Լրահոս
Օրվա լրահոսը

«Իզաբելայի» վնասները

Հոկտեմբեր 15,2003 00:00

«Իզաբելայի» վնասները Մոտ մեկ ամիս առաջ ԱՄՆ-ի տարածքով բավական ահեղ փոթորիկ անցավ: Ամերիկացիներն ընդհանրապես սիրում են հոգեբանական հնարքի դիմել՝ տարերային աղետներին քնքուշ անուններ տալով՝ մարդկանց վախը որոշ չափով մեղմելու համար: Այս փոթորիկի անունն էր «Իզաբելա»: Հայաստանցի լրագրողներս ականատեսն էինք, թե ինչպես Վաշինգթոնի կենտրոնական հատվածներում «Իզաբելան» ընդամենը մի քանի հաստաբուն ծառ էր գետնին տապալել, որոշ փողոցներում էլ արմատախիլ էին եղել ծաղիկներն ու խոտերը: Իշխանությունները սակայն չէին շտապում մայթերից հեռացնել գոնե ընկած ծառերը: Գուցե որոշվել էին միառժամանակ դրանք, իբրեւ թանգարանային նմուշ, թողնել այդպես ընկած, սակայն արդեն քանի շաբաթ այդ ծառերը փակել էին հետիոտնի ճանապարհը: «Իզաբելայի» պատճառով նաեւ հոսանքազրկվել էին Վաշինգթոնի արվարձանները: Շուրջ 10 օր բնակչությունը խուճապի մեջ էր: Մեզ հետ զրույցում ամենամեծ ցավը, որ նրանք նշում էին, համակարգիչներից օգտվելու հնարավորությունից զրկվելն էր: Թերթերը հարց էին բարձրացնում, որ բանկերը պետք է վարկեր տրամադրեին տուժած բնակավայրերին, մինչեւ համայնքը կփոխհատուցեր վնասը: Մամուլը նաեւ փորձում էր ժողովրդի ոգին բարձրացնելու համար ստեղծված իրավիճակին հումորով նայել: Օրինակ, խորհուրդներ էին տալիս, թե ինչ պետք է անել, եթե սառնարաններում հալչում է պաղպաղակը կամ փչանում սնունդը: Իհարկե, ամերիկացիները կարող էին իրենց հատուկ հումորով մոտենալ այս ամենին: Նույնիսկ հրաժարվել նահանգային իշխանությունների պարտադրանքից՝ «էվակուացնել անլույս մնացած բնակիչներին»: Որովհետեւ գիտեին, որ այդ իրավիճակը տարիներ կամ ամիսներ չէր տեւելու, ինչպես Հայաստանում էր: Այդ էր պատճառը, որ այդտեղ ապրող հատուկենտ նախկին հայաստանցիների շրջանում իշխանությունների՝ էվակուացիայի կոչերը մինչեւ իսկ ծիծաղ էր առաջացնում: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ Լուսանկարները՝ հեղինակի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել