ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ ՉԱՐԴԱՐԱՑԱՆ Ֆուտբոլի Եվրոպայի 2004թ. ընտրական մրցաշարի եզրափակիչ խաղում Հայաստանի ազգային հավաքականը «Հանրապետական» ստադիոնում 0։4 խոշոր հաշվով զիջեց Իսպանիային։ Որ ՖԻՖԱ-ի դասակարգմամբ աշխարհում 3-րդ թիմը հաղթելու անհամեմատ ավելի շատ հնարավորություն ուներ, ներքուստ համոզված էին գրեթե բոլորը։ Բայց որ կգրանցվի 0։4 հաշիվ, քչերն էին սպասում։ Մանավանդ որ հավաքականների առաջին հանդիպման ժամանակ մեր թիմը մրցակցի դաշտում վատ տպավորություն չէր թողել։ Բայց, ինչպես ցույց տվեց հանդիպման ողջ ընթացքը, մենք դեռեւս խաղային բազմաթիվ որակներով զիջում ենք այդ կարգի թիմերին ու առայժմ պետք է երազենք թեկուզ ոչ-ոքի անելու մասին։ Առաջին բանը, որ աչքի զարնեց Հայաստան-Իսպանիա խաղում, մեր տղաների ֆիզիկական անբավարար պատրաստվածությունն էր։ Դա հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում շեշտեց նաեւ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ինյակի Սաեսը։ Չնայած լավ խաղ ցուցադրելու ձգտմանը, նրանց գործողություններում պակասում էին արագ ու անընդհատ տեղաշարժերը։ Խաղային օղակները չէին հասցնում ներդաշնակ համագործակցել թե պաշտպանվելիս, թե գրոհներ կազմակերպելիս։ Իսկ այդպիսի թերություններից իսպանացիները, ինչպես ապացուցեցին, հրաշալի օգտվել գիտեն։ Խաղից առաջ բազմիցս հայտարարվել էր, թե մեր հավաքականը, որ «Եվրո 2004»-ի եզրափակիչ փուլի ոչ մի շանս չունի, բայց նաեւ խմբում ապահովել է 4-րդ տեղը, ինչ-որ չափով զերծ է պատասխանատվության ճնշող զգացումից։ Հետեւաբար, գործելու է ազատ ու անկաշկանդ, ձգտելու է ցուցադրել իր իսկական խաղը։ Բայց դա էլ չստացվեց։ Անբացատրելիորեն մեծ տոկոս էր կազմում հատկապես փոխանցումներում խոտանը, նույնիսկ փորձառու լեգեոներականները չարաշահում էին անհատական խաղը, որի արդյունքում, որպես կանոն, գնդակը հեշտությամբ անցնում էր մրցակցին, գրոհները ձախողվում էին կամ հենց սկզբում, կամ էլ միջնամասում։ Մեր դիտարկմամբ, այդ օրը հայ ֆուտբոլիստները չկարողացան առավելագույն չափով օգտագործել Ալբերտ Սարգսյանին, որի խաղը համեմատաբար ավելի լավ էր ստացվում Արթուր Պետրոսյանի բացակայությամբ, որը հաջող է հանդես գալիս հատկապես իսպանացիների դեմ։ Մեր թիմում առայժմ բացակայում է կայուն խաղը, որը իսկական, իրոք, բարձրակարգ կոլեկտիվի բնութագրականն է։ Ու դրա համար էլ պաշտպանությունում թույլ տրված առաջին իսկ սխալից պատժվում ենք, իսկ հարձակումում չենք կարողանում օգտվել մրցակցի դարպասը գրավելու շատ կամ քիչ հնարավորություններից։ Ու մի բան էլ, որը մեր դժբախտությունների գլխավոր պատճառներից է. ֆուտբոլիստները խաղադաշտ են մտնում պայքարելու տրամադրությամբ, բայց հենց գոլ են բաց թողնում, ընկճվում են, թեւաթափ լինում, փոխանակ ավելի կազմակերպվեն, չարանան ու դառնան ավելի նպատակասլաց։ Սա, գուցե, հոգեբանական խնդիր է, որը լուծելու ինչ-որ ձեւ անպայման պետք է գտնվի։ Խաղից հետո ասուլիսի ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միհայ Ստոյկիցան առանձնապես ասելիք չուներ։ Նա էլ, ասես, անակնկալի էր եկել։ «0։4 հաշվով պարտվելուց հետո առանձնապես ասելու բան չկա,- ասաց նա լրագրողներին։- Մենք դաշտ մտանք վստահությամբ, որ կարող ենք ոչ-ոքի խաղալ։ Թիմերի տարբերությունը ֆուտբոլիստների արագությունն էր եւ մեր պաշտպանության մի քանի սխալները, որոնք այդ հաշվի առիթ դարձան։ Փորձում էինք խաղի ռիթմն արագացնել։ Ինչ-որ գրոհներ՝ ստացվեցին։ Գոլ խփելու մի քանի հնարավորություններ կորցրինք։ 0։1-ի ժամանակ, եթե Քարամյանը գրավեր դարպասը։ Հիմա արդեն կարեւոր չէ, թե ինչ եղավ։ Մեզ պետք է ավելի հավաքված լինել, ավելի լուրջ… Ես չեմ կարող ֆուտբոլիստների ֆիզիկականը մեկ շաբաթում հասցնել անհրաժեշտ մակարդակի։ Դա իմ անելիքը չէ»։ Վերջում Ստոյկիցան հայտարարեց, թե ինքը մտադիր էր հրաժարական տալ, բայց պետք չէ։ «Իմ երկրում 0։4 հաշվով պարտվելու դեպքում պետք է մտածել հրաժարականի մասին,- ասաց նա։- Եթե հիշենք անցած ամիսների իմ աշխատանքը, դրականն ավելի շատ է եղել»։ Այնուհետեւ եկավ Ինյակի Սաեսը։ Նա, հասկանալի է, ավելի վստահ էր, բայց նաեւ ինչ-որ չափով անտրամադիր, որովհետեւ իր թիմը 6-րդ խմբում վերջնահաշվարկով գրավել է 2-րդ տեղը (Հունաստանը նույն օրը 1։0 հաշվով հաղթեց Հյուսիսային Իռլանդիային եւ նվաճեց «Եվրո-2004»-ի եզրափակիչ ուղեգիր) եւ հարկադրված է դեռ Պորտուգալիա մեկնելու համար պայքարել «Փլեյ-օֆֆ»-ում։ – Այսօր Իսպանիայի հավաքականը զորավոր է Հայաստանի թիմից,- ասաց նա։- Իմ տղաները հանգիստ էին, մանավանդ որ առաջին գոլը արագ ծնվեց։ Ձեր թիմը երկրորդ խաղակեսում ավելի լավ խաղաց եւ հաշիվը հավասարեցնելուն շատ մոտ էր։ «Առավոտը» հետաքրքրվեց, թե Սաեսը, հ ամեմատելով Հայաստանի հավաքականի՝ Իսպանիայում եւ այստեղ ցուցադրած խաղերը, ո՞րն է ավելի հաջող համարում։ «Լեոնում ցուցադրածը, հատկապես՝ առաջին խաղակեսում,- պատասխանեց Սաեսը։- Ես նայել ու համեմատել եմ ձեր թիմի մյուս բոլոր խաղերի տեսաերիզները։ Իսպանիայում Հայաստանի հավաքականը լավագույնն էր։ Ես ասել եմ ու հիմա էլ կրկնում եմ. Հայաստանում ֆուտբոլը զարգացման ճիշտ ուղի է բռնել։ Միայն թե խաղացողները պետք է ավելի զորանան, փորձառություն ձեռք բերեն։ Հարկավոր է բարձրացնել խաղացողների ֆիզիկական պատրաստվածությունը։ Անհրաժեշտ է նաեւ, որպեսզի լավ խաղադաշտեր շատ ունենաք։ Բայց որ Հայաստանը ֆուտբոլային ճիշտ ճանապարհի վրա է, համոզված եմ»։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ