«Հակաժողովրդական իշխանություն» եւ «պետության խորհրդանիշ» Դիալեկտիկան, ինչպես ուսուցանում էր Վ. Ի. Լենինը, հակասությունների միասնությունն ու պայքարն է Ինչպես արդեն հայտնել ենք, շաբաթ օրը կայացած համագումարում Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցությունը, «Կոմունիստների միությունը» եւ Ինտելեկտուալների կուսակցությունները միավորվեցին՝ Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցություն (ՀՄԿԿ) անվամբ։ Միավորման անհրաժեշտությունը, նորացված կոմունիստները պատճառաբանում են ավանդական ձեւով՝ «Սոցիալական ծանր վիճակում գտնվող մեր հանրապետության ճնշող մեծամասնությունը խորապես դժգոհ է երկրի իշխանությունների վարած հակաժողովրդական քաղաքականությունից»։ Ուստի, միավորվում են նպատակ դնելով՝ «ծառայողի ու մտավորականի համար կենսախնդիր է նախկին հասարակարգի վերականգնումը»։ Միավորված կոմունիստների համանախագահության (անցումային շրջանում այսպիսին է լինելու ղեկավար մարմինը) անդամ Հրանտ Ոսկանյանը չի համարում, որ սոցիալիստական գաղափարախոսությունն իրեն սպառել է։ «Մարդկությունը սոցիալիզմից ավելի հրապուրիչ դեռ ոչինչ չի ստեղծել,- գտնում է ընկեր Ոսկանյանը,- կապիտալիստական երկրները, որպեսզի գրավեն մարդկանց համակրանքը՝ սոցիալիզմի էլեմենտներ են կիրառում»։ Ուստի՝ «ուզում են, թե չեն ուզում՝ սոցիալիզմը հաղթելու է»- համոզված է Հ. Ոսկանյանը։ Միաժամանակ, հեղափոխությունը, կոմունիստական երբեմնի ղեկավարի կարծիքով, երիտասարդների գործ է։ Ու քանի որ ըստ պրն Ոսկանյանի, կուսակցական էլիտայի զավակները կոմունիստներ են՝ ենթադրելի է, որ այսպիսով նաեւ զավակների համար գործունեության հող են նախապատրաստում։ Իսկ որ ժողովուրդը կգնա իրենց ետեւից, պրն Ոսկանյանին հույս է տալիս այն, որ՝ «մեր ժողովուրդը հնարավորություն ունեցավ համեմատելու անցյալն ու ներկան»։ Դիտարկումը, որ նույնիսկ նույն գաղափարախոսությամբ կուսակցությունները (ՀԿԿ-ն, առաջադիմական կոմունիստները) չեն միանում իրենց՝ Հրանտ Ոսկանյանը պատասխանեց, որ «սա առաջին քայլն է եւ շարքային կոմունիստները կստիպեն նրանց միավորվել»։ Նաեւ՝ «տեսական հարցերում հակասություններ չկան։ Սոսկ անձնական ամբիցիաներ են։ Չնայած, եթե այդ մարդիկ անկատարության կոմպլեքսով չեն տառապում, ինչո՞ւ չեն մտածում, որ միանալուց հետո իրենց կընտրենք առաջին քարտուղար»։ Միավորված կոմունիստների մեկ այլ առաջնորդ՝ Յուրա Մանուկյանը, դիմում է ժողովրդին՝ «Երբեք դուք հարուստ չեք լինելու, այ խեղճ ու կրակ ժողովուրդ։ Միեւնույն է, ձեզ շահագործելու են ու ձեր գիտակցական կյանքում դուք բարեկեցիկ կյանք չեք ունենա։ Եկեք համախմբվեք կոմկուսի շուրջը, նորից սոցիալիզմի ճանապարհը բռնենք, որպեսզի փրկվեն գոնե ձեր զավակները»։ Ընկեր Յուրա Մանուկյանը «բոլորիս վնասն ու ամոթն է» համարում այն փաստը, որ կոմունիստները պառլամենտում չկան՝ «կապ չունի Պողոսը կլիներ, թե՝ Պետրոսը»։ Մենք պետք է պայքարենք դա վերացնելու համար։ Եթե ՀՆԿԿ-ն ԱԺ-ում լիներ, ես նորից կկանգնեի այս միավորման ձեռնարկի գլուխ»,- հավաստիացրեց արդեն Միավորված կոմունիստը։ Ինչ վերաբերում է ընտրական շրջանում նախագահի կողքին հայտնվելուն՝ «կանցնի ժամանակ եւ բոլորը կիմանան, թե ինչքան խորն է մեր պաշտպանելու իմաստը՝ դա մեր երկիրն է, պետությունն է, սիմվոլն է»,- «հակաժողովրդական իշխանության» ղեկավարին գովերգեց նորացված կոմունիստը։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ