Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՊԱՐԿԵՇՏ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 15,2003 00:00

ԱՆՊԱՐԿԵՇՏ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ Ակադեմիական ինստիտուտներին պատկանող շենքը պատրաստվում են նվիրաբերել Հայ Առաքելական եկեղեցուն՝ հերթական վեհարանը կառուցելու համար: Կառավարության հերթական նիստերից մեկում ամենայն հավանականությամբ որոշման ուժ կստանա ՀՀ կառավարության՝ «Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն շենք եւ շինություններ հանձնելու մասին» որոշման թիվ 25 նախագիծը: Ըստ դրա, ՀՀ կառավարությունը պետք է որոշի. «Թույլատրել՝ ա/ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային՝ Սայաթ -Նովա պողոտայի եւ Աբովյան փողոցի հատման մասում գտնվող ՀՀ ԳԱԱ լեզվի եւ ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտների շենքը եւ օժանդակ շինությունները (արհեստանոցներ)՝ անհատույց սեփականության իրավունքով որպես նվիրաբերություն հանձնել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն՝ Երեւանում Կաթողիկոսարանի Վեհարան կառուցելու նպատակով: բ/ Երեւանի քաղաքապետին՝ սահմանված կարգով ապահովել համապատասխան փաստաթղթերի ձեւակերպումը»: «Առավոտին» նամակով դիմած՝ Լեզվի ինստիտուտի աշխատակից Լ. Հովհաննիսյանը հարցնում է. «Արդյոք միայն շե՞նքն է նվիրաբերվելու, թե՞ 100-ից ավելի գիտաշխատողներն էլ: Սպասելի է վերջինս, որովհետեւ հարազատ կառավարությունը գիտե, որ գիտության դոկտորը ստանում է 14-16 հազար դրամ աշխատավարձ, որը կառավարության հարգելի անդամների ու նրանց զինակից ընկերների ընդմիջման ճաշի գումարից էլ քիչ է: Կառավարությունը նաեւ տեղյակ է, որ գիտաշխատողները «ըմբռնումով են մոտենում» այդ հարցին՝ հավատալով, որ պետբյուջեում գիտության համար ավելորդ լումա չկա: Շենքի նվիրատվություն-վաճառքը կապված է առաջին հերթին քաղաքի կենտրոնում գտնվելու հետ: Գինը՝ ոչ պետբյուջե մտնող, բարձր է: Այն կարելի է հետագայում դարձնել հյուրանոց, ռեստորան, բաղնիք-ռեստորան, գիշերային ակումբ եւ այլն: Գիտության օջախի՝ այս շենքում գտնվելը իշխանավորներին դուր չի գալիս, եւ շենքի առուծախի գործընթացը նոր չի սկսվել: Մի ժամանակ այն ուզում էին հատկացնել կառավարության հետ առնչվող մի իրավաբանի, այնուհետեւ Երեւանում սեւ կատուների արձաններ դնող ինչ-որ օտար կազմակերպության, դրանից առաջ դատարանին կամ ոստիկանությանը: Վերջիններս կամավոր հրաժարվեցին՝ պատճառաբանելով տեղի անհարմարությունը: Իշխանավորների աչքի փուշ դարձած եւ ախորժաբեր շենքը գիտության օջախ է նախ եւ առաջ իր պատմությամբ: 1943թ. պատերազմի ծանր տարիներին այստեղ է հիմնադրվել Հայկական ակադեմիան, որի առաջին պրեզիդենտներն են եղել ակադեմիկոսներ Օրբելին եւ Վ.Համբարձումյանը: Այս շենքում են եղել ակադեմիայի բոլոր ինստիտուտները: Ինչ վերաբերում է շենքը գիտական օջախից վտարելու ձեւակերպմանը, ապա չենք կարծում, որ դրա նախաձեռնողը Ամենայն Հայոց կաթողիկոսն է: (Բարեբախտաբար, մեր բոլոր կաթողիկոսները գիտության հովանավորներ են եղել): Մեզանում բարեբախտաբար եկեղեցին պետությունից անկախ է, իսկ գիտությունը իր նախարարությամբ կառավարության մի բաղկացուցիչն է: Անհասկանալի մի տրամաբանությամբ կառավարությունն անտեսում է նրանց, որոնց պետք է հովանավորի եւ բարերարությամբ է զբաղվում հովանավորյալի հաշվին»: Նախագծի վերաբերյալ Մայր աթոռի տեսակետը ճշտելու համար դիմեցինք տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանին: Վերջինս մեզ հայտնեց, որ այս կապակցությամբ ասելիք չունի, որովհետեւ այստեղ որեւէ խնդիր չի տեսնում: «Եթե պրոբլեմ տեսնենք, հայտարարությամբ հանդես կգանք»,- ասաց նա: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել