Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՀԱՄՈԶԻՉ ՄԵՐԺՈՒՄ

Հոկտեմբեր 15,2003 00:00

ԱՆՀԱՄՈԶԻՉ ՄԵՐԺՈՒՄ Դատարանը մերժեց տուժող ճանաչել այն լրագրողներին, որոնք 1999-ի հոկտեմբերի 27-ին կատարված բոլոր սպանությունների ժամանակ ներկա էին եղել ԱԺ նիստերի դահլիճում: Այս որոշումը խնդրեցինք մեկնաբանել «Հայուհի» ծրագրի նախկին հեղինակ, այժմ ՀԺԿ լրատվության պատասխանատու Ռուզան Խաչատրյանին, որն իրեն տուժող ճանաչելու խնդրանքով դատարանին դիմած լրագրողներից մեկն է: «Ինձ համար անակնկալ չէր, որ մերժելու են մեր դիմումը: Դատավարության վերջին ամիսների ընթացքը հուշում էր, որ մեզ պետք է մերժեին: Մեզ նաեւ որպես վկա կրճատեցին, քանի որ պարզապես չէին ցանկանում լսել այն, ինչ պետք է ասեինք»,- ասաց Ռուզան Խաչատրյանը: Նշենք, որ նախկինում զինդատախազությունը ներկայացնող մեղադրողներն իրենք էին դատարանում վստահություն հայտնել, թե դեպքին ականատես լրագրողներն անպայման կներկայացնեն նման միջնորդություն, իսկ այժմ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Կորյուն Փիլոյանը հայտարարեց, թե հանցագործությունն ուղղված է եղել միայն ԱԺ-ի եւ կառավարության դեմ եւ լրագրողներին չէին պատրաստվում ազատությունից զրկել, թույլ էին տվել դահլիճից դուրս գալ եւ այլն: Այս եւ դատարանում հնչած մյուս պատճառաբանությունների մասին Ռուզան Խաչատրյանն ասաց. «Անձամբ ես տուժող ճանաչվելու խնդրանքով դիմեցի դատարանին միայն այն բանից հետո, երբ մերժեցին լսել մեր վկայությունները: Այսինքն՝ ես բնականաբար չէի պատրաստվում քաղհայցով, ինչպես ենթադրություն հայտնեցին մեղադրողները, դիմել դատարան եւ ներկայացնել որեւէ պահանջ: Ցանկանում էի տուժող ճանաչվել, որ կարողանամ հանդես գալ դատարանում իմ վկայություններով: Պատճառաբանությունները, որոնցով մերժվեցին մեր դիմումները՝ բացարձակ համոզիչ չէին: Նախ՝ որտեղի՞ց նրանք գիտեին, թե հատկապես ում սպանելու նպատակով էին ԱԺ եկել ահաբեկիչները: Շա՜տ հետաքրքիր պատճառաբանություն է. հանցագործները պնդում են, թե իրենք նպատակ չունեին սպանել Կարեն Դեմիրճյանին եւ մի քանի այլ զոհերի՝ հարց է ծագում, թե ինչո՞ւ է դատարանն անհավանական համարում, որ լրագրողներն էլ կարող էին դառնալ զոհ: Էլ չեմ ասում, որ դահլիճում այդ պահին իրավիճակն այնպիսին էր, որ ցանկացած մեկը կարող էր սպանվել կամ վիրավորվել՝ եթե հանցագործները նույնիսկ չունեին այդպիսի նպատակ: Այն, որ մեզ դուրս թողեցին՝ էլի փաստարկ չէ, քանի որ բազմաթիվ պատգամավորների եւս անարգել դուրս են թողել դահլիճից, հետո նորից ներս թողել, նրանք ազատորեն ներսուդուրս են արել, բայց ճանաչվել տուժող»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել