Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային ճանաչում է ձեռք բերում

Հոկտեմբեր 14,2003 00:00

Միջազգային ճանաչում է ձեռք բերում «Դինամո» մարզադահլիճում անցկացվեց օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի եռակի գավաթակիր, Ստեփան Սարգսյանի մրցանակների 8-րդ խաղարկությունը։ Երեք օր տեւած պայքարից հետո ըստ քաշային կարգերի հաղթողներ դարձան. 55 կգ՝ Մարտին Բերբերյան (Հայաստան), 60 կգ՝ Եվգենի Խավելով (Ուկրաինա), 66 կգ՝ Էլբրուս Տեդեեւ (Ուկրաինա), 74 կգ՝ Գարսեւան Վարդանյան (Հայաստան), 84 կգ՝ Մամեդ Աղաեւ (Հայաստան), 96 կգ՝ Թեյմուրազ Տիգեեւ (Ռուսաստան), 120 կգ՝ Վադիմ Տասոեւ (Ուկրաինա)։ Ուրախալի է, որ Ստեփան Սարգսյանի մրցանակների խաղարկությունը տարեցտարի ավելի մեծ հեղինակություն է վայելում ու դրան մասնակցելու կամ ներկա գտնվելու ցանկություն են ունենում մարզաձեւի՝ առաջին մեծության համաշխարհային աստղեր։ Մասնավորապես, մրցաշարին այս անգամ ներկա էին Ռուսաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ, Բարսելոնի օլիմպիական խաղերի չեմպիոն, մեր հայրենակից Մնացական Իսկանդարյանը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալաքյանը, Ռուսաստանից՝ օլիմպիական խաղերի եւ աշխարհի 5-ակի չեմպիոն Բուվայսար Սայտիեւը, օլիմպիական խաղերի մրցանակակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մագա Իբրահիմովը։ Իսկ մասնակիցների թվում էին աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Էլբրուս Տեդեեւը, օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Վադիմ Տասոեւը եւ հանրաճանաչ այլ մարզիկներ։ Սրանք անուններ են, որոնց միայն թվարկումը կզարդարեր աշխարհի ցանկացած առաջնություն։ Մրցաշարն անցավ կազմակերպված ու բարձր մակարդակով եւ բոլորի համոզմամբ՝ այնպես, ինչպես վայել է միջազգային բարձրակարգ մրցումներին։ Հաղթողներին, մրցանակակիրներին ու նրանց մարզիչներին, գավաթներից ու մեդալներից բացի, տրվեցին դրամական խոշոր պարգեւներ։ Իսկ «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ հայաստանցի լավագույն մասնակցի համար սահմանած մրցանակի՝ մեքենայի բանալին հանձնվեց վերջերս Նյու Յորքում օլիմպիական ուղեգիր նվաճած Մամեդ Աղաեւին։ Մրցումների ավարտին զրուցեցինք մարզական այս տոնահանդեսի գլխավոր գործող անձի՝ Ստեփան Սարգսյանի հետ։ – Մրցաշարն ավարտվեց։ Ինչպիսի՞ տպավորություն ունեք։ – Այն անցավ կազմակերպված ու բարձր մակարդակով։ Մասնակցությունից ու արդյունքներից, բնականաբար, գոհ եմ։ – Նախաձեռնելով այս միջոցառումը, ի՞նչ նպատակներ եք ունեցել։ – Աջակցել Հայաստանում ըմբշամարտի զարգացմանը։ Ուզում եմ պատանիներն ու երիտասարդներն էլ իմանան, որ սպորտը յուրօրինակ կյանք է, որտեղ կա պայքար, ազնիվ պայքար։ Որ սպորտն օգնում է մարդուն ճանաչել ինքն իրեն ու հավատալ սեփական ուժերին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ու արտերկրի իմ ընկերներին, առանց որոնց աջակցության մրցումներն այսքան լավ չէին անցնի։ Հիմա Հայաստանի մարզիկները միջազգային մրցումների մեկնելու այնքան էլ մեծ հնարավորություններ չունեն։ Այս առումով, անվանի ըմբիշներին այստեղ բերելը կարեւոր ու արդյունավետ եմ համարում։ Հայ երիտասարդ ըմբիշը, գոտեմարտելով աշխարհի չեմպիոնի հետ, նրանից շատ բան կյուրացնի։ Սա մրցափորձ է, առանց որի՝ մեծ նվաճումներ չեն լինի։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել