Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞ՐԲ ԿԳԱ ԱՅԴ ՕՐԸ

Հոկտեմբեր 15,2003 00:00

Ե՞ՐԲ ԿԳԱ ԱՅԴ ՕՐԸ Երբ մենք կօգնենք ընտանիքներից «աքսորված» երեխաներին «Հատուկ կրթական հաստատությունում տեղավորված երկու երեխայի համար պետությունը ամսական ծախսում է 100 հազար դրամ եւ այդ գումարը չի բավարարում նրանց պահանջներին այս իրավիճակում: Մինչդեռ եթե պետությունը նրանց մայրերին ամսական 30 հազար դրամ հատկացներ, որը կլրացվեր պատահական վաստակով, ապա մայրը հնարավորություն կունենար հոգալ իր ընտանիքի կարիքները» եւ երեխաներին չէր ուղարկի հատուկ կրթական հաստատություն: Այս նկատառում-առաջարկն ընդգրկված է «Բժիշկներ առանց սահմանների» (ԲԱՍ) կազմակերպության Հայաստանյան առաքելության «Դժվար իրավիճակներում գտնվող երեխաները Հայաստանում» գիտաժողովի նյութերում: Հիշեցնենք, որ գիտաժողովը եւ, այսպես կոչված, Հաղորդակցության շաբաթն անցկացվեցին երկու շաբաթ առաջ եւ նպատակն էր տեղի պետական եւ հասարակական մարմինների ուշադրությունը հրավիրել դժվար իրավիճակներում հայտնված (ավելի պարզ ասած՝ ընտանիքից կտրված՝ «Նուբարաշեն» եւ «Վարդաշեն» կրթական հաստատություններում ապրող) երեխաների հիմնախնդիրների վրա: «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության Հայաստանյան առաքելության ղեկավար Սամուել Անրիոնին խնդրեցինք պարզաբանել, թե արդյոք հաջողվե՞ց հասնել իրենց նպատակներին: Նա ասաց, որ շաբաթը հաջողված էր՝ կարճաժամկետ արդյունքների իմաստով: Ըստ նրա, դրանք ակնհայտ էին թե գիտաժողովի ժամանակ, թե փողոցի միջոցառումների ժամանակ մարդկանց հետ շփվելիս: Այսինքն՝ «ունենք պրոբլեմի նկատմամբ ավելի զգայունացված, դրանով ավելի հետաքրքրված ՀԿ-ներ, նախարարություններ: Սակայն չեմ կարող ասել, որ դա բավարար է»,- ասաց ԲԱՍ-ի հայաստանյան ղեկավարը: Ըստ նրա, գերատեսչությունները հետաքրքրություն ցուցաբերեցին այս հարցում: Սակայն իրենք սպասում են, որ «նրանք անցնեն գործողությունների»: Մեր հարցին, թե կոնկրետ համաձայնություն եղե՞լ է գերատեսչությունների հետ, պրն Անրիոնը պատասխանեց. «Այսօր դեռ ոչ: Այս պահին այդ գործընթացի մեջ ենք, աշխատում ենք, որ ստեղծվի հատուկ հանձնաժողով»: Դեռ որոշված չէ, թե այդ հանձնաժողովն ինչ կարգավիճակ եւ մանդատ պիտի ունենա: Հայտնի է, որ դրանում կընդգրկվեն եւ տեղական, եւ միջազգային ՀԿ-ների եւ նախարարությունների ներկայացուցիչներ: Ս. Անրիոնը գտնում է, որ նախարարությունները պետք է այդ երեխաների համար որոշակի պարտավորություն ստանձնեն: Գիտաժողովի փաստաթղթերում կարդում ենք, որ անհրաժեշտություն կա հատուկ հաստատությունները փոխարինել երեխաների ընդունման կենտրոններով: Սակայն ԲԱՍ-ն առաջարկում է, որ դրանք լինեն ոչ թե Կրթության, այլ Սոցիալական ապահովության նախարարության ենթակայության տակ: Ի դեպ, լուրջ խնդիր է որեւէ տեղ չգրանցված անապահով ընտանիքների հարցը, քանի որ այդ դեպքում նրանք զրկվում են ընտանեկան նպաստ ստանալու հնարավորությունից, թեեւ ակնհայտորեն դրա կարիքն ունեն: Այս մասին վեց հասարակական կազմակերպություններ, այդ թվում նաեւ՝ ԲԱՍ-ը, 2002-ի դեկտեմբերին գրել են ՀՀ վարչապետին՝ առաջարկելով «նշված հիմնահարցը իրավական եւ սոցիալական պատշաճ մակարդակով լուծելու նպատակով այս կարգի ընտանիքներին գրանցման հնարավորություն ընձեռել ներքին գործերի համապատասխան մարմիններում, թաղապետարաններում կամ շահագրգիռ նախարարությունների կողմից ստեղծված մարդասիրական կազմակերպություններում»: Ս. Անրիոնը կարծում է, որ այլ ՀԿ-ների կողմից էլ կլինեն առաջարկություններ, որ այդ երեխաները տեղավորվեն ոչ թե հատուկ հաստատություններում, այլ մնան ընտանիքում: Նշենք, որ ԲԱՍ-ի որոշ առաջարկություններ, թեեւ խիստ ողջունելի, սակայն բավական անիրատեսական են: Ինչպես, օրինակ՝ խիստ աղքատ ընտանիքների երեխաներին մանկապարտեզի վարձից ազատում, ընտանեկան նպաստների ծավալի ավելացում: ԲԱՍ-ի մեծագույն ցանկությունը փաստաթղթում ձեւակերպված է այսպես. «Կգա մի օր, երբ հայերը, քաղաքացիական հասարակությունը եւ իշխանությունները ստիպված են լինելու իրենց հոգածության տակ վերցնել սոցիալական խիստ անկայուն իրավիճակում գտնվող երեխաներին»: Վերջնական արդյունքները կամփոփվեն եկող տարվա հունիսին՝ ԲԱՍ-ի հրաժեշտի ասուլիսում: Իսկ ընդհանրապես, ըստ պրն Անրիոնի, «կարող ենք ասել, որ հասանք մեր նպատակներին եւ հաջողություն ունեցանք, եթե բարելավվի երեխաների վիճակը»: ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել