Պատվիրատուին պետք է դաստիարակել Անցած շաբաթ Երեւանում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների մայրաքաղաքների գլխավոր ճարտարապետների խորհրդի հոբելյանական տասներորդ նիստը: Խորհուրդը ղեկավարում էր Մոսկվայի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Կուզմինը։ Երեւանում էին նաեւ Աստանայի, Թբիլիսիի, Մինսկի, Բիշկեկի, Սանկտ-Պետերբուրգի գլխավոր ճարտարապետները, «Մոսկվայի ճարտպետկոմի» ներկայացուցիչներ, Մոսկվա քաղաքի գլխավոր նկարիչը, Ճարտարապետների միության միջազգային ասոցիացիայի պատասխանատու քարտուղարը եւ այլք։ Հանդիպման առաջին օրը բոլոր գլխավոր ճարտարապետները ներկայացնում էին իրենց մայրաքաղաքների գլխավոր հատակագծերի հետ կապված խնդիրները եւ քաղաքաշինական այլ հարցեր։ Դրանք գրեթե նույնն էին, տարբերությունները՝ հիմնականում այդ երկրների չափերն ու տնտեսական հնարավորություններն էին։ Երեւանի գլխավոր հատակագիծն, ըստ Նարեկ Սարգսյանի, ավարտուն տեսք կունենա 2004172ին, ամբողջական փորձաքննություն կանցնի 2005-ին՝ եւ գերատեսչական, եւ հասարակական քննարկումների մակարդակով։ Երեւանի գլխավոր ճարտարապետը տեղեկացրեց, որ ըստ գլխավոր հատակագծի՝ կարեւորագույն խնդիրն է տրանսպորտը, այսինքն՝ խոշոր մայրուղային եւ շրջանցիկ ճանապարհները։ Առկախ է մնում նաեւ բնապահպանական հարցերի համալիր լուծումը՝ նոր այգիների, անտառների ստեղծումը։ Քաղաքը զարգանալու է դեպի ներս՝ իր ռեսուրսների հաշվին, որոնք են պահուստային, գյուղատնտեսական հողերը։ Մասնավոր շինարարության հիմնական շեշտը դրվելու է բազմաբնակարան շենքերի վրա։ ՌԴ պետդումային առընթեր ճարտարապետական եւ քաղաքաշինական հարցերով փորձագիտական խորհրդի անդամ Ելենա Կոսորենկովան մեր զրույցում Երեւանի գլխավոր հատակագծի մասին խոսելով ասաց. «Իհարկե դուք ունեք ձեր յուրահատկությունները, Երեւանի գլխավոր հատակագիծը լավ խտացված սխեմա է՝ մեծ հեռանկարով։ Ձեզ մոտ հողի գները շուտով կհասնեն մոսկովյան գներին, ինչը խոսում է պահանջարկի մասին։ Եվ այսօր, եւ ապագայում շատ անելիքներ ունեք։ Եթե շինկռունկներն աշխատում են, ուրեմն քաղաքը ապրում է, զարգանում է։ Եվ, ինչպես նկատեցինք, ձեզ մոտ խնդիր է քաղաքային տարածքների եւ քաղաքի զարգացման հարցը՝ հաշվի առնելով հողի մասնավոր սեփականության խնդիրը։ Պետք է մշակվի-փոփոխվի օրենսդրությունը։ Թե չէ հողի սեփականատերը եւ քաղաքի զարգացման հարցը կարող են կոնֆլիկտային լուրջ իրավիճակ ստեղծել մոտ ապագայում։ Սեփականատերը, առանց հաշվի առնելու պատմական շինությունները, քաղաքի զարգացման հեռանկաը, կարող է ասել՝ «սա իմ հողակտորն է եւ ինչ կուզեմ-կկառուցեմ, տուն կկառուցեմ»։ Ըստ Ե. Կոսորենկովայի, Մոսկվայում քաղաքաշինական, ճարտարապետական հարցերի համար գոյություն ունեն մի քանի մասնագիտական եւ գերատեսչական մարմիններ։ Ճարտարապետական խորհրդի նախագահն է Մոսկվայի գլխավոր ճարտարապետ Ա. Կուզմինը, Մոսկվայի քաղաքապետարանին կից քաղաքաշինական հասարակական խորհրդի նախագահն է քաղաքապետ Յու. Լուժկովը։ Ե. Կոսորենկովան ասաց, որ մոսկվացիները նույնպես շատ ակտիվ են քաղաքաշինական հարցերում։ Բայց, ինչպես Երեւանում, քաղաքաշինական հարցը հաճախ քաղաքական հարթություն է տեղափոխվում. «Լինում են արդարացի բողոքներ, բայցեւ հաճախ անտեղի ու անհիմն աղմուկ են բարձրացնում։ Վերջերս մի նախաձեռնող խմբի հրահրմամբ Մոսկվայի հեռավոր շրջաններից մեկի բնակիչները աղմուկ էին բարձրացրել, թե քաղաքային իշխանությունները հսկայական կանաչապատ հատված վերացնում են։ Կեղծ ինֆորմացիա էր, ոչ ոք նման բան չէր անում։ Պարզվեց, որ այդ աղմուկի նախաձեռնող խմբի ղեկավարը պատրաստվում է դեպուտատ առաջադրվել եւ իր համար իմիջ էր ստեղծում։ Կամ բողոքում են ինչ-որ նոր նախագծի դեմ, իսկ կառուցապատումից հետո նույն բողոքողները օգտվում են կառուցված օբյեկտից եւ շնորհակալություն հայտնում քաղաքապետին ու գլխավոր ճարտարապետին»։ Երեւանում, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների մայրաքաղաքներում, կարեւորագույն խնդիր է պատվիրատուի հարցը, որոնք առաջնորդվում են «Ով վճարում է՝ նա էլ պատվիրում է երաժշտությունը» մտքով։ Մոսկվայի փորձից ելնելով, Ե. Կոսորենկովան ասաց. «Գեղագիտական առումով պատվիրատուներին պետք է դաստիարակել։ Դա անում են գլխավոր ճարտարապետը, քաղաքաշինական խորհուրդները»։ Խնդիրները նույնն են ամենուր, սակայն տարբեր են դրանց չափերը։ Այս հավաքի կարեւոր առաքելություններից մեկն էլ հենց դա էր՝ քաղաքաշինական-ճարտարապետական խնդիրները, դրանց լուծումները եւ հաղթահարման ձեւերը։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ