Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐ ՄՅՈՒՍՆԵՐԻՆ ԴԱՍ ԼԻՆԻ

Հոկտեմբեր 15,2003 00:00

ՈՐ ՄՅՈՒՍՆԵՐԻՆ ԴԱՍ ԼԻՆԻ Ըստ իրավապաշտպան Վարդան Հարությունյանի՝ այս նպատակին են ծառայում ե՛ւ «Ա1+»-ի, ե՛ւ ընդդիմադիր գործիչների ներկայացուցիչ փաստաբանների դեմ իշխանությունների ձեռնարկած քայլերը: «Առաջին հայացքից թվում էր, թե ընտրություններից հետո «Ա1+»-ին հնարավորություն կտրվի վերադառնալ եթեր,- ասաց Վարդան Հարությունյանը:- Ընտրությունները ետեւում են, հաղթանակն՝ ապահովված: Բայց պարզվում է, որ գործող իշխանությունը միայն իշխանությունը պահելու խնդիր չէ, որ հետապնդում է: Նրանք նաեւ խնդիր ունեն թույլ չտալ ազատ խոսքի որեւէ դրսեւորում: Սա միայն քաղաքականություն չէ, սա նաեւ մտածողություն է, մենթալիտետ: Այս մարդիկ իրենց կոմունիստա-կոմսոմոլա-կագեբեական անցյալով չեն կարող այսօր հանդուրժել ազատ խոսք եւ միտք: Անհամատեղելիության խնդիր կա: Դա է պատճառը, որ իրենց այս թվացյալ հաղթանակից հետո էլ չեն կարող (ոչ թե չե՛ն ուզում, այլ չե՛ն կարող) հանդուրժել «Ա1+»-ի վերադարձը: Դա է պատճառը, որ եթերը լցված է միակողմանի, իշխանահաճո, շողոքորթող ու ստրկամիտ մեկնաբանություններով ու լրատվությամբ: Գործող իշխանությունները, պարզվում է, նույնիսկ ձեւ անելու, ժողովրդավար խաղալու, խաբելու խնդիր չունեն: Նրանք չեն թաքցնում եւ վարագուրում իրենց գործողությունները՝ լինի դա ընտրախախտումներ, ազատ խոսքի ոտնահարումներ, քրգործեր սարքել կամ որեւէ այլ բան՝ ամեն ինչ արվում է բաց եւ անթաքույց»: Մեր դիտարկմանը, թե ընտրություններից հետո հեռուստաընկերությունները փոքր-ինչ ընդլայնեցին ազատության իրենց սահմանները եւ առանձին ալիքներ անգամ եթեր են տրամադրում ընդդիմությանը՝ փորձելով հերքել այն պնդումը, թե միայն «Ա1+»-ն էր ազատ ամբիոն՝ պրն Հարությունյանն այսպես արձագանքեց. «Եթե գործող հեռուստաընկերություններն այսօր եթեր են հրավիրում որեւէ մեկին, որը հանդես է գալիս ընդիմության դիրքերից՝ դեռ չի նշանակում, թե դրանով ապահովվում է Հայաստանում խոսքի ազատությունը կամ քաղաքական դաշտի բազմերանգությունը: Եթե ուշադիր հետեւեք եթերային այդ հյուրընկալումներին՝ կհամոզվեք, որ հիմնականում հնչում են նո՛ւյն թեմաները, նո՛ւյն ելակետերից»: Մեր զրույցի ընթացքում Վարդան Հարությունյանն առարկեց հաստատված իրողության դեմ, երբ եթերում տիրող վիճակի եւ անկախ հեռուստաալիքներին եթերազրկելու առնչությամբ բոլոր մեղադրանքներն ուղղվում են մի «թիրախի»՝ ՀՌԱՀ-ին եւ նրա ղեկավարին. «Չեմ կարծում, թե Գրիգոր Ամալյանն «Ա1+»-ը փակելու կամ այդ հեռուստաընկերության եթեր վերադառնալու հիմնական խոչընդոտն է: «Ա1+»-ը փակելու քաղաքական որոշումը կայացրել է քաղաքական բարձրագույն իշխանությունը: Հեռուստատեսության եւ ռադիոյի այս հանձնաժողովն ուղղակի այն գործիքն է, որի օգնությամբ են ի կատար ածվում քաղաքական որոշումները: Սրանք միայն կամակատարներն են եւ բողոքի գլխավոր սլաքը նրանց կամ նրանցից որեւէ մեկի դեմ ուղղելով՝ հարվածը հեռացնում ենք իսկական պատասխանատուներից: Այլ է կամակատարների՝ պատվեր կատարողների, գործ սարքողների խնդիրը: Գործող իշխանությունների պատվերը կատարելիս նրանք մոռանում են վաղվա մասին եւ այնքան հեռուն գնում իրենց նվիրվածության մեջ, որ կույր գործիք դառնալով՝ զրկում են իրենց ապագայից: Նրանք մեր երկրում այս իշխանություններից հետո ապրելու խնդիր ունեն: Ես վստահ եմ, որ մեր երկրում ամեն ինչ զուլալվելու է եւ սրիկաներն իրենց տեղն են ունենալու՝ այն տեղը, որ վերապահված է նրանց բոլոր նորմալ հասարակություններում: Դա շատ շուտ է լինելու: Եվ նրանք կունենան նորմալ հասարակությունում հպարտ ապրելու իրավունք չունենալու խնդիր»: Եթե նկատեցիք՝ Վարդան Հարությունյանի այս խոսքն ուղղված էր ոչ միայն ՀՌԱՀ անդամներին, այլ նաեւ այլ կառույցներում առկա ծառայամիտներին, որոնց գործունեության մի դրսեւորում էլ գնահատեց փաստաբան Հովիկ Արսենյանի նկատմամբ հետապնդումները. «Դրանք ուղղված են փաստաբանական ինստիտուտի դեմ. յուրաքանչյուր փաստաբան այս դեպքից հետո ստիպված է լինելու մտածել՝ ստանձնե՞մ այս կամ այն գործը, որն ունի քաղաքական ենթատեքստ: Ճիշտ այնպես, ինչպես «Ա1+»-ի հետ կատարվածն ուղղված չէ միայն այդ հեռուստաընկերության դեմ: Յուրաքանչյուր լրատվամիջոց այս օրինակի կապակցությամբ մտածելու բան ունի»: Նշեցինք սակայն, որ որքան էլ դրվատելի լինի որպես փաստաբան Հովիկ Արսենյանի գործունեությունը՝ փաստ է, որ քննիչ աշխատած ժամանակ նրան մեղադրել են կաշառակերության մեջ: «Նրան դատապարտել են իշխանազանցության համար եւ նա արդեն կրել է իր պատիժը,- ուղղեց Վարդան Հարությունյանը:- Եվ որ ամենակարեւորն է՝ բոլորովին նորություն չէ, որ մեր իրավապահ մարմիններում ցանկացած մեկին (ներառյալ այն մարդկանց, ովքեր այսօր քննում են Հովիկ Արսենյանի գործը) կարելի է այդ կարգի մեղադրանքներ ներկայացնել եւ դրանք, ամենայն հավանականությամբ, կհամապատասխանեն իրականությանը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել