Լրահոս
Օրվա լրահոսը

Կին, որը չի ենթարկվում

Հոկտեմբեր 15,2003 00:00

Կին, որը չի ենթարկվում Մաշտոցի 14 շենքի 4-րդ բնակարանի նոր սեփականատերը եկած օրվանից լարվածության մեջ է պահում հարեւաններին. նրա կարգադրությամբ իր տան 100 քմ մակերեսով փորվում է նկուղային հարկ, ընդ որում, ինչպես հետագայում պարզվեց, առանց թույլտվության եւ շինարարական նորմերը պահպանելու։ Բնակիչների ահազանգով եկած քաղաքապետարանի աշխատակիցները ասել են, որ «բնակարանի տերը մի կին է, որը մեզ չի ենթարկվում»։ «Քսան մեքենա գրունտ են հանել, հատակից երեք մետր խորացել են ներքեւ, քանդել են միջհարկային ծածկի պանելները պահող միջնորմը»,- ներկայացրին խմբագրություն այցելած բնակիչներ Էմին Զավարյանն ու Ռոբերտ Սահակյանը։ Վերջինս մասնագիտությամբ ճարտարապետ է ու լավ է պատկերացնում շենքի հիմքերին սպառնացող վտանգը։ Նրանք պարզել էին (հետագայում դա հաստատվեց վերահսկող մարմնի կողմից), որ 4-րդ բնակարանի տիրուհին չունի «պադվալ փորելու թույլտվություն»։ Բնակիչները դիմել են Երեւանի քաղաքապետարան եւ Կենտրոն թաղապետարան։ Համայնքի կոմունալ բաժնի պետի տեղակալ Ս. Ադամյանը հիասթափեցրել է իր այցելուներին՝ «Դուք չգիտե՞ք, որ մեր ֆունկցիաները շատ երկրորդական են»։ Դա այդպես է։ Նոր քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ելնելով տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքի փոփոխություններից, համայնքներին թողեց միայն շինարարության թույլտվություն տալու ձեւական իրավունքը։ Իսկ վերահսկողական մենաշնորհը տրամադրեց քաղաքապետարանի Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությանը։ Այս ահազանգին վերոհիշյալ վարչությունը արձագանքել է, բնակիչներին հանգստացնելով, թե «թույլ չենք տա, որ շարունակվի»։ Երեկ վարչության պետ Հրաչ Մուրադյանն էլ պատասխանեց. «Ինձ 3-4 օր առաջ զեկուցել են, որ դադարեցվելու են աշխատանքները»։ Հետո կրկին ստուգեց իրավիճակն ու ներկայացրեց «լրամշակված» պատասխան. «Իրոք, կա անհանգստություն, որ հենց մեր տղաները հեռանում են, բանվորներն իրենց գործը շարունակում են, բայց հիմա հսկողության համար ոստիկաններին կդիմենք»։ Պարոն Մուրադյանի վկայությամբ, «կազմել ենք ակտ-արձանագրություն, որը կքննարկվի մեր հանձնաժողովի կողմից ու կկայացվի որոշում»։ Հնարավոր է, որ հանձնաժողովը որոշի պարտադրել «չենթարկվող» տիկնոջը՝ հետլիցք անել տեղափոխած հողն ու կրկին ամրացնել շենքի հիմքերը։ Վարչության պետի ունեցած տեղեկությամբ, «սեփականատիրուհին ոչ թե չի ենթարկվում, այլ՝ չի պատկերացնում, որ իր գնած 100 քմ տարածքից զատ այլ տարածք իրենը չէ, ոչ՝ դեպի վեր, ոչ էլ՝ դեպի վար, որովհետեւ մեզ ասում է, թե իմ տունն է, ուրեմն իմ տան տակի նկուղն էլ իմն է, ի՞նչ թուղթ եք ուզում, որ հանեմ»։ Երեկ վերահսկողության վարչության պետի հետ հեռախոսազրույցից մի քանի րոպե անց կրկին զանգեցին Մաշտոցի 14-ից՝ «Էլի մեքենան հող են բարձում, էլի գործը շարունակում են»։ Գուցե Հրաչ Մուրադյանի տղաները կրկին լքեցին իրենց պոստը։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել