծահարուստների եւ բարձրաստիճան պաշտոնյաների սիրած հանգստավայրերից մեկն Իսպանիան է, եւ արդյոք Հայաստանը զբոսաշրջությունը զարգացնելու որեւէ հեռանկար ունի՞: Մերոնց նախասիրությունների մասին դեսպանը քիչ էր տեղեկացված, սակայն կարծում էր, որ ՀՀ-ի՝ տուրիստական երկիր դառնալու օբյեկտիվ հնարավորությունները կան. «Ամենակարեւորը, պիտի ցանկություն ունենաք տուրիստներին ընդունելու: Դա նշանակում է, որ ամեն ինչից պիտի զգացվի, որ տուրիստները ցանկալի անձինք են ձեր երկրում: Պիտի հեշտացվեն նրանց մնալու եւ զբոսնելու, գործելու պայմանները: Պիտի լուրջ զբաղվել այդ հարցով, ստեղծել համապատասխան օրենսդրություն, իրավական, քաղաքական եւ տնտեսական որոշ պրոբլեմներ պիտի լուծել, միջազգային հարաբերությունները պիտի լավ մակարդակի վրա դրվեն: Տուրիզմը լուրջ գործ է, եւ պիտի դրանով լուրջ զբաղվել»: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել